
Սոյն թւականի դեկտեմբերի 17-ին, «Արաքս» դպրոցի սրահում Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդակցական հանդիպում սննդաբան-դիետոլոգ դկտր. Անահիտ Գրիգորեանի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին հայոց դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ դպրոցներում սննդի պատասխանատուները։
Կրթական խորհրդից ներկայ էր, խորհրդի ատենապետ' Կարինէ Բալըքճեանը։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել դպրոցներում աշակերտներին առաջարկւող սննդի որակը եւ անվտանգութիւնը, ինչպէս նաեւ դրա համապատասխանութիւնը առողջ սննդակարգի պահանջներին։
Հանդիպման ընթացքում դկտր. Անահիտ Գրիգորեանը ներկայացրել է իր ուսումնասիրութեան արդիւնքները՝ անդրադառնալով վերջին երկու տարիների ընթացքում դպրոցներում աշակերտներին մատուցուող սննդին։
Ներկայացրել է նաեւ իր մասնագիտական տեսակէտը եւ առաջարկութիւնները՝ ընդհանուր առմամբ շեշտել է առողջ սննդի ապահովման կարեւորութիւնը՝ ընդգծելով հումքի որակի վերահսկումը, պատրաստման պայմանների պահպանումը, ինչպէս նաեւ սննդի պահպանման եւ մատուցման հիգիենիկ նորմերի պահպանման անհրաժեշտութիւնը։
Կրթական խորհրդի կողմից կազմակերպւող նմանօրինակ հանդիպումները նպատակ ունեն ապահովել դպրոցներում աշակերտների առողջ եւ որակեալ սնունդը՝ նպաստելով նրանց ընդհանուր բարեկեցութեանը եւ առողջ զարգացմանը։
Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ