Tuesday, 18 February 2025
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն
Սուքիասեանց Քահանաների խումբի գլխաւորի անունը Բահաթրա է եղել, եւ մկրտութեան ժամանակ նրան Սուքիաս են վերանւանել, որը յունական Հիւսիքոս անւան հնչիւնփոխւած ձեւն է։ Նա որպէս Ալանաց թագաւորի երկրորդական գահակից իշխան, եւ իբր Սաթենիկ թագուհու պալատական՝ նրա եւ իր ընկերակիցների հետ միասին Հայոց արքունիքն է անցել, որից յետոյ Ոսկեանց քահանաների քարոզութեամբ ընդունելով քրիստոնէութիւնը, թողնելով Արքունիքը Ջրաբաշխ լեռ բարձրանալով իր ընկերների հետ միասին ճգնողական կեանք են սկսում եւ միայն բոյսերով կերակրւում։ Նրանք 44 տարի, ճգնողական կեանք վարելուց յետոյ Ալան թագաւորի հետապնդութեամբ, եւ Բառլահա անւամբ զօրավարի հետախուզմամաբ, ձեռբակալւում են եւ վերջինիս ձեռքով Սուկաւէտ լեռան վրայ տարահամոզման փորձերից յետոյ ցիցահանւում եւ բրածեծ լինում: Սուքիասն ու Պօղիքտէս եւ Կոդրատոսը, դիմադրելով տանջանքներին, ընկերներին քաջալերում են աղօթքով զօրանան։ Ի վերջոյ սրով նահատակւում են Քրիստոսի 17 վկաները։ Նրանց անուններն են. 1. Սուքիաս, 2. Ղուկիանոս, 3. Պօղիքտէս, 4. Կոդրատոս, 5. Անտիոքոս, 6. Իքսորմն, 7. Մեմնաս, 8. Փոկաս, 9. Սերգիոս, 10. Դոմետիոս, 11. Ադրիանոս, 12. Զոսիմոս, 13. Բիկտորիոս, 14. Թալկիսոս, 15. Յորդանէս, 16. Անաստաս, 17. Թէոդորոս։ Խումբին ամբողջութիւնը կը լրացնեն 18. Յակոբոս եւ 19. Թէոդոս եւ Յակոբոսը փրկւելով կոտորածից եւ Բառլահայի հեռանալուց յետոյ, իրենց ընկերների մարմինները թաղում եւ շարունակում են իրենց ճգնաւորական կեանքը եւ պատճառ դառնում ուրիշ քրիստոնեաներ եւս Սոկաւէտում նւիրւեն կրօնաւորական կեանքին։