
Հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռնութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների, այս տարի իւրայատուկ տօնական մթնոլորտում Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, դեկտեմբերի 4-ի երեկոյեան լուսաւորւեց 2026 թւականը խորհրդանշող Ամանորի տօնածառի լոյսերը:
Տօնական միջոցառումը իրականացաւ ներկայութեամբ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ խորհրդի անդամների, քահանայից դասի, ազգային մարմինների ներկայացուցիչների, Եկեղեցական խորհուրդների անդամների եւ մեծ թւով ժողովրդի, նկատելի էր երիտասարդների ու պատանիների ներկայութիւնը:
Հանդիսութեան սկզբում Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը Ս. Սարգիս եկեղեցում աղօթք բարձրացրեց առ Աստւած, որից յետոյ եկեղեցու տարածքում հնչեցրեց Տէրունական աղօթքը եւ «Զգործս ձեռաց մերոց»-ը, որին միացաւ նաեւ ներկայ բազմութիւնը:
Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը խորհրդի անունից ողջունելով ներկաներին գնահատեց մեծ թւով հայրենակիցների ներկայութիւնը եւ ցանկացաւ, որ գալիք տարի լինի յաջողութիւններով ամրագրւած տարի:
Թեմակալ առաջնորդի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը իր ելոյթի ընթացքում ուրախութիւն յայտնելով Սրբազան հօր ներկայութեան համար նշեց, որ այս միջոցառման նպատակն է՝ միասնաբար կատարել տօնածառի լուսաւորումը եւ գալիք Նոր տարւայ ուարխութիւնը միասին բաժանել: Հայր Սուրբը ընդգծեց, որ թէեւ սա առաջին անգամն է, որ Թեհրանի հայոց թեմում նման միջոցառում է կատրւում, սակայն վստահեցրեց, որ նման ծրագիր վերջինը չի դառնալու եւ մտադրութիւն կայ, որ այսուհետ իւրաքանչիւր տարի տարբեր եկեղեցիներում նման միջոցառում ծրագրել, սակայն քանի որ Ս. Սարգիս եկեղեցին համարւում է առաջնորդանիստ մայր եկեղեցի, եւ այս տարածքում է գտնւում Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանը, որը նշանակում է ազգի տունը, ուստի առաջինը իրականացաւ հենց այստեղ, որպէսզի լուսաւորենք մեր տունը: Հայր Սուրբը իր գնահատանքը յայտնեց երիտասարդներին իրենց ներկայութեան համար եւ ցանկութիւն յայտնեց, որ երիտասարդները միշտ ներկայութիւն լինեն եկեղեցում, համայնքի կեանքում ու միութիւններում: Նա ընդգծեց. «Սիրելիներ դուք միայն մեր ապագան չէք, դուք նաեւ մեր ներկան էք, դուք մեր համայնքի ու եկեղեցու սիրելի եւ արժանաւոր զաւակներն էք, մեր հպարտութիւնը, մեր ուժն ու զօրութիւնը եւ յոյսն ու լոյսն էք եւ վստահում ենք Ձեր կարողութիւններին,մեր զօրութիւնը մեր միութեան մէջ է»:
Իր ելոյթի այլ բաժնում Հայր Սուրբը միջոցառումը կազմակերպւելու համար երախտագիտութեան խօսք ասաց թեմակալ առաջնորդին նման միջոցառումը հովանաւորելու եւ այն քաջալերելու համար, իր գնահատանքը յայտնեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին եւ ի մասնաւորի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանին, ատենադպիր Հայրիկ Աղանեանին եւ խորհրդի անդամներին հետեւողական աշխատանքների համար, Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներին իրենց անվերապահ համագործակցութեան համար, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդին՝ եկեղեցին եւ տարածքը զարդարելու համար, դպրոցներին եւ միութիւններին՝ ներկայութեան կոչ անելու համար, նաեւ հաղորդավարներ եւ ձայնի պատասխանատու՝ Սիփան Մկրտումեանին, Քաջիկ Աբգարեանին, Քաջիկ Մկրտչեանին եւ Համլետ Խաչատրեանին եւ Ձմեռ պապիներին, որոնք միջոցառման ընթացքում երեխաներին նւէրներ պարգեւեցին:
Ապա սկսւեց օրւայ խնջոյքը հայկական աւանդական շուրջպարով, լուսաւորւեց կենտրոնական տօնածառի լոյսերը եւ Եկեղեցական խորհրդի անդամները հիւընկալեցին ներկաներին:
Միջոցառումը շարունակւեց մինչեւ գիշեր:
Լուրը՝ «Ալիք»-ից