Monday, 07 April 2025
ԼԶ օր Մեծի Պահոց Ապրիլի 7, Յիշատակ տասն կուսանացն. Աւետումն Ս. Աստուածածնի:
Երգ Երգոց 1.1‐11։ ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ Եսայի 52.7‐10։ Զաքարիա 2.10‐13։ Մաղաքիա 3.1‐2։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1․26‐28։
Երգ Երգոց
1 Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով։ 2Քո ստինքներն աւելի լաւ են գինուց,եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից։ Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, 3եւ դէպի իրենց ձգեցին քեզ։ Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»։ «Արքան ինձ իր սենեակը տարաւ»։ «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով,եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»։ «Արժանին սիրեց քեզ»։ 4«Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման։ 5Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ։ Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»։ 6«Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, 7ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»։ 8«Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերովեւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ։ 9Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»։ 10«Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման,եւ գեղեցիկ է քո պարանոցը,ասես մանեակներով զարդարուած լինի։ 11Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս,որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով:
ԱՌԱԿՆԵՐ
30Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։ 31Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։
12 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։ 2լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։ 3Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն։ 4Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։
Եսայի
7Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»։ 8Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին։ 9Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը։ 10Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկութիւնը։
Զաքարիա
10«Խնդա՛ եւ ուրախացիր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կը գամ եւ կը բնակուեմ քո մէջ, – ասում է Տէրը, – 11եւ այդ օրը շատ ազգեր կ՚ապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կը դառնան ու կը բնակուեն քո մէջ»։Երբ դա պատահի, դու կ՚իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ։ 12Տէրը կը ժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կը լինի Երուսաղէմի հանդէպ, 13եւ ամէն մարմին երկիւղ կը կրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից։
Մաղաքիա
3 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտռում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք։ 2Ահա գալիս է, – ասում է Ամենակալ Տէրը, – ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան, եւ կամ ո՞վ հանիստտ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ։
Բ Կորնթացիներ
16եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. 17կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. 18ասում է Ամենակալ Տէրը։
7 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
26Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։ 28Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։
Դանիէլ 7։2-27 Ա Կր 12.1-7
Հաճելի թուաց Դարեհին, եւ նա իր թագաւորութեան մէջ հարիւրքսան նախարար նշանակեց, որպէսզի իր ողջ թագաւորութեան մէջ նախարարներ լինեն. 2նա նրանց վրայ կարգեց երեք հրամանատարներ, որոնցից մէկը Դանիէլն էր, որպէսզի նրանք նախարարներին հրաման տան, եւ թագաւորը չծանրաբեռնուի։ 3Դանիէլը առաւելութիւն ունէր նրանց վրայ, որովհետեւ նրա մէջ աւելի բարձր հոգի կար, 4ուստի թագաւորը նրան նշանակեց կառավարիչ իր ողջ թագաւորութեան վրայ։ Հրամանատարներն ու նախարարները նախանձում էին եւ առիթ էին փնտռում մեղադրելու Դանիէլին։ Բայց ոչ մի առիթ, յանցանք եւ մեղք չէին գտնում, որովհետեւ նա հաւատարիմ էր։ 5Հրամանատարներն ասացին. «Մենք Դանիէլի դէմ ոչ մի այլ բանում առիթ չենք գտնի, բացի նրա Աստծու օրէնքներից»։ 6Այն ժամանակ հրամանատարներն ու նախարարները կանգնեցին թագաւորի առաջ եւ ասացին նրան. «Դարե՛հ արքայ, թող կեանքդ յաւիտեան լինի. 7քո թագաւորութեան մէջ գտնուող բոլոր զօրավարներն ու նախարարները, իշխաններն ու կուսակալները խորհուրդ արին արքունական համաձայնութեամբ հաստատելու եւ ամրացնելու մի ուխտ, որ, եթէ մինչեւ երեսուն օր որեւէ մէկը որեւէ բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛յ, կը նետուի առիւծների գուբը։ 8Արդ, արքա՛յ, հաստատի՛ր ուխտը եւ հրամա՛ն գրիր, որպէսզի չանտեսուի մարերի եւ պարսիկների օրէնքը»։ 9Այն ժամանակ Դարեհ արքան պատուիրեց գրել հրամանը։ 10Դանիէլը երբ իմացաւ, որ հրաման է եղել, մտաւ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացուած էին դէպի Երուսաղէմ։ Օրական երեք անգամ նա ծնրադրում էր եւ աղօթում, գոհութիւն էր յայտնում իր Աստծուն, ինչպէս առաջ էր անում։ 11Այն ժամանակ այդ մարդիկ գաղտնի դիտեցին եւ տեսան Դանիէլին, որ աղօթում էր եւ աղաչում իր Աստծուն։ 12Եկան եւ ասացին թագաւորին. «Արքա՛յ, դու ուխտ չհաստատեցի՞ր, թէ իւրաքանչիւր մարդ, որ մինչեւ երեսուն օր բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից՝ արքայից, կը նետուի առիւծների գուբը»։ Եւ արքան ասաց. «Ճշմարիտ է այդ խօսքը. մարերի ու պարսիկների հրամանը օրինական չէ խախտել»։ 13Այն ժամանակ պատասխանեցին թագաւորին եւ ասացին.
«Դանիէլը, որ Հրէաստանի գերեվարուածներից մէկն է, չհնազանդուեց քո հրամանին, արքա՛յ, եւ օրական երեք անգամ բան է խնդրում իր Աստծուց»։ 14Այն ժամանակ, երբ թագաւորը լսեց այս խօսքը, շատ վշտացաւ Դանիէլի համար եւ ջանում էր փրկել նրան։ Մինչեւ երեկոյ մտածում էր փրկել նրան։ 15Այն ժամանակ այդ մարդիկ ասացին թագաւորին. «Իմացի՛ր, արքա՛յ, որ օրինական չէ խախտել պարսիկների ու մարերի հրամանը եւ ամէն ուխտ ու դաշինք, որ արքան է հաստատում»։ 16Այն ժամանակ թագաւորը հրամայեց, եւ Դանիէլին բերին ու նրան նետեցին առիւծների գուբը։ Արքան ասաց Դանիէլին. «Այն Աստուածը, որին դու յաճախ աղօթում ես, նա կը փրկի քեզ»։ 17Եւ բերեցին մի քար, դրեցին գբի վրայ, եւ թագաւորը կնքեց այն իր մատանիով եւ մեծամեծների մատանիներով, որպէսզի այլ բան չպատահի Դանիէլին։ 18Թագաւորը գնաց իր տուն, պառկեց առանց ընթրիքի, խորտիկ չմատուցեցին նրան, եւ նրա քունը փախաւ։ Աստուած փակեց առիւծների բերանը, եւ նրանք չյօշոտեցին Դանիէլին։ 19Այն ժամանակ արքան առաւօտեան լուսաբացին ելաւ, շտապ եկաւ առիւծների գուբը 20եւ, երբ մօտեցաւ գբին, բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, կենդանի Աստծու ծառա՛յ, քո Աստուածը, որին դու յաճախ աղօթում էիր, կարողացա՞ւ արդեօք քեզ փրկել առիւծների բերանից»։ 21Եւ Դանիէլը ասաց արքային. «Արքա՛յ, թող կեանքդ յաւիտեան լինի. 22իմ Աստուածն ուղարկեց իր Հրեշտակին եւ փակեց այս առիւծների բերանները, եւ նրանք չյօշոտեցին ինձ, որովհետեւ ես արդար գտնուեցի նրա առաջ, իսկ քո հանդէպ, արքա՛յ, ոչ մի մեղք չեմ գործել»։ 23Այն ժամանակ թագաւորը ներքնապէս ուրախացաւ, հրամայեց, որ Դանիէլին հանեն գբից։ Դանիէլը հանուեց այդ գբից, եւ վէրք բոլորովին չգտնուեց նրա վրայ, որովհետեւ նա հաւատաց իր Աստծուն։ 24Թագաւորը հրամայեց, եւ բերեցին Դանիէլի դէմ չարախօսող մարդկանց, եւ նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցուեցին առիւծների գուբը. դեռ գբի յատակին չէին հասել, երբ առիւծները յափշտակեցին նրանց եւ մանրեցին նրանց բոլոր ոսկորները։ 25Այն ժամանակ Դարեհ արքան հետեւեալը գրեց բոլոր ազգերի, ժողովուրդների եւ լեզուների մարդկանց, որ բնակւում էին ամբողջ աշխարհում. 26«Թող շատանայ ձեր խաղաղութիւնը. իմ կողմից արուեց այս հրամանը իմ թագաւորութեան բոլոր իշխանութիւններին, որպէսզի երկնչեն եւ դողան Դանիէլի Աստծուց, որովհետեւ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան. նրա արքայութիւնը չի կործանուի, եւ նրա տէրութիւնը կը մնայ մինչեւ վերջ։ 27Նա է, որ օգնական է լինում եւ փրկում, հրաշքներ է գործում երկնքում եւ երկրում, նա է, որ Դանիէլին փրկեց առիւծների բերանից»։ 28Եւ Դանիէլը յաջողութիւն էր գտնում Դարեհի եւ պարսիկ Կիւրոսի թագաւորութեան մէջ։
Ա Կորնթացիներ
12 Գալով հոգեւոր շնորհներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ չգիտենաք։ 2Գիտէք, որ, մինչ հեթանոսներ էիք, ինչպէ՜ս էիք գնում-գալիս անխօս կուռքերի մօտ։ 3Ուստի յայտնում եմ ձեզ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խօսում, չի ասի, թէ՝ «Նզովեալ է Յիսուս». եւ ոչ ոք չի կարող ասել՝ «Յիսուս Տէր է», եթէ ոչ՝ Սուրբ Հոգով։ 4Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է։ 5Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ 6Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ։ 7Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։