Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման առիթով թւականիս ապրիլի 25-ին Հ.Բ.Ը.Մ.-ի Մշակութային խմբի նախաձեռնութեամբ միութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր երաժշտական երեկոյ, որի ընթացքում ելոյթներով հանդէս եկաւ միութեան «Ամարաս» երաժշտական խումբը նաեւ իրականացաւ ասմունքային կատարումներ:
Միութեան Սկաուտական խմբի միջոցով հնաչած Տէրունական աղօթքով մեկնարկեց միջոցառումը: Բացման խօսքով հանդէս եկաւ Անիա Բաղումեանը: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց, որ այսօր եւս շարունակւում է Հայոց Ցեղասպանութիւնը թէ՛ հայ ժողովրդի մշակութային կոթողների ոչնչացմամբ, եւ թէ՛ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջի տեսքով եւ Հրանդ Դինքի նման հայորդիների սպանութեամբ: Նա նշեց. «Հայ ժողովուրդը սպասում է արդարութեան հաստատման եւ պահանջում՝ վերականգնել մեր ոտնահարւած իրաւունքները, վառ պահելով մեր մէկուկէս միլիոն Սրբադասւած նահատակների յիշատակը, որոնք զոհ դարձան թուրքական գաղափարներին»: Անդրադառնալով Հ.Բ.Ը.Մ.-ի «Ամարաս» երաժշտական խմբին նա նշեց, խումբը կազմաւորւել է միութեան Մշակութային խմբի առաջարկութեամբ եւ երաժիշտներ Լուիզա Աւետիսեանի եւ Մելանի Աւանէսեանի նախաձեռնութեամբ եւ խումբը իր առաջին ելոյթը նւիրել է Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին եւ նրանց ովքեր պայքարում են յանուն հայ ազգի ու Հայաստանի հզօրազման»:
Միջոցառմանը ասմունքներով հանդէս եկան Նարէ Օհանեանը ասմունքելով բանաստեղծ Վարանդի գրչին պատկանող «Շառաչող շղթաներ» բանաստեղծութիւնից մի հատւած, Տաւիղ երաժշտական գործիքի կատարմամբ հանդէս եկաւ Սամարիա Շահմիրեանը, ջութակի մենակատար Դանիէլ Քեշիշ Դանիէլեանը, դաշնամուրի մեկակատար Մոնթէ Իսմայիլեանը, թաւ ջութակի կատարմամբ Մելանի Աւանէսեանը, դաշանուրային կատարումներով Լուիզա Աւետիսեանը, ֆլէյտա Մինէ Բաբախան Վարդանեանը, դաշնամուր եւ քանոն՝ Նազենի Ծառուկեանը եւ Ամրին Մարգարեանը, դաշնամուր՝ Էմիլի Սոնիա Սեփանեանը: Երգերով՝ Մելանի Աւանէսեանը, Մինէ Թահմասեանը, Սիփան Մկրտումեանը եւ Արթին Աֆրուզեանը:
Ազգային երգերի կատարման աւարտին եզրափակիչ խօսքի համար ՀԲԸՄ-ի վարչութեան անդամ Անի Ոսկանեանը բեմ հրաւիրեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը:
Իր ելոյթի ընթացքում Հայր Սուրբը գնահատելով խմբի կատարումները ընդգծեց, որ որեւէ ծրագիր յաջողում է այն ժամանակ, երբ կարողանայ իր պատգամը փոխանցել հանդիսատեսին եւ գնահատանքով անդրադարձաւ խմբի կատարումներին, որոնք յաջողեցին մեր մէկուկէս միլիոն նահատակների պատգամը փոխանցել: Անդրադառնալով խմբի անւանմանը, Հայր Սուրբը նշեց որ «Ամարաս» անունը ինքնին վկայում է, որ չի մոռացւել մեր պատմութիւնը եւ անդրադարձաւ Արցախի Մարտունի շրջանում գտնւող Ամարաս դպրանոց վանքի պատմականին եւ նշեց, որ միջոցառումը վկայում է այն սերունդի մասին ով շարունակում է հաւատարիմ մնալ իր արժէքներին:
Ծրագրին ներկայ էին Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ալեքս Կարապետեանը, մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, ՀԲԸՄ-ի փոխատենապետ Վահէ Միրզաբէգեանը եւ հանդիսատեսներ:
Վերջում Հայր Սուրբը եւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը օրհնեցին նորաստեղծ խմբին, կատարողներին եւ ներկաներին:
Լուրը՝ «Ալիք»-ից