
Ի հետեւում հոկտեմբեի 11-ին հրապարակւած «Ճգնաժամային իրավիճակի տնօրինման 12 ժամեայ դասընթացներ» լուրի՝ (հրապարակւած Կրթական խորհրդի տելեգրամեան ալիքում), Կրթական խորհրդի կողմից կեանքի էր կոչւել արտակարգ իրավիճակների համակարգման յատուկ շտաբ, որի կազմում ներգրաււած են տեսուչներ, փոխտեսուչներ, ինչպես նաեւ հայ հոգեբան-խորհրդատուներ, որոնք ուսումնասիրել են ճգնաժամային իրավիճակների հոգեբանական եւ կազմակերպչական կառավարման ոլորտը։
Շտաբի կողմից կազմակերպւել եւ իրականացւել էր ճգնաժամային իրավիճակի տնօրինման 12 ժամեայ դասընթացներ, եւ նոյն նախաձեռնութեան շրջանակներում, սոյն թւականի հոկտեմբերի 16-ին եւ 23-ին «Շանթ-Մարիամեան» եւ «Թունեան» դպրոցներում, Կրթական խորհրդի կողմից կազմակերպւեցին նաեւ հոգեբանական խորհրդատւական լսարաններ, հայոց դպրոցների պաշտօնէութեան եւ աշակերտների ծնողների համար:
Հանդիպումներին ներկայ էին՝ Թեմական խորհրդի անդամ՝ Հայրիկ Աղանեանը, Կրթական խորհրդի ատեանպետ՝ Կարինէ Բալըքճեանը, փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանը եւ ԿԽ անդամ՝ Մարիա Ղազարեանը:
Նշէլի է, դասընթացները վարեցին հոգեբան-խորհրդատուներ՝ Վանուշ Թեւանեանը, Լալա Յովակիմեանը, Ալմարա Տարասեանն ու Էրիկա Հայրապետեանը, նրանք խորհրդատւական ծառայութիւններ են իրականացնում նաեւ հայկական դպրոցներում:
Վերը նշւած հանդիպումների նպատակն էր դպրոցների պաշտօնէութեանը եւ աշակերտների ծնողներին օգնել արտակարգ իրավիճակների պայմաններում օգնութիւն ու աջակցութիւն ցուցաբերել երեխաներին եւ իրականացնել ստեղծւած անկանխատեսելի իրավիճակների արդիւնաւէտ կառավարում:
Դասընթացի ընթացքում մանրամասն ներկայացւեցին այն սկզբունքներն ու մօտեցումները, որոնք օգնում են ծնողներին պահպանել հանգստութիւն եւ ինքնակառավարում՝ դժւար եւ անսպասելի իրավիճակներում: Քննարկւեցին այն մեխանիզմները, որոնց միջոցով ծնողները կարող են իրենց յոյզերը ճանաչել, վերահսկել եւ վերափոխել՝ դրանով իսկ ապահովելով աւելի այուն միջավայր իրենց երեխաների համար: Բացի այդ անդրադարձ եղաւ երեխայի յուզական արձագանքների ընբռնմանը եւ ծնողի աջակցող դերի կարեւորութեանը ճգնաժամի ընթացքում:
Դասընթացը իր մէջ ընդգրկում էր հմտութիւնների փոխանցում, որոնց նպատակն էր ծնողներին օգնել հասնել ինքնաճանաչման, գիտակցութեան եւ հաղորդակցական հմտութիւնների զարգացման, դիմացկունութեան, բարձրացնելով անորոշութեան յանդուրժողականութիւնը, որոնց միջոցով հարմարւելով փոփոխութիւններին լաւագոյնս օրինակ է ծառայելու երեխաների համար. փոխանցելով այս գեղեցիկ պատգամը, որ նոյնիսկ կեանքի ամենաբարդ պահերին հնարաւոր է պահպանել հոգեբանական կայունութիւն եւ յուզական անվտանգութիւն, որոնք երեխային թոյլ են տալու հանգիստ մնալ ճգնաժամային իրավիճակներում եւ դէպքից դուրս գալ առանց երկարատեւ հետեւանքների:
Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ