Sunday, 12 May 2024
Երկրորդ Ծաղկազարդ
Քրիստոսի Համբարձման տօնին յաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Այս օրը խորհրդանշում է Քրիստոսի յաղթական մուտքը վերին Երուսաղէմ ։
Երկնային Երուսաղէմ մուտքի ժամանակ, Յիսուս Քրիստոսին արմաւենու եւ ձիթենու ճիւղերով դիմաւորեցին մարդիկ, բայց երկրորդ Ծաղկազարդի ժամանակ համբարձեալ Քրիստոսին դիմաւորեցին հրեշտակները:
Այս իրադարձութիւնը միայն հայոց եկեղեցում է տօնւում, եւ հիմնւած է մի աւանդութեան վրայ։
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի խոր վիրապում բանտարկութեան շրջանին ամենօրեայ կարգով մի հրեշտակ էր նրան այցելում։
Մի օր նա բացակայում է: Յաջորդ օրը սուրբ Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Յիսուս Քրիստոսը անցել է հրեշտակների դասերի միջով:
Ահա այն սաղմոսը, որը համարւում է այս իրադարձութեան մարգարէութիւնը։ Սա բովանդակութեամբ ներկայացնում է երկնային դասերի երկխօսութիւնը համբարձման ժամանակ։ Իւրաքանչիւր հրեշտակային դաս տեսնելով Քրիստոսի փառացս ի փառս բարձրանալը, հարց էր տալիս միւս դասից թէ՝ ով է Նա որ ելնում։ Եւ Տիրոջ ներկայութիւնը վայելած դասը պատասխանում էր, Նա Փառքի Տէրն է։ Սա մի սաղմոս է, որը արտասանւում է Սուրբ եւ Անմահ Պատարագի Ս․ Սկիհի վերաբերման ժամանակ, որը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը երկնային անձեռակերտ խորան։
«Ո՞վ է այս փառքի արքան, – կարողութեամբ հզօր Տէրն է նա, պատերազմում զօրեղ Տէրը: Վեր քաշեցէք, իշխաններ, դռները ձեր, թող բացւեն հաւիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9):
Լուսաւորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, եւ Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամէն տարի տօնում էր Քրիստոսի Համբարձումը: Ըստ Ս․ Գրիգոր Տաթեւացու բացատրութեան, բացի հրեշտակաց զինրորեալ դասից, որոնք ծառայում էին Քրիստոսին Նրա երկրաւոր կեանքում, հրեշտակների միւս դասերը չգիտէին Տիրոջ փրկարար տնօրինութեան մասին մինչեւ Համբարձումը: Մի ճշմարտութիւն որ ծածկւած էր երկնային դասերից, որը Նրա համբարձման ժամանակ բացայայատւեց երկնային բոլոր դասերի համար։