Monday, 06 November 2023
Բշ. ԲԿ Սրբոցն Ստեփաննոսի Հռովմայ Հայրապետին եւ քահանայիցն, սարկաւագացն եւ ժողովրդոցն
Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ:
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 5.1-8։ Ամոս 3.12-15։ Եփեսացիներ 3.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16։
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ
5 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, 2տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղիցեւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար։ 3Նրանք պիտի զղջան իրենց մտքումեւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս։ 4Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ 5Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։ 6Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը։ 7Մենք խրուեցինք անօրէնութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ 8Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը։
Ամոս
12Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս հովիւը կը կարողանայ առիւծի բերանից ազատել երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպէս պիտի փրկուեն իսրայէլացիները, որոնք ապրում են Սամարիայումնրանց ազգի դէմ դիմաց եւ դամասկացիների մէջ։ 13Քահանանե՛ր, լսեցէ՛ք եւ վկայութիւն տուէք Յակոբի այդ տանը, – ասում է Ամենակալ Տէրը, 14քանի որ այն օրը, երբ Իսրայէլի ամբարշտութեան պատճառով պիտի պատժեմ նրան, վրէժ պիտի առնեմ նաեւ Բեթէլի զոհասեղանից, պիտի փշրուեն զոհասեղանի եղջիւրները եւ գետին ընկնեն։ 15Ես պիտի խորտակեմ ընդարձակ ապարանքներն ու ամարանոցները, պիտի անհետանան փղոսկրեայ ապարանքները, եւ շատ ուրիշ ապարանքներ պիտի ընկնեն», – ասում է Տէրը։
Եփեսացիներ
3 Ահա թէ ինչու ես՝ Պօղոսը, ձեզ՝ հեթանոսներիդ համար Յիսուս Քրիստոսի բանտարկեալն եմ։ 2Թերեւս դուք լսած լինէք Աստծու շնորհի տնտեսութեան մասին, որ տրուեց ինձ ձեզ համար. 3որովհետեւ յայտնութեա՛մբ ցոյց տրուեց ինձ խորհուրդը, ինչպէս աւելի վերեւ գրեցի ձեզ համառօտակի, 4որպէսզի կարող լինէք ընթերցել եւ տեսնել իմ իմացութիւնը Քրիստոսի խորհրդի մէջ, 5խորհուրդ, որ այլ սերունդների մարդկանց որդիներին ցոյց չտրուեց, ինչպէս այժմ այն յայտնուեց իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին Սուրբ Հոգու միջոցով, 6որպէսզի հեթանոսները Քրիստոս Յիսուսի միջոցով ժառանգակից, նոյն մարմնի անդամ եւ նրա խոստմանը հաղորդակից լինեն Աւետարանով։ 7Եւ այդ Աւետարանին ես սպասաւոր եղայ ըստ Աստծու շնորհի այն պարգեւների, որ տրուեցին ինձ նրա զօրութեան ներգործութեամբ 8(ես, որ յետինն եմ բոլոր սրբերի, ինձ տրուեց այս շնորհը)՝ աւետարանելու հեթանոսներին Քրիստոսի անքնին մեծութիւնը 9եւ բոլորին լուսաւորելու, որպէսզի գիտենան, թէ ի՛նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ ծածկուած էր ի յաւիտենից Աստծու մօտ, որ ստեղծեց ամէն ինչ, 10որպէսզի եկեղեցու միջոցով յայտնի լինի այժմ երկնային իշխանութիւններին եւ պետութիւններին Աստծու բազմապատիկ իմաստութիւնը:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
11Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ 12Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ 14Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ 15Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ 16Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ։