
Պաշտօնական բացմանն է սպասում Թեհրանի մետրոպոլիտենի «Սուրբ Մարիամ» մետրոկայանը:
Նոյն կապակցութեամբ չորեքշաբթի թւականիս հոկտեմբերի 22-ի առաւօտեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուն կից գտնւող «Սուրբ Մարիամ» մետրոկայան այցելեց Թ.Հ.Թ. առաջնորդ Տէր Սեպուհ արք. Սարգսեանի օգնական՝ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Հայր Առաքելին այցի ընթացքում ընկերակցում էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թեմական խորհրդի անդամ Հարմիկ Աւետեանը, Ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, քահանահայրեր, Յարաբերական մարմնի եւ «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի յանձնախմբի ներկայացուցիչը:
Ազգային առաջնորդարանից մեկնած պատւիրակութեանը դիմաւորեցին Թեհրանի քաղաքապետի տրանսպորտի եւ երթեւեկութեան հարցերով տեղակալ եւ մետրոպոլիտենի գործադիր տնօրէն ճրտ. Ֆարզանփուրը, մետրոպոլիտենի 6-րդ երթուղու նախագծի ղեկավար-գործադիր տնօրէն ճրտ. Ֆաթհալիփուրը, ինչպէս նաեւ նախագծի այլ շահագրգիռ պատասխանատուները:

Մետրոկանգառ կատարած այցի ընթացքում շինարարական կողմը բացատրութիւններ փոխանցեց շինարարական ընթացակարգի եւ նախագծում տեղ գտած քրիստոնէական խորհրդանիշերի պատկերների մասին: Այս կապակցութեամբ 6-րդ գծի գործադիր տնօրէնը նշեց, որ նախագիծը լաւագոյնս ի ցոյց դրեց Իրանում կրօնական համայնքների միջեւ գոյութիւն ունեցող համերաշխութիւնն ու համակեցութիւնը, ինչը իրանցիների համար նոր երեւոյթ չէ եւ գալիս է հազարամեակներից:
Տ. Առաքել աբեղայ Գատեհճանն իր հիացմունքը յայտնելով իրականացւած նախագծով ներկայացւած որակի կապակցութեամբ, «Մարիամ Աստւածածին» մետրոկանգառի եւ Թեհրանի Մետրոպոլիտենի պատասխանատուներին փոխանցեց Սրբազան Հօր երախտիքի խօսքերը: Նա Տ. Սահակ քհնյ. Խոսովեանի ընկերակցութեամբ աղօթեց մետրոկայանի Ս. Աստւածածնի որմնաքանդակի առջեւ եւ օրհնեց շինութիւնը:
Ընթացքում Թեհրանի մետրոպոլիտենի գործադիր տնօրէնը պատւիրակութեանը փոխանցեց մետրոպոլիտենի միջոցով իրականացւող նախագծերի մասին տեղեկութիւններ, այդ թւում՝ շուրջ 300 կիլոմետր ռելսային երթուղու եւ 100-ից աւելի մետրոկանգառների կառուցմանաշխատանքների մասին:

Նա «Ս. Մարիամ» կանգառը համարեց նախագծի ամենագեղեցիկ կանգառներից մէկը, որտեղ միաձուլւում են մարդկային հաւատամքը եւ իրանցիներին յատուկ յարգանքը հայ եւ քրիստոնեայ հայրենակիցների նկատմամբ:
Այցի եզրափակիչ բաժնում ներկաները տեղափոխւեցին դէպի Ս. Սարգից եկեղեցին նայող մետրոկայանի ճակատային հատւած, որտեղ կանգնեցւել եւ պաշտօնական բացմանն է սպասում Մարիամ Աստւածածնի քարակերտ արձանը: Նշենք, որ արձանը պատրաստւել է Աւետեան ընտանիքի կողմից եւ նւիրւել մետրոկանգառին:
Յիշեցնենք, որ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը Թեհրան է վերադարձել երեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, եւ սա Թեհրան վերադառնալուց յետոյ նրա կատարած առաջին պաշտօնական այցն էր:
Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ