Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ազգային դպրոցների այցելութեան շարանի 2-րդ շաբաթն սկսւեց հոկտեմբերի 3-ից, այցելելով նախ՝ Էլպիս Ֆերահեան Մանկապարտէզ՝
Ապա՝ Ռոստոմ տղ. դպրոց՝
Եւ վերջում՝ Գոհար տղ. դպրոց:
Բոլոր դպրոցներում Սրբազան Հօրը դիմաւորեցին ծաղկեփնջով և աւանդական աղ ու հացով:
Առաջնորդ Սրբազանը աղ ու հացն օրհնելուց յետոյ, մօտեցաւ աշակերտ-ուհիներին և բոլորը միասին աղօթեցին:
Տէրունական աղօթքից յետոյ, դպրոցների տեցչուհի, փոխտեսչուհի և փոխտեսուչը, տեսչական և ուսուցչական կազմի կողմից բարի գալստեան խօսք ասացին Սրբազան Հօրը:
Այնուհետև մանկապարտէզի բալիկները իրենց խմբական գեղեցիկ երգերով, բարձր խանդավառութիւն առաջացրին բոլոր ներկաների սրտերում:
Ռոստոմ և Գոհար դպրոցների աշակերտները հանդէս եկան աշակերտական խօսքերով և ասմունքներով:
Ռոստոմ դպրոցում, Սրբազան Հայրը աշակերտոթեանը դիմած իր խօսքերում ասաց. «... ես քանի որ Ռոստոմ դպրոցի աշակերտներին շատ եմ սիրում, ուզում եմ որ դուք լաւ աշակերտներ լինէք: Լաւ աշակերտ լինելն իմ համար 3 բան է նշանակում. Առաջին՝ դասերը լաւ սովորէք, յատկապէս Հայոց Լեզու, Կրօն, Հայոց Պատմութիւն և ընդհանրապէս բոլոր դասերը: Երկրորդ՝ հնազանդ, հաւատարիմ և խօսք լսող լինէք և լսէք ձեր ուսուցիչներին, տեսուչին, ծնողներին և ընդհանրապէս բոլոր ձեր մեծերին: Իսկ երրորդ՝ ձեր դպրոցը սիրէք, սիրել նշանակում է այն ինչ դպրոցում կայ ձերն է, հետևաբար պէտք է դրան լաւ նայէք ...»:
Առաջնորդ Սրբազանը, Գոհար դպրոցում իր հայրական արտայայտութիւնն սկսեց այսպէս՝ «Սիրելիներ, 2015-2016 ուսումնական տարեշրջանն սկսում ենք խաղաղ պայմաններում և Աստծու օրհնութեամբ, նաև մեր ծնողների ու դպրոցական կազմի համագործակցութեամբ և հովանաւորութեամբ: Սա իրօք Աստւածային օրհնութիւն է և բարիք, որովհետև այս օրերին հազարաւոր պատանիներ և ձեր տարիքի աշակերտներ, զրկւել են և զրկւում են խաղաղօրէն իրենց ուսումնական տարեշրջանն սկսելուց և շարունակելուց. հետևաբար, մենք Աստծուն փառք տալու մեծ պատճառ ունենք ...»:
Սրբազան հայրը վերջում օրհնեց աշակերտներին և առողջութիւն ու յաջողութիւն մաղթեց բոլորին:
Հարկ է նշել, որ այցերի ընթացքին ներկայ էին Կրթական Խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Մելինէ Բադալը և պրն. Դաւիթ Մարգարեանը: