Սիրելի հայրենակիցներ,
Պօղոս առաքեալը իր հռոմայեցիներին ուղղած նամակում հետեւեալ ոգեւորիչ եւ խրախուսիչ արտայայտութիւնն է անում.-«Եթէ Աստւած մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել, ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց, նեղութի՞ւնը, հալածանքը՞, սո՞վը, թէ սո՞ւրը: Երբ հաւատում ենք եւ ընդունում Քրիստոսին որպէս Աստծու գառը, որ երկնքից իջաւ մեր մեղքերի համար, այս կենդանի հաւատքից ո՞վ կարող է մեզ հեռացնել: Աւետարանն ասում է՝ երբ գիտենք իրականութիւնը, երբ գիտենք, որ Քրիստոս մեզ համար խաչւեց եւ իր յարութեամբ մեզ նոր կեանք տւեց, ի՞նչպէս կարող ենք թողնել այս հաւատքը»:
Ահա Վարադանանց պատերազմի խորքը եւ ազգային հոգեւոր իմաստը, երբ նշում, տօնում եւ յիշում ենք Վարդանին եւ Վարդանանց սերնդի ինքնաընծայումն ու նւիրաբերումը, մտածում ենք, թէ ի՛նչ էր այդ ուժը նրանց մօտ: Երեւի այս երեք հիմնական ճշմարտութիւնները, որոնք զսպանակիչ ուժն էին իրենց կեանքում՝ առաջինը՝ հաւատարմութիւն Քրիստոսին եւ իր վարդապետութեանը եւ պաշտպանութիւն այդ բոլորին. երկրորդը՝ յանձնառութիւն իրենց ազգային պատականելութեան եւ ինքնուրոյնութեան հանդէպ, որպէս հայեր եւ հայութեան ներկայացուցիչներ. իսկ երրորդը՝ իրենց ամբողջական նւիրւածութեան պատրաստակամութիւնն էր: Նրանք իրենք իրենց պատարագեցին որպէս զոհ՝ Քրիստոսի խորանի վրայ:
Այսօր Աւարայրի աշխարհագրական տարածքը ընդարձակւել է. Աւարայրն այնտեղ է, որտեղ հայ կայ, այնտեղ է որտեղ մեր ժողովրդի զաւակներից որեէ մէկը իր հաւատքի էութեան եւ իր ազգային ինքնուրոյնութեան համար պայքար է մղում: Այդ պայքարը միայն սրով եւ կրակով չէ, պայքարի միջոցներն այս օրերին փոխւել են: Մենք այսօր կոչւած ենք պայքարելու մեր լեզւի պահպանման համար, քրիստոնէական մեր ընտանիքի անարատութեան պահպանութեան համար: Կենդանի պահելու մեր հայրենիքը եւ եկեղեցին:
Ղուկասու Աւետարանիչը ասում է.-«Երանի Ձեզ երբ մարդիկ ձեզ ատեն, մերժեն ձեզ ընդունել, նախատեն եւ վարկաբեկեն ձեզ՝ Մարդու Որդուն հետեւելու պատճառով» (Ղկ 6.22): Վարադանանք հալածւեցին, նախատւեցին եւ նահատակւեցին եւ այսօր նրանց նահատակութիւնը եղել է պսակը եկեղեցւոյ, 451 թւականից մինչեւ այսօր:
Սիրելիներ, մեր ժողովրդի կեանքի երկնակամարին վրայ Վարդանանց պատերազմի հոգին եւ ոգին է տիրում, մեր ժողովրդին մղած ամենափոքր ճակատմարտն իսկ պատմութեան ընթացքին իր ներշնչումը առել է Վարդանանց աւարայրամարտից, մահու կենաց պատերազմ մղող մեր ժողովուրդը Սարդարապատի , Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում իրենց ներշնչումը առել էին դարձեալ Աւարայրի հերոսների նահատկութեան խորհուրդից, դրա համար զօրավար Սիլիկեանն ու իր ընկերները իրենց զինւորները քաջալերելիս ասում էին.-«Որ մենք Վարդանանց ճակատամարտն ենք մղում, մենք մեր հաւատքի եւ մեր հայրենիքի համար երկրորդ աւարայրն է որ մղում ենք, սիրելիներ, եւ այս երկրորդ աւարայրը պսակւելու է յաղթանակով»:
Այո՛, սիրելիներ, հաւատքը եւ հայրենիքը բարձրագոյն արժէքներ են որոնք մի ժողովուրդի յաւերժութեան գրաւականն են. այսօր մենք կոչւած ենք մեր հայրենիքին նայելու ոչ թէ թուրիստի աչքով այլ նայելու Տիրոջ եւ ծառայի ակնոցով, այսինքն եւ՛ տէրն ենք եւ՛ ծառան ու սպասաւորը մեր հայրենիքին:
Սիրելի ժողովուրդ հայոց, եւ մանաւանդ սիրելի երիտասարդ֊ուհիներ, հայրենասիրութիւնը եւ հաւատարմութիւնը բանաստեղծական եւ բաժակաճառային զգացումներով չեն արտայատւում, այլ դրանք մեր իրողական կեանքի մաս պիտի կազմեն, եւ դուք որպէս ներկայ ժառանգորդները մեր եկեղեցական եւ ազգային արժէքների, կոչւած էք լաւագոյնս պահպանել եւ այդ պահպանման համար պայքարել, որպէսզի պահպանելով մեր արժէքները ամուր կերպով պահէք մեր ժողովրդի ու մեր ազգի ինքնութիւնը եւ գոյութիւնը։
Այսօր որեւէ ժամանակից աւելի մեր ազգը եւ մեր ժողովուրդը Ղեւոնդեանց եւ Վարդանանց ոգով պայքարելու եւ պահպանելու կարիքը ունի: Այսօր թշնամին ոչ միայն զէնքով, այլ բոլոր լծակները գործի դնելով, ուզում է ոչնչացնել մեր գոյութեան ու պատմութեան իրականութիւնները։
Սիրելի երիտասարդ-ուհիներ, մեր հայրական կոչը եւ թելադրանքը հետեւեալն է, որ ամուր պահելով մեր եկեղեցական եւ ազգային արժէքները ամրացնէք մեր հարենիքի սահմանները, մեր Արցախի ոտնատակ տւած արդար իրաւունքների պահանջը, որպէսզի ապագայում ամբողջ աշխարհը տեսնելով ձեր պատրաստակամութիւնը եւ պատասխանատւութիւնը, պարտաւորւի մեզ հետ հաշւի նստել եւ մեր կորած իրաւունքները մեզ վերադարձնել։
Այս մտածումներով, մէկ անգամ մը եւս շնորհաւորում եմ մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի եւ մաղթում Վարդանանց հոգով օծւած մեր պայքարը մղենք ու յաղթանակը ձեռք բերենք ի պայծառութիւն եւ ի շինութիւն մեր սուրբ եկեղեցու եւ ի խնդիր մեր Հայաստան եւ Արցախ աշխարհների արդար իրաւունքների ձեռքբերման։
Աղօթարար՝
Սեպուհ Արք. Սարգսեան
Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի