Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ
Ահա կրկին անգամ դպրոց էք եկել ամառնային ձեր արձակուրդից յետոյ: Աւելի քան երեք ամիսներ վայելեցիք ձեր արձակուրդը եւ այժմ կազդուրւած նոր եռանդով եւ վստահաբար կարօտով վերադարձել էք դպրոց:
Ես քրիստոնէական ջերմ սիրով եւ հայրական զգացումներով ողջունում եւ օրհնում եմ ձեզ բոլորիդ իմ սիրելի աշակերտներ եւ աշակերտուհիներ, լիայոյս եմ, որ առիթը կունենամ անձամբ գալու ձեր մօտ, ձեր դպրոցում ձեզ ողջունելու եւ ձեզ հետ խօսելու, բայց մինչ այդ օրը, առաջին հերթին բարի գալուստ եմ մաղթում ձեզ շնորհաւորում եւ առողջութիւն ու յաջողութիւն եմ ցանկանում ձեզ:
Սիրելիներ բախտաւոր էք, որ խաղաղ ու հանգիստ պայմաններում սկսում էք ձեր 2024-2025 դպրոցական տարեշրջանը: Տեսնում, լսում էք թէ ինչպէս ամէն տեղ մեր Արեւելքում կռիւ է, քանդում է: Փառք Աստծու, որ Իրանեան մեր ծննդավայր հայրենիքը զօրաւոր է ու մանաւանդ խաղաղ եւ մենք էլ խաղաղութեան մէջ վերսկսում ենք մեր կրթական-ուսումնական կեանքը:
Այսօր, գիտէք սիրելիներ, որ ամբողջ Իրանի տարածքին ձեր նման միլիոնաւոր աշակերտ-աշակերտուհիներ իրենց դպրոցներում են: Մենք էլ որպէս հայ աշակերտ-աշակերտուհիներ գիտութեան ծարաւով դպրոց ենք եկել առաւել գիտութիւն, պատմութիւն եւ ուսում ստանալու յոյսով:
Գիտութիւնը, ուսումը մտքի լոյս են տալիս, մտքի լոյսի հետ կարեւոր է հոգու լոյսը, եւ այդ մեզ տալիս է մեր հաւատը, մեր քրիստոնէական կրօնը: Հետեւաբար գիտութեան լոյսի կողքին ստանալու էք նաեւ հոգու լոյսը, որպէսզի կարողանանք ճշմարիտ եւ ուղիղ կեանքով ապրենք եւ գործենք: Մեր Տէրը Յիսուս Քրիստոս ասում է. «Ես եմ աշխարհի լոյսը: Ով որ ինձ հետեւի, խաւարի մէջ չի քայլի, այլ կ՛ունենայ այն լոյսը, որ առաջնորդում է դէպի կեանք:»(Յվ 8:12)
Դուք սիրելի աշակերտ-աշակերտուհիներ ձեր աշխատասիրութեամբ, հաւատարմութեամբ եւ հայու ազնիւ ու տոկուն նկարագրով պիտի սովորէք ձեր բոլոր դասերը, որպէսզի հետագային կարողանաք տէր կանգնել մեր նահատակների պահանջատիրական իրաւունքներին:
Եղէ՛ք բարի ու աշխատասէր, հնազանդ ու յարգալից եւ մանաւանդ հաւատարիմ մեր մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակին եւ այն ժամանակ վստահ եղէք, որ մեր նահատակների հոգին երկնքից ձեզ օրհնելու է:
Այս առիթով շնորհաւորում եմ ձեզ դպրոցական վերամուտի առիթով, շնորհաւորում եւ յաջողութիւն եմ ցանկանում դպրոցի տեսչութեան, փոխ-տեսուչներին, ուսուցչական կազմին, ծնողական խորհրդին եւ ողջ կրթական համալիրում գործող եւ աշխատող մեր զաւակներին եւ բոլորին ցանկանում եմ առողջութիւն եւ արդիւնաշատ ու պտղալից ուսումնական կեանք:
Աղօթում եմ ձեզ համար, ձեր ծնողների, ուսուցիչների եւ Իրանի մեր ողջ ժողովրդի համար, որպէսզի խաղաղութեան եւ սիրոյ մթնոլորտում շարունակենք մեր կեանքը:
Բարի վերամուտ եւ աշխատանք բոլորիդ:
Յաջողութիւն եւ օրհնութիւն բոլորիդ:
ԱՂՕԹԱՐԱՐ
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ