
Սուրբ Ծննդեան տօնը կանխող աւագ տօներից է Ս. Ստեփանոս Նախավկայի տօնը, որի առիթով Թեհրանի Հայոց Թեմում, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից յայտարարւել է, որպէս Սարկաւագաց, դպրաց եւ երգեցիկ խմբերի տօն։
Այդ առիթով, հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 25-ին, օրհնութեամբ Թեմակալ Առաջնորդի, Սրբ. Վարդանանց եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Կրօնական արարողութեան պատարագիչն էր Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինումով եւ Սրբազան Հօր հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը: Արարողութեանը նախագահում էր թեմիս առաջնորդի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը: Ներկայ էին Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Քահանայ հայրերը, Սարկաւագաց, դպրաց եւ երգեցիկ խմբերը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:
Հայր Սուրբն իր քարոզի սկզբին, բնաբան ունենալով Սաղմոսի՝ «Ծառայեցէք Տեառն ուրախութեամբ» տողը, անդրադարձաւ ծառայութեան երկու հիմնական իմաստներին՝ առաջինը, որպէս մարդկային ծառայութիւն եւ երկրորդը՝ ազգային ծառայութիւն:
Նա նշեց, որ մարդկային ծառայութիւնը համամարդկային ծառայութիւն է, որը չի ճանաչում ոչ ազգ եւ ոչ կրօն, այլեւ մարդը մարդուն օգնութիւն է բերում երբ կարիքն է զգացւում եւ այսօր առաւել քան երբեւէ կարիքն է զգացւում համամարդկային անսակարկ ծառայութեան: Նա շարունակելով անդրադարձաւ ազգային ծառայութեան, որի կենտրոնն է Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է տէրը եւ պահապանը մեր ազգի եւ նշեց, որ այսօր տօնն է եկեղեցու ծառայողների. տօնն է Ս. Ստեփանոս նախավկայի՝ առաջին սարկաւագի եւ առաջին մարտիրոսի, ով նահատակւեց յանուն Քրիստոսի:
Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում Նոր Կտակարանի Գործք առաքելոց գրքում Սուրբ Ստեփոնոս Նախավկայի կեանքին ու նահատակութեան մատնանշումով ակնարկեց նրա առաքինութիւններին եւ բնութագրեց Սուրբի առանձնայատկութիւնները: Նա նշեց, որ Ս. Պատարագին ներկայ հրեշտակների մարմնաւորումը եւ ներկայացուցիչները, ինչ որ ձեւով սարկաւագները, կիսասարկաւագները եւ դպիրներն են իսկ հրեշտակների ձայները՝ երգեցիկ խմբերը:
Հայր Սուրբն իր քարոզի աւարտին յանուն Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, շնորհաւորեց թեմիս բոլոր սարկաւագներին, կիսասարկաւագներին, դպիրներին, երգեցիկ խմբերին եւ եկեղեցու սպասաւորներին եւ ասաց.-«Քրիստոս Ս. Ստեփանոսի ճամբով եւ այսօր իր օրհնեալ տօնի առթիւ մեզ յիշեցնում է, որ նմանելով երկնային հրեշտակներին, պէտք է լինենք ուրախ մեր ծառայութեան մէջ եւ ձգտենք կատարելութեամբ մատուցել մեր լաւագոյնը եւ երախտապարտ լինենք մեր մայր եկեղեցուն»:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ