Saturday, 21 December 2024
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր
Աբգար հայոց արքան աստւածասէր եւ մեծահաւատ էր` ըստ մարմնի թագաւորակից Քրիստոսին, որովհետեւ Քրիստոս ծնւեց Ս. Կոյս Մարիամից Աբգարի թագաւորութեան առաջին տարում եւ 30 տարի յետոյ մկրտւեց Յորդանան գետում Յովհաննէսից:
Աբգարը, լսելով նրա մասին, անմիջապէս հաւատաց Նրան` թողնելով կռապաշտութիւնը: Եւ քանզի թագաւորը հիւանդ էր բորոտութեամբ, եւ չկար բժշկութեան հնար, Աբգարն ուղարկեց Անանէին` իր փառաւոր նախարարին` ապահունիների իշխանին, նրա հետ 10 պատւաւոր մարդկանց` մեծագին ընծաներով եւ նւէրներով: Նաեւ գրեց Յիսուսին իր հաւատի խոստովանութեան նամակը եւ աղաչեց գալ` բժշկել նրան չարաչար ցաւից եւ լինել իր հետ: Անանէի հետ ուղարկեց Յովհաննէս անունով մի նկարչի, որ եթէ չկամենայ Յիսուսը գալ արքայի մօտ, նկարեն Նրա պատկերը եւ բերեն իրեն:
Անանեն եկաւ, հասաւ Երուսաղէմ Ծաղկազարդի օրը, երբ Յիսուս իջաւ Ձիթենեաց լեռի զառիվայրերով Գէթսեմանի, այնտեղից ելաւ աւանակով Երուսաղէմ քաղաքը եւ գնաց մտաւ Սողոմոնի տաճարը: Ելնելով տաճարից` Յիսուս գնաց Գամաղիէլ օրէնուսոյց վարդապետի տունը, ով Նիկոդէմոսի` Յիսուսի գաղտնի աշակերտի, եղբայրն էր, որովհետեւ Գամաղիէլը մեծարեց Յիսուսին եւ տարաւ Նրան տաճարից իր տունը: Անանէն ուղարկեց պատւաւոր իւրայիններին Յիսուսի աշակերտների մօտ` հարցնելու նրանցից, թէ «ինչպէ՞ս տեսնենք Քրիստոսին»: Ըստ Յովհաննէս (Աւետարանչի), որ ասում է. «Կային այնտեղ ոմանք հեթանոսներից, որ եկան Երուսաղէմ եւ մօտեցան Փիլիպոսին ու ասացին. «Տէ´ր, կամենում ենք Յիսուսին տեսնել»: Փիլիպոս ասաց Անդրէասին: Անդրէասն ու Փիլիպոսը ասացին Յիսուսին եւ տարան նրանց Յիսուսի մօտ: Անանէն եւ իւրայինները տեսան Յիսուսին առաքեալների հետ Գամաղիէլի տանը: Յիսուս ընդունեց նրանց ուրախութեամբ եւ ասաց. «Հասաւ ժամը, որ փառավորւի մարդու Որդին»: Անանէն ոտքի կանգնեց, տւեց նամակը, երկրպագեց եւ Յիսուսին փոխանցեց արքայի ողջոյնը: Յիսուս օրհնեց Աբգարին եւ նրա թագաւորութիւնը, հրամայեց Թովմային նրան պատասխան գրել, երանի տւեց Աբգարին նրա հաւատի համար եւ ասաց. «Փոքր-ինչ ժամանակ եմ աշխարհում, ապա կվերանամ երկինք՝ Իմ Հօր մօտ: Այնժամ կուղարկեմ քեզ մօտ Իմ աշակերտներից մէկին` կեանք տալու համար քեզ եւ ովքեր քեզ մօտ են»: Յիսուս օրհնեց նաեւ այն պատկերը, որ նկարել էր Աբգարի սուրհանդակը: Այն բերեցին եւ տւեցին Աբգարին` փոխանակ Տիրոջ: Տեսնելով այն` բարեպաշտ արքան ուժգին բերկրեց եւ համբուրեց ջերմեռանդ սիրով ու հաստատուն հաւատով, որով այնժամ առողջացաւ կէս մարմնով: Աբգարը համարեց, թէ տեսաւ Քրիստոսին մարմնով:
Քրիստոսի համբարձումից եւ Հոգեգալուստից յետոյ, զինւած գեղարդով եւ Ս. Հոգով` Թադէոս առաքեալը եկաւ Տուբիա բագրատունի իշխանի տանը եւ բժշկեց նրան (որովհետեւ մահճին գամւած էր իր հիւանդութեամբ): Աբգարը, լսելով դրա մասին, ասաց, թէ. «Սա նա է, որին խոստացաւ ուղարկել ինձ Քրիստոս» եւ, ուղարկելով նրա ետեւից, կանչեց իր մօտ Ս. առաքեալին: Երբ Թադէոսը մտաւ Աբգարի մօտ, արքան, վեր կենալով իր գահից, երկրպագեց Թադէոսին եւ օրհնութիւն խնդրեց առաքեալից, քանզի սքանչելի նշան տեսաւ նրա երեսին եւ ոսկէ թագ Թադէոսի գլխին, ինչպէս թագաւորի մօտ: Թադէոսը, ձեռքը դնելով թագաւորի գլխին, Քրիստոսի անւամբ փարատեց նրանից բորոտութեան ցաւը: Ապա մկրտելով թագաւորին` բոլորովին բժշկեց նրան չար հիւանդութիւնից: Նոյնպէս եւ բոլոր քաղաքացիները հաւատացին Քրիստոսին եւ մկրտւեցին:
Առաքեալը կառուցեց եկեղեցիներ, ձեռնադրեց քահանաներ եւ պաշտօնեաներ: Ձեռնադրեց եպիսկոպոս Ադդէ կերպասագործին` Քրիստոսի 70 աշակերտներից, եւ թողեց նրան իր փոխարէն քաղաքի առաջնորդ: Իսկ ինքը՝ առաքեալը, վերցնելով Աբգար արքայից հրովարտակներ, որպէսզի ամէն ոք հնազանդւի Քրիստոսի աւետարանին Թադէոսի քարոզութեամբ, շարժւեց դէպի Վերին Հայք, Սանատրուկ արքայի մօտ, ով Աբգարի քրոջ որդին էր:
Աստւածասեր Աբգար թագաւորը եղաւ առաքելաբար Աւետարանի պատմողը. նշաններ եւ բժշկութեան հրաշքներ էր գործում: Գրեց նամակ Հռոմի կայսր՝ Տիբերիոսին, որպէսզի նա հրաման տայ իր տէրութեան բոլոր գաւառներում պաշտել Աստծուն` Յիսուս Քրիստոսին` ծնւած Բեթղեհէմում Ս. Կոյս Մարիամից, ով անարգւեց Պիղատոսից եւ խաչւեց հրեաների կողմից: Նոյն նամակը Աբգար թագաւորը գրեց պարսից Արշաւիր արքային` իր ազգականին եւ յանձնարարեց նրան ընդունել Սիմոն Կանանացուն, նոյն ինքը Շմաւոն նախանձայոյզին` Յովսէփի որդուն եւ Յակոբոս Տեառնեղբօր եղբօրը: Թագաւորը նրան յանձնեց Արշաւիր արքային, որպէսզի լսեն առաքեալի քարոզը: Բաբելացիների Ներսեհ մանուկ արքային նոյնպես գրեց Աբգարը` հնազանդ լինել Աւետարանի քարոզին եւ պաշտել Քրիստոս Աստծուն: Եւ այնպէս յօժարութեամբ հոգ էր տանում բարեպաշտ Աբգարը` ամենուր Քրիստոսի արքայութիւնը քարոզելու համար, որպէսզի Քրիստոսի Աւետարանի քարոզը ընդդիմութեան չհանդիպի:
Քրիստոսին հաւատացող հեթանոս թագաւորներից առաջինը եւ բոլոր քրիստոնեայ թագաւորների անդրանիկը` բարեպաշտ Աբգար թագաւորը, իր կեանքը եւ թագաւորութիւնը այսպէս կարգաւորելուց յետոյ, առաքինի կեանքով ապրած եւ ալեւորութեան հասած, հանգեց ի Քրիստոս եւ փոխադրւեց անանց թագաւորութիւն դեկտեմբերի 31-ին: