Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի միջոցառումների շարանում թւականիս ապրիլի 29-ին միասնական գեղարւեստական-բանախօսական ծրագիր էր կազմակերպւել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում նախաձեռնութեամբ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի եւ Հայաստանեայց Առաքելական եկեղեցույ հոգեւոր եղբայրակցութեան: Տէրունական աղօթքօվ մեկնարկած միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ Արսինէ Խաչատրեանը ընդգծելով, որ այս ծրագրերի նպատակն է աշխարհին ապացուցել որ անմահ է մեր ժողովրդի ոգին: Ընթացքում Հայոց Ցեղասպանութեան դրդապատճառների եւ Օսմանեան կայսրութեան վայրագութիւնների մասին ցուցադրւեց փաստագրական ֆիլմ:
Օրւայ բանախօս էր հրաւիրւել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը: Իր ելոյթի ընթացքում հայսուրբը համապարփակ գծերով ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան տարիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Պոլսյ պատրիարքութեան եւ ընդհանրապէս Հայ եկեղեցու գործունէութիւնը, դերակատարութիւնը, հայ հոգեւորականութեան կորուստները, կրած տանջանքները եւ միեւնոյն ժամանակ տարագիրներին ու կոտորածից մազապուրծ փրկւածներին ցուցաբերած նպաստները: Հայր Սուրբը ընդգծեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ազգի կեանքի մէջ գործող եկեղեցի է եւ հետեւաբար նրա կորուստը հայ ազգի, հայ մշակոյթի, հայ ճարտարապետական կոթողների, դպրեվանքերի, ձեռագիր մատեանների եւ դպրութեան կորուստն է: Բանախօսը ընդգծեց, որ ջարդերի առաջին թիրախներից՝ հայ եկեղեցին ու եկեղեցու սպասաւորներն էին,քանզի դպրեվանքերը համարւում էին հայ ժողովրդի մշակութային կենտրոնները ուստի ջարդերի նպատակը ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական ջարդն էր այլ նաեւ հոգեւմտաւոր ջարդը: Հայր Սուրբը իր խօսքը եզրափակեց հետեւեալ տողերով. «Իր դարաւոր հայրենիքից գաղթական եղած ու որբ դարձած հայ ժողովրդի վերապրող զաւակները երբեք չմոռացան իրենց նահատակներին, չմոռցան նրանց սրբազան կտակը, նրանք լսեցին Քրիստոսի պատգամը՝ մի վախեցէք նրանցից, ովքեր սպանում են մարմինը բայց նրանք չեն կարող սպանել հոգին: Այս հաւատքով գօտեպնդւած հայ ժողովրդի զաւակները վերածննդեան տեսիլքով հզօրացած կազմակերպեցին իրենց հաւաքական կեանքը՝ եկեղեցի ու դպրոց կառուցեցին ու համայնքնային հաստատութիւններ ու կազմակերպութիւններ ստեղծեցին սփիւռքի եւ հայրենիքի մէջ եւ աշխարհին յիշեցրին անպատիժ մնացած Ցեղասպանութիւնը եւ արդարութիւն պահանջեցին»:
Գեղարւեստական յայտագրում ասմունքով հանդէս եկաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի սաներից Էմելիա Ադամեանը, իսկ Սաղմոսի ընթերցանութեամբ հանդէս եկաւ Քաթրին Նազարեանը: Հայաստանեայց Առաքելական եկեղեցույ հոգեւոր եղբայրակցութեան «Գրիգոր Նարեկացի» երգչախումբը ղեկավարութեամբ մայեստրօ Ժոզէֆ Տէր Գալստանեանի հանդէս եկաւ ազգային-հոգեւոր երգերով, իսկ նոյն երգչախմբից մեներգերով հանդէս եկաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու երգչախմբի ղեկավար Կարինէ Մուրադեանը, նոյն երգչախմբից Եոլանդա Մանսուրեանը եւ Թենի Բաբայեանը, իսկ վերջում երգչախմբին միացան նաեւ կիրակնօրեայ դպրոցի սաները եւ բոլորը միասնաբար երգեցին Սարդարապատ քայլերգը:
Ծրագրին ներկայ էին Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայիկ Աղանեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:
Ծրագիրը աւաւրտւեց Պահպանիչով:
Լուրը՝ «Ալիք»-ից