Friday, 06 December 2024
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։
Ա Թեսաղոնիկեցիներ
12Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին, Տիրոջ կողմից ձեր վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. 13եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէ՛ք նրանց՝ իրենց աշխատանքի համար։ Խաղաղութի՛ւն ունեցէք միմեանց միջեւ։ 14Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ։ 15Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք։ 16Ուրա՛խ եղէք միշտ, 17անդադար աղօթեցէ՛ք, 18ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս։ 19Մի՛ հանգցրէք Հոգին, 20մի՛ արհամարհէք մարգարէութիւնները, 21փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք, 22հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից։ 23Եւ խաղաղութեան Աստուածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապէս, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալուստը։ 24Հաւատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձեալ, որ նոյնը պիտի անի։ 25Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք նաեւ մեզ համար։ 26Ողջունեցէ՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։ 27Երդուել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցէք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին։ 28Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
14 Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը հաց ուտելու, նրանք դիտում էին նրան։ 2Եւ ահա այնտեղ, նրա առաջ ջրգողով հիւանդ մի մարդ կար։ 3Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞՝ ոչ»։ 4Նրանք լուռ մնացին։ Յիսուս նրան բռնելով՝ բուժեց եւ արձակեց։ 5Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»։ 6Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։ 7Հրաւիրուածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թէ ինչպէս նրանք պատուոյ տեղերն էին ընտրում։ 8Նրանց ասաց. «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ հրաւէրքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցէ քեզնից աւելի պատուական մէկը նրա կողմից կանչուած լինի։ 9Եւ քեզ ու նրան կանչողը գայ ու քեզ ասի՝ «Սրան տե՛ղ տուր»։ Եւ ապա սկսես ամօթով վերջին տեղը գրաւել։ 10Այլ, երբ հրաւիրուես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպէսզի, երբ քեզ կանչողը գայ եւ քեզ ասի՝ «Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր», այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես. 11որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ»։