Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ԹԵՀՐԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ուրբաթ, 24 մայիս 2024 թւականի առաւօտեան, Թեհրանի Սուրբ Սարգիս Եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ տեղի ունեցաւ յիշատակի արարողութիւն Իրանի Իսլ. Հանրապետութեան Նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի եւ նրան ուղեկցող պատւիրակութեան նահատակութեան առիթով:

Օրւայ առիթով, քարոզեց Հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, ով յանուն Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի վշտակցութիւն յայտնեց Հանրապետութեան նախագահի եւ նրան ընկերակցողների ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհւելու կապակցութեամբ:

Հայր Սուրբը քարոզի սկզբին անդրադառնալով ծառայութեան նահատակներին, յանուն Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի վշտակցութիւն յայտնեց եւ նրանց համար մաղթեց հոգու խաղաղութիւն եւ մխիթարութիւն նահատակների ընտանիքներին։ Նա իր քարոզի ընթացքին Աստծու գթառատութեանն անդրադառնալով, մատնանշեց այն իրողութեան, որ Աստւած մեր վշտերի ընթացքին մեզ հետ վշտակցում եւ մխիթարում ու սփոփում է։

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով՝ օրւայ կրօնական արարողութեանը, ներկայ էին Տեղեկատւութեան, բարձր տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցութեան նախարար Իսա Զարեփուրը եւ պետական բարձրաստիճան հիւրեր: Օրւայ առիթով իր խօսքում, նախարարն իր գնահատանքը յայտնելով կազմակերպւած արարողութեան համար ընդգծեց. «Նահատակւած նախագահը չէր պատկանում հասարակութեան մի յատուկ խաւի, այլեւ նա համայն Իրանի ժողովրդի նախագահն էր»: Նա անդրադարձաւ Հանրնապետութեան նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի անխոնջ աշխատանքներին ու նւիրւածութեանը՝ ընդգծելով, որ նա իր կեանքը նւիրաբերեց յանուն Իրանի վերելքի ու ժողովրդին ծառայութեան: Նախարարն իր ելոյթի ընթացքում դրւատանքով արտայայտւեց զոհւած ԱԳՆ Ամիր Աբդօլլահեանի անմնացորդ աշխատանքների, վարած դրական արտաքին քաղաքականութեան ու նրա մարդկային յատկութիւնների մասին, եւ աղօթեց բոլոր զոհւածների հոգիների խաղաղութեան համար:

Յաւարտ կրօնական արարողութեան, ազգային առաջնորդարանի դահլիճում թեմական առաջնորդի պատգամը ընթերցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Սրբազան Հայրն իր ուղերձում յայտնել էր.-«Սիրելի սգակիր բարեկամներ, այսօր առաւօտեան եկեղեցում աղօթեցինք մեր նահատակների հոգիների խաղաղութեան համար, որպէս մխիթարութիւն մեզ եւ մեր երկրի ժողովրդին։ Ուղղաթիռի արկածին զոհ գացած նախագահը, արտգործոց նախարարը ինչպէս նաեւ շրջանային ղեկավարները միշտ առաջնահերթ կամ առաջնագծերի վրայ էին երկրի պաշտպանութեան համար։ Նախագահը եւ իր գործակիցները իրենց պարտականութեան ճանապարհին եւ առաքելութեան իրագործման ընթացքին նահատակւեցին եւ այնպէս որ Ղուրանը կասէ.-«Մի համարէք Աստծու ճանապարհին սպանւածները՝ մեռեալներ, նրանք կենդանի են եւ Աստծու ողորմածութեան արժանի»:
Աստւածային բոլոր կրօններն ալ միշտ յիշեցուցած են մեզի, որ բոլոր նրանք, ովքեր յանուն խաղաղութեան եւ յանուն իրենց իրաւունքների ձեռքբերման համար պայքարում են յաջողութիւն կը գտնեն եւ կը հասնեն իրենց առաքեկութեան աւարտին։
Այս տխուր առիթով մենք հայ համայնքի անունից մեր խորազգաց ցաւակցութիւններն ենք յայտնում երկրի հոգեւոր ատաջնորդին եւ ողջ ժողովրդին եւ նահատակների ընտանիքներին մէկիկ մէկիկ աղօթելով, որ Աստւած նման փորձանքներէ հեռու պահէ սիրելի Իրանը եւ Իրանի ժողովուրդը։ Աղօթում ենք, որ Աստւած մեր անմեղ նահատակների հոգիները երկնային լոյսի առաջնորդէ եւ իրենց ընտանիքներու անդամներուն պարգեւէ Սուրբ Հոգու մխիթարութիւնը։ Անձամբ բազմիցս առիթ ենք ունեցած հանգուցեալ նախագահի եւ արտգործոց նախարարին հետ հանդիպելու եւ միասին սիրոյ սեղանի շուրջ Աստծու բարիքը վայելելու եւ իրարու հետ ունեցած ենք շահեկան զրոյցներ մեր երկրի եւ մեր ժողովրդին բարօրութեան եւ խաղաղութեան եւ բարւօք ծառայութեան ի խնդիր։
Խաղաղութիւն իրենց հոգիներուն։ Խաղաղութիւն մեր սիրելի Իրանին եւ Իրանցի ժողովրդին»։

Հանդիպմանը իր վշտակցութեան խօսքը փոխանցեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը: Նա իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ Իրանի համայն ժողովուրդը լաւապէս իրազեկ է զոհւած նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիիի կատարած աշխատանքների մասին եւ նրա այցերը երկրի տարբեր շրջաններ ակնդէտ վկան համարեց նրա անմնացորդ ծառայութեան: Ճրտպ. Նորայր Արամեանը ընդգծեց, որ նահատակ նախագահը յատուկ ուշադրութեան էր արժանացնում Իրանի համայն ժողովրդին եւ նախագահութեան առաջին իսկ տարում, ցանկութիւն էր յայտնել հանդիպում ունենալ Իրանում Կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ, եւ այդ հանդիպումը կայացաւ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան համադրութեամբ, ու նախարարի մասնակցութեամբ: Անդրադառնալով նահատակ ԱԳՆ Ամիր Աբդօլլահեանին, Թեմական խորհրդի ատենապետը նաեւ դրւատանքով արտայայտւեց զոհւած նախարարի կողմից կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ ուշադրութեանը եւ ընդգծեց, որ նահատակների յուղարկաւորութեանը Իրանի ժողովրդի միլիոնանոց ներկայութիւնն ապացոյցն էր նրանց անմնացորդ աշխատանքների: Նա իր վշտակցութիւնը յայտնեց Յեղափոխութեան առաջնորդ այաթօլլահ Խամենէիին, Իրանի ժողովրդին եւ նահատակների հարազատներին:

Հանդիպմանը ներկաներին խօսք փոխանցեց Հոզէ Էլմիէի միջազգային կապի պատասխանատու Մոհամադ Սադեղ Ամին Դինը: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց որ նահատակ նախագահը իրապէս համայն ժողովրդի նախագահն էր եւ նրա հանդիպումը կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ դրա վառ ապացոյցը համարեց:

Ելոյթ ունեցաւ նաեւ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխարտանքների, արհմիութիւնների եւ հաւաքականութիւնների գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուրը, ով գնահատեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ազգային իշխանութեան նման նախաձեռնութիւնը, զոհւած նախագահի եւ նրան ընկերակցողների յիշատակին:

Վերջում ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը խորը վշտով անդրադարձաւ Հանրապետութեան նախագահի, ԱԳ նախարարի եւ նրանց ընկերակցողների զոհւելու կապակցութեամբ եւ դրւագներ ներկայացրեց թէ՛ նախագահի հետ իր հանդիպումների, թէ՛ ԱԳ նախարարի հետ Հայաստան եւ այլ երկրներ պետական այցելութիւնների, եւ թէ՛ Արեւելեան Ատրպատական նահանգի նահանգապետի ու ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետի հետ իր հանդիպումների մասին: Իր ելոյթի ընթացքում նա անդրադարձաւ նախագահի միջոցով կոռուպցիայի դէմ պայքարին, երկրի բոլոր շրջաններում ժողովրդի հետ անմիջական հանդիպումներին, եւ նրանց դժւարութիւններին մօտիկից ծանօթանալու եւ դրանք կարգաւորելու հարցով ծաւալած աշխատանքներին ու միջազգային մի շարք պայմանագրերում Իրանի ներգրաւման կարեւոր հանգամանքին: Պատգամաւորը անդրադարձաւ Իրանի Արտգործնախարարի վարած արտաքին քաղաքականութեանը, որի շնորհիւ Իրանն իր հզօր ներկայութիւնն էր վայելում միջազգային բեմերում: Նա վերջում իր վշտակցութիւնը յայտնեց Իսլ. յեղափոխութեան առաջնորդին եւ Իրանի ժողովրդին ծանր կորստի կապակցութեամբ:

Կրօնական արարողութեանը եւ դրան յաջորդած ընդունելութեանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան գործող պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ասորիների եւ քաղդէական համայնքի պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն, Իսլ. խորհրդարանում Քերմանշահի պատգամաւոր դոկտ. Ռաշիդին, կրթադաստիարակչութեան նախարարութեան տարբեր շրջանների գերատեսուչներ, պետական հիւրեր, դպրոցների տեսուչներ, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, ժողովի դիւանը եւ անդամներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի դիւանը եւ անդամները, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, եւ մեծ թւով հայրենակիցներ:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ սրբոց հարցն` Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Չորեքշաբթի 16 Հոկտեմբերի 2024;
Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2.11-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.14-23։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 18 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 2.20-3.12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.24-37։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 20 Հոկտեմբերի 2024;
Զ Կիրակի զկնի Խաչի Եսայի 20.2-21.6։ Գաղատացիներ 4.3-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14-23։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 22 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 23 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ