Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ «Ս. ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ԵՐԻՑ ԱՄԱՑ Ի ՏԱՃԱՐՆ ԸՆԾԱՅՄԱՆ» ԵՒ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Նոյեմբերի 21-ը տօնն է «Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման» եւ տօնն է նաեւ համանուն եկեղեցու անւանակոչութեան:

Այդ առիթով, հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի՝ նոյեմբերի 20-ին Ս. Աստւածածին եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, իսկ ուրբաթ՝ նոյեմբերի 21-ին մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ:
Կրօնական արարողութեան պատարագիչն էր Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Հայր Սուրբն տօնի առիթով իր քարոզի ընթացքին բացատրեց տօնի եւ օրւայ խորհրդի մասին՝
«Այսօր ողջ քրիստոնեայ աշխարհը եւ Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում են Սրբուհի Մարիամ Աստւածածնի երեք տարեկանում տաճար ընծայւելու տօնը: Աւանդութիւնն ասում է, թէ եօթ ամսեկանում մանուկ Մարիամը եօթ քայլեր կատարեց, եւ նրա մայրը՝ Աննան գրկեց մանուկ Մարիամին եւ ասաց.-«Այլեւս քո ոտքերը հողին չպէտք է դիպչեն, մինչեւ քեզ Աստծոյ տաճարին ընծայեմ»: Մարիամի ծնողները իմանում էին, թէ նա ուխտի զաւակ է: Ուստի, երբ լրացաւ Մարիամի ծննդեան առաջին տարին, նրան տաճար տարեցին: Իսկ երբ լրացաւ Մարիամի ծննդեան երրորդ տարին, ինչի տօնն է այսօր, նրան տաճարին ընծայեցին: Աւանդութիւնն յայտնում է, թէ երեք ամեայ Մարիամը իր ոտքերը առանց գետին դնելու, բարձրացաւ տաճարի 14 աստիճանները եւ բազմեց խորանի գահի վրայ: Սա մի մարգարէութիւն էր, որը յայտնում էր թէ հետագայում բոլոր եկեղեցիների խորանները Ս. Մարիամ Աստւածածնի անունով պիտի կոչւեն եւ նրա պատկերը պիտի կրեն: Տաճար ընծայման օրը Մարիամ բազմեց խորանի վրայ եւ այսօր էլ նա բազմել է մեր բոլոր եկեղեցիների խորանների վրայ, եւ այն ուրախութիւնը որ ինք ունէր, խորանի ճամբով փոխանցւում է մեզ: Խորանից աստւածային օրհնութիւնն է փոխացւում բոլորիս: Եւ երբ մենք յիշում ենք Ս. Աստւածածնին, յիշում ենք նաեւ իր Որդուն՝ Յիսուս Քրիստոսին, որովհետեւ մեր եկեղեցու մտածողութեան եւ աստւածաբանութեան մէջ Տէր Յիսուս Քրիստոսն ու իր մայրը իրարից անբաժան են:
Այսօրւայ տօնը հիմնական երկու պատգամներ ունի մեզ փոխանցելու: Առաջին պատգամը մեր զաւակներին Աստծոյ ընծայելն է: Հայ Առաքելական Ս. Եկեղեցու արարողակարգում տաճարի երեք ընծայումներ կան. առաջինը կատարւում է Ս. մկրտութիւնից առաջ, երկրորդը՝ Ս. մկրտութիւնից յետոյ, իսկ երրորդը՝ Տեառնընդառաջի արարողութեան աւարտում: Իսկ տօնի երկրորդ պատգամը ուխտի կարեւորութիւնն է հաւատացեալի կեանքում։ Ուխտը Աստծոյ եւ մարդու միջեւ հաստատւած խոստում կամ համաձայնութիւն է: Մկրտութեան Ս. Աւազանից սկսեալ իւրաքանչիւր քրիստոնեայ մուտք է գործում Նոր ուխտի մէջ՝ դառնալով Քրիստոսի մարմնի, Ս. Եկեղեցու անդամը: Նա ուխտում է իր կեանքում միշտ հետեւել Քրիստոսի քայլերին եւ գործադրել Աստծոյ բոլոր պատւիրաններն ու օրէնքները: Ուխտը նաեւ միջոց է Աստծուն արտայայտելու մեր երախտագիտութիւնը, ապաշխարութիւնը եւ խնդրանքները: Ուխտը նաեւ ունի հաւատքի վկայութեան բնոյթ. այն արտայայտում է հաւատացեալի անձնական կապը եկեղեցու եւ Աստծոյ հետ:
Սիրելիներ, եկէ՛ք Ս. Աստւածածնի տաճար ընծայման այս օրհնեալ օրից սկսեալ ուխտ կատարենք Աստծոյ հետ՝ խոստանալով թէ մեր զաւակներին իրեն պիտի յանձնենք: Ուխտենք թէ Աստծոյ խօսքը պիտի լսենք եւ հաւատարմութեամբ գործադրենք: Ուխտենք, թէ մեր կեանքի բոլոր օրերում պիտի աշխատենք Ս. Եկեղեցու շինութեան եւ պայծառութեան համար։ Վստահ եղէ՛ք Եթէ մեր զաւակներին Աստծո՛ւ ձեռքերին եւ իր եկեղեցո՛ւն յանձնենք, նրանք կը փրկւեն, որովհետեւ այս աշխարհի միակ ապահով, անդաւաճան, հարազատ եւ հանգիստ վայրը եկեղեցին է, իսկ երկնաւոր սիրելի եւ գթառատ մայրը Ս. Աստւածածինն է»:

Հայր Սուրբն իր քարոզի աւարտին, Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, յանուն Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի շնորհակալութիւն ու գնահատանք յայտնեց Ս. Աստւածածին եկեղեցում ծառայած հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Յակոբ Քհնյ. Քեշիշեանին եւ նրա երէցկնոջ, ինչպէս նաեւ եկեղեցու դպրաց դասին, երգեցիկ խմբին, եկեղեցական խորհրդին եւ բոլոր հաւատացեալներին:

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն։

Արարողութեանը ներկայ էին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննէսեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Քահանայ հայրեր, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալներ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ