Thursday, 20 February 2025
Սրբոց Ոսկեանց
Սուրբ Ոսկեանց քահանաները Հռոմի կայսերական պալատի կողմից Արտաշէս Արշակունի արքայի գահակալութեան առիթով Հայաստան էին եկել, շնորհաւորելու այդ առիթը: Ճանապարհին հանդիպելով Ս. Թադէոս առաքեալին՝ նրա քարոզչութեան եւ հրաշագործութիւնների շնորհիւ դարձի են գալիս եւ մկրտւում: Ս. Թադէոս Առաքեալը խմբի գլխաւորին՝ Խրիզոսին (յունարէն՝ Ոսկի) քահանայ է ձեռնադրում, որի անունով էլ խումբը կոչւում է Ոսկեանք: Շուտով նրանք թողնելով իրենց երկրային ծառայութիւնը աշակերտում են Սուրբ Առաքեալին։ Նրանք օրըստօրէ հոգեւոր կեանքում յառաջանալով հաստատւում են բարեպաշտութեան մէջ:
Ս. Առաքեալի նահատակութիւնից (46 թ.) յետոյ Ոսկեանք քահանաները առանձնանալով Հայաստանի Ծաղկոտն գաւառի լեռներում, որտեղից սկիզբ է առնում Եփրատը, տրւում են աղօթական եւ ճգնողական կեանքի: Աւելի քան 40 տարի այսպէս ապրելուց յետոյ աստւածային առաջնորդութեամբ Ոսկեանք, գալիս են Արտաշէս արքայի պալատը: Այստեղ նրանց քարոզի շնորհիւ դարձի են գալիս Սաթենիկ թագուհու հետ Ալանաց աշխարհից եկած մի խումբ մարդիկ՝ 19 հոգի, որոնց Ս. Ոսկին մկրտում է Եփրատի ակունքում՝ փոխելով բոլորի անունները. առաջինին անւանում են Սուքիաս, որտեղից էլ ծագում է խմբի ընդհանուր անւանումը՝ Սուքիասեանք:
19 անձանց հեռացումն աշխարհից արքունիքում ընկալւում է իբրեւ չարիք եւ մոլորութիւն: Հայոց արքայորդիները, գտնելով նրանց, տարահամոզման բոլոր փորձերը ապարդիւն գտնելու յետոյ նահատակում նրանց։
Նրանց յիշատակը նշւում է Առաջաւորաց պահքին յաջորդող հինգշաբթի օրը, երբեմն էլ՝ երեքշաբթի՝ Ս. Սուքիասեանց հետ միասին: