Երէկ՝ նոյեմբերի 13-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում իր աշխատանքը շարունակեց Թ. Հ. Թ. 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը մեկնարկել էր նոյեմբերի 12-ին:
Սկզբում դիւանի ատենադպիր Արփի Ալավերդեանը ստուգեց ներկայ պատգամաւորների թւային պատկերը, որից յետոյ ժողովը Սուրիկ Աբնուսեանի ատենապետութեամբ քննարկեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից առաջին նիստում ներկայացւած երկամեայ ծրագիրը, որը ընդհանրութեան մէջ ներկայացնում էր Թեմական խորհրդի յարակից խորհուրդների ու մարմինների համար նախատեսւած ծրագրերը: Այս կապակցութեամբ պատգամաւորները ներկայացրեցին իրենց տեսակէտներն ու առաջարկութիւնները եւ քննարկեցին ներկայացւած ծրագրի՝ կրթական, հասարակական ու հոգեմտաւոր աշխատանքների կողմերը: Ծրագիրն ընդհանրութեան մէջ հաստատւեց:
Յաջորդ օրակարգով ժողովը ունկնդրեց Թեմական խորհրդի կողմից ներկայացւած տարբեր խորհուրդների ու մարմինների աշխատանքների բիւջէն, որը ընթերցեց խորհրդի նիւթականի պատասխանատու Շահէն Յարութիւնեանը, ապա ՊԺ-ի պատգամաւորները ներկայացրեցին իրենց տեսակէտները, քննադատութիւնները, առաջարկութիւնները ու յաւելումները, որից յետոյ հաստատւեց եւս ներկայացւած բիւջէի ընդհանրութիւնը:
Դադարից յետոյ Սեւակ Հաթամեանի ատենապետութեամբ շարունակւեց նիստը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը ներկայացրեց առաջիկայ երկամեայ աշխատանքների համար Թեմական խորհրդի ենթակառոյցների ու խորհուրդների համար նկատի առնւած կազմերը: Մանրամասն քննարկումներից յետոյ հաստատւեցին Կտակա-Կալւածային մարմնի, Շինարարական մարմնի, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի խնամակալ մարմնի, Կարիքաւորներին օժանդակող մարմին (ԿՕՄ), Ուսանողական ֆոնդի, Գերեզմանատների վարչութեան, Յարաբերական մարմնի ցանկերը, իսկ Եկեղեցական խորհուրդների համար ներկայացւած ցանկերից, ի բացառեալ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու համար ներկայացւած ցանկը, հաստատւեցին միւս բոլոր եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների համար ներկայացւած ցանկերը:
Թեմական խորհուրդը ընդգծեց, որ Կրթական խորհրդի ցանկը ներկայացւելու է աւելի ուշ եւ քանի որ ժողովը չհաստատեց Դատական խորհրդի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի համար ներկայացւած ցանկերը, ՊԺ-ի դիւանի որոշմամբ եւ ժողովի հաստատումով յաջորդ նիստի ընթացքում, որը կայանալու է նոյեմբերի 26-ին, ժողովը զբաղւելու է այդ օրակարգերով:
Լուրը՝ «Ալիք»-ից