Sunday, 06 April 2025
6 Ապրիլ, Գալստեան կիրակի
Գալստեան կիրակի
Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչւում է «Գալստեան կիրակի»: Oրւայ Աւետարանական հատւածները պատմում են մեզ որ Քրիստոսը իր առաջին գալստեան ժամանակ յայտնւեց որպէս Փրկիչ, ծառայի կերպարանքով, բայց իր երկրորդ գալստեան ժամանակ յայտնւելու է որպէս ահեղ Թագաւոր:
ՏԻՐՈՋ ԳԱԼՈՒՍՏԸ
Տէրը իր գալստեան ժամանակ եկաւ իր շնորհն ու ողորմութիւնը մարդկաութեանը բաշխելու համար։ Նրա առաջին գալուստը եղաւ ծածուկ, ինչպէս Եսայի մարգարէն է ասում «Նրա ազգատոհմի մասին ով իմացաւ»։ Նա բոլորի հետ վարւեց հեզութեամբ ու խոնարհութեամբ, իր անձը որպէս փրկանք տւեց մեր մեղքերի քաւութեան համար ու իր յարութեամբ արդարացրեց մեզ․ իսկ երկրորդ գալուստը, լինելու է բացայայտ՝ Հօր փառքով, լուսեղէն ամպով, հրեղէն հրեշտակների ընկերակցութեամբ:
Ոչ ոք չգիտի երկրորդ գալստեան ժամանակը ըստ այս խօսքի. «Այն օրւայ և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՜չ երկնքի հրեշտակները և ո՜չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. ԻԴ 36):
Մինչ Քրիստոսի Երկրորդ գալուստը պիտի գայ նեռը, թլփատւելով պիտի պահի Մովսէսի օրէնքն ու խաբի մարդկանց՝ ասելով, թէ ինքն է Քրիստոս, և հրեաները նրան պիտի հաւատան: Իսկ ովքեր նրան չհաւատան, նրանց տանջամահ պիտի անի: Ապա Քրիստոս Իր գալստեամբ սատկեցնելու է այդ գազանին:
Տիրոջ գալստեամբ պիտի բացւի երկինքը, երկնքի զօրութիւնները և հրեշտակների հազարաւոր բանակները պիտի շարժւեն, եւ պիտի հետեւեն Յիսուս Թագաւորին և մեծ պիտի լինի Նրա բարկութիւնը: Երկինքը եւ երկիրը պիտի հրով մաքրւի։
Ինչպէս նախ փայլակն ենք տեսնում և ապա լսում նրա ձայնը, այդպէս էլ Տիրոջ գալստեամբ՝ նախ խաչը պիտի երևայ և ապա Տէրը պիտի յայտնւի:
Ապա տեղի պիտի ունենայ դատաստանը։
Յիսուս Քրիստոսը իր երկրորդ գալստեամբ նորոգելու է տիեզերքը և Իր սրբերին է տալու կեանքի պսակը: Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով՝ հաւաքելու Նրա ընտրեալներին աշխարհի չորս կողմերից (Մատթ. ԻԴ 31): Ննջեցեալների հոգիները, պիտի դառնան իրենց մարմիններին եւ յարութիւն առնելով պիտի ելնեն երկինք Նրան դիմաւորելու համար։
Քրիստոսի գալուստը դատաստանի համար երկու կերպ է լինում:
Առաջինը՝ երբ գալիս է իւրաքանչիւր մարդու մահւան օրը՝ առանձնական դատաստանի համար, իսկ երկրորդը՝ երբ գալիս է վերջին օրը համընդհանուր։