Շաբաթ, 19 ապրիլ 2025 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց ճրագալոյցի Ս. Պատարագ, որին յաջորդեց մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը:
Ճրագալոյցի օրը աւետում է Ս. Յարութեան տօնը: Երեկոյեան շարականներով, Աւետարանական հատւածների ընթերցմամբ եւ Սուրբ եւ Անմահ պատարագով պատրաստւում ենք դիմաւորել Յիսուս Քրիստոսին։
Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Սարգիս եկեղեցիներում հերթաբար՝ Կրօնական արարողութեան պատարագիչներն էին՝ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինումով եւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսեանը, Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը եւ Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Թեմիս եկեղեցիներում կրօնական արարողութիւններին ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի եւ Ազգ. Մարմինների ներկայացուցիչները, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ