«Ալիք» - Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի իրականացրած աշխատանքների մասին համայնքին իրազեկ դարձնելու նպատակով օրերս հարցազրոյց ենք ունեցել խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանի հետ:
Զրոյցի սկզբում Սեւան Դանիէլեանը կարեւորութեամբ խօսեց՝ Իրանում «Սրբազան պաշտպանութեան» շաբաթւայ ընթացքում Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից Կրթական խորհրդին ուղղւած հրաւէրի մասին: Նա ասաց. «Թւականիս սեպտեմբերի 28-ին 6-րդ շրջանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից ստացանք հրաւէր «Մեհրէ փայդարի» ծրագրի շրջագծում մասնակից լինելու Թեհրանի «Բաղ-մուզէ Դեֆա մողադդաս»-ում (Սրբ. Պաշտպանութեան թանգարան) կազմակերպւած միջոցառմանը, որին մասնակից էին ուսումնադաստիարակչութեան նախարարը, ինչպէս նաեւ Թեհրան նահանգի ուսումնադաստիարակչութեան գերատեսուչը, նահատակների հիմնարկի, քաղաքապետարանների ու յարակից բաժինների պատասխանատուներ: Միջոցառմանը Կրթական խորհրդի կողմից մասնակցել էինք երկու հոգով՝ ես եւ Դաւիթ Մարգարեանը եւ պէտք է աւելացնել, որ որպէս ազգային իշխանութեան ներկայացուցիչներ՝ մեր նկատմամբ ընդառաջումը շատ ջերմ էր»: Նա աւելացրեց, որ «Ծրագիրը հպարտութեան առիթ էր մեզ համար, քանի որ թէ՛ պատկերասփռւող տեսաֆիլմը, եւ թէ՛ արտայայտութիւնները իրապէս վեր հանեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայութեան անժխտելի դերակատարութիւնը: Իսկ որ կարեւորն էր՝ ծրագրի ընթացքում գնահատւեց հայ նահատակ զինւոր Վահիկ Իսայեանի քոյրը՝ Վիոլետ Իսայեանը եւ մենք, որպէս ներկայացուցիչներ եւս բեմ հրաւիրւեցինք՝ գնահատագիրը յանձնելու համար:
Վերոնշեալ բաժնին անդրադառնալուց յետոյ՝ Կրթական խորհրդի ատենապետի հետ զրուցեցինք խորհրդի ընթացիկ եւ առաջիկայ աշխատանքների մասին: Պրն. Դանիէլեանը շարունակելով խօսքը, նշեց. «Նորանշանակ Կրթական խորհուրդը իր աշխատանքը սկսել է օգոստոսի 5-ից, 11-հոգանոց անձնակազմով, սակայն սկզբից մէկ հոգին հրաժարւեց եւ աշխատանքը շարունակել ենք 10 հոգով: Այժմ խորհրդի միւս անդամներեն են՝
Ատենապետը աւելացրեց, որ 2015-2016 ուսումնական տարեշրջանին Կրթական խորհուրդը կանգնել էր մանկապարտէզների գծով մի բարդ իրավիճակի դիմաց, որը բարեբախտաբար հարթւեց: Խօսելով աշակերտների թւաքանակի նւազման պատճառով ծագած մի շարք դժւարութիւնների մասին, նա այսպէս շարունակեց. «Հիմնական հարցը առնչւում էր «Ա. Սողոմոնեան» տղայոց եւ «Յ. Թովմասեան» աղջկանց դպրոցներին: «Յ. Թովմասեան» դպրոցի տեսչի, փոխտեսչի եւ ծնողական խորհրդի անդամների հետ ունեցած հանդիպման արդիւնքում, հարցը մասամբ կարգաւորւեց: Ինչպէս գիտէք, Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից ճշտորոշւած նոր համակարգի համաձայն, այս տարի ընդհանրապէս առաջին միջնակարգի օղակը վերացւել է. այդ առումով, բարեբախտաբար, յաջողւեց «Յ. Թովմասեան» դպրոցում երկուական 2-րդ օղակի դասարաններ կազմել եւ առաջին դասարանի բացը այսպիսով լրացնել»:
Կրթական խորհրդի ատենապետը ապա անդրադառնալով «Ա. Սողոմոնեան» դպրոցի մասին նշեց. «Դպրոցը անցեալ տարեսկզբից, դժբախտաբար, փոխտեսուչ չի ունեցել, եւ թէ աշակերտների թւի ու մի շարք այլ հարցերի բերումով, լուրջ խնդիրների դիմաց էր կանգնել, ուստի մեր այս տարւայ առաջին քայլը դպրոցի համար փոխտեսչի նշանակումն էր, որն էլ յաջողւեց մեզ: Դպրոցի հարցերին վերահասութիւն տալու նպատակով հանդիպում նշանակեցինք դպրոցի տեսչի, հայոց լեզւի ուսուցչի եւ ծնողական խորհրդի ներկայացուցչի հետ եւ որոշւեց արձանագրել աշակերտներին եւ դպրոցը պահպանել ամէն գնով, այն միաւորելով «Նայիրի» տղայոց դպրոցի հետ. այժմ երկու դպրոցները աշխատում են մէկ տեսուչով, որը հաստատւած է «Նայիրի» դպրոցում:
Խօսելով դպրոցների ուսուցիչների կարգավիճակի մասին, Սեւան Դանիէլեանը ասաց. «Նախ նշեմ, որ մասամբ կարգաւորւել է հայոց լեզւի ուսուցիչների կարգավիճակը եւ բոլոր դպրոցներն օժտւած են ուսուցիչներով: Հանգստի կոչւած երեք ուսուցիչներին եւս փոխարինել են նորեկներ»:
Գալով պետական մակարդակի հանդիպումներին, նա ասաց. «Հանդիպումներ ենք ունեցել ուսումնադաստիարակչութեան 6-րդ եւ 8-րդ շրջանի գերատեսուչների հետ, քանի որ մեր հայոց դպրոցները հիմնականում գտնւում են այդ երկու շրջաններում: Աւելացնեմ, որ այս տարի նախարարութիւնը ընդհանրապէս ուսուցիչների հարցով դժւարութեան դիմաց է կանգնած, որից զերծ չենք նաեւ մենք: Մենք նաեւ հանդիպում ենք ունեցել Թեհրան նահանգի ուսումնադաստիարակչութեան գերատեսչի՝ Էսֆանդիար Չհարբանդի հետ, որը բաւականին դրական հանդիպում էր, նոյնիսկ յիշեալի միջոցով կարգաւորւել է «Ա. Սողոմոնեան» դպրոցի հարցը, որը թւի պակասի պատճառով աշխատանքը շարունակելու դժւարութեան դիմաց էր կանգնած, իսկ «Թունեան» դպրոցի ուսուցչի պակասի հարցը նաեւ կարգաւորւել է յիշեալի միջոցով: Մենք պրն. Չհարբանդին առաջարկել ենք, որ Կրթական խորհրդից ներկայացուցիչներ ներգրաււեն Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից կեանքի կոչւած տեղակալների խորհրդում, որպէսզի շատ հարցերին, որոնք նաեւ առնչւում են մեզ, մենք մօտկից միջամուխ լինենք: Այս հարցը եւս դրական արձագանգ ստացաւ: Մի խօսքով կապերը բաւականին յաջող են եւ հարցերին կարելի է լուծում տալ շատ արագ: Հանդիպումներ ենք ունեցել Թեհրան նահանգի միջնակարգի եւ տարրականի օղակների պատասխանատուների տեղակալներ պրն. Հոսէյնիի եւ դոկտ. Համիդիի հետ եւ վերջնիս միջոցով կարգաւորել ենք «Ռոստոմ» դպրոցում ծագած հարցը: Պատասխանատուները նաեւ կարեւորութեամբ են մօտեցել դպրոցների որակի բարձրացման առումով մեր նշած խնդիրներին»:
Պրն. Դանիէլեանը խօսելով դպրոցների որակի հարցի մասին, ասաց. «Ուսումնական համակարգում Բաքֆա կոչւող սիստեմ է աշխատում, այդ նախագծի համաձայն՝ 30-ից պակաս աշակերտներ ունեցող դասարաններին ուսուցիչ չի տրամադրւում: Ուստի՝ ամէն տարի մենք դժւարութեան դիմաց ենք կանգնում ուսուցիչ ստանալու հարցով, որը մեզ համար վերածւել է հիմնահարցի: Պրն. Չհարբանդի հետ հանդիպման արդիւնքում, փորձել ենք մի ելք գտնել, որպէսզի մեր դպրոցները այդ համակարգից ձերբազատւեն եւ մենք հնարաւորութիւն ունենանք ժամանակին լաւ ուսուցիչներով օժտենք մեր դպրոցները: Պրն. Հոսէյնին եւս խոստացել է ուսումնասիրել հայոց դպրոցների հարցը, որպէսզի համատեղ ջանքերով կարելի լինի բարձրացնել մեր դպրոցների որակը: Նոյնիսկ մեզ արտօնութիւն է տրւել վերահսկել մեզ տրամադրւող պետական ուսուցիչներին: Մենք շարունակելու ենք նաեւ մեր պետական մակարդակով հանդիպումները՝ դպրոցների վերակարգաւորման եւ որակի բարձրացման հարցով»:
Խօսելով Կրթական խորհրդի կողմից դպրոցների ներքին աշխատանքների կապակցութեամբ, նա ասաց. «Մենք հանդիպումներ ենք ունեցել եւ ունենալու ենք դպրոցների փոխտեսուչների, հայ ուսուցիչների եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Կրթական խորհուրդը կեանքի է կոչել տարբեր յանձնախմբեր՝ մշակութային, մարզական, դպրոցական էջ եւ կրթութեան մակարդակը բարձրացնող յանձնախումբ: Այս տարի մենք որոշեցինք կրթութեան մակարդակը բարձրացնող յանձնախումբը բաժանել երկու մասի՝ առաջին՝ հայերէն առարկաներ ու հայեցի դաստիարակութիւն, երկրորդ՝ պարսկերէն առարկաներ:
Մենք համոզւած ենք, որ եթէ ծնողը ընտրում է հայոց դպրոցը, ուստի՝ մենք եւս որպէս առաջնահերթ պարտականութիւն պէտք է կարեւորենք հայեցի դաստիարակութիւնը: Մենք այդ յանձնախմբից պահանջել ենք այդ ուղղութեամբ ծրագրեր մշակել: Յանձնախմբերը մասամբ նոր են սկսել իրենց աշխատանքները: Մենք որոշել ենք մամուլի միջոցով ծրագրերի մանրամասնութիւնները ծանօթացնել հանրութեանը, որովհետեւ ինչքանով ժողովուրդը իրազեկ դառնայ ծրագրերի մասին եւ թերութիւնների վերաբերեալ մեզ տեղեկացնի, է՛լ աւելի սահուն կընթանան աշխատանքները:
Գալով կրթաթոշակներին, պէտք է ասեմ, որ այս տարի մեր մօտեցումները մասամբ փոխւել են, թէեւ կրթաթոշակները 20-ից 25 տոկոսով բարձրացրել ենք, բայց ցանկանում ենք մեր ծնողները տեղեակ լինեն, որ իւրաքանչիւր աշակերտի համար ինչքան գումար է ծախսւում եւ թող մեր ծնողները վստահ լինեն, որ ազգային իշխանութիւնը իւրաքանչիւր աշակերտի համար սուբսիդ է վճարում: Նշեմ, որ Կրթական խորհուրդը մի շարք առաջարկութիւններ է ներկայացրել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, որոնք եւ վաւերացւել են»:
Խօսելով դպրոցների շէնքերի ամրակայման մասին, Կրթական խորհրդի ատենապետը աւելացրեց. «նախ դպրոցների թւային պատկերը պէտք է համապատասխանեցնենք մեր աշակերտների թւային պատկերին, մի խօսքով՝ նախ վերադասաւորենք դպրոցները, յետոյ որոշում ընդունել դպրոցների ամրակայման մասին:
Նա վերջում յոյս յայտնեց, որ դպրոցների հարցով փարատւեն դժւարութիւնները եւ համայնքը դրական փոփոխութիւնների ականատեսը լինի: