Թւականիս հոկտեմբերի 8-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, երեկոյեան ժամը 5-ին, մեկնարկը տրւեց «Հայ գրքի» 13-րդ ցուցահանդրսի՝ «Տէրունական աղօթք»-ով, որը կատարեց Ս. Սարգիս եկեղեցու դպրաց դասը, գեղարւեստական ղեկավար՝ դկ. Էլիպս Մասեհեանի, խմբավար՝ Կարինէ Մուրադեան, որից յետոյ խումբը ներկայացրեց այլ կատարումներ եւս: Օրւայ հաղորդավարն էր՝ Նորիկ Ղարաբէգեանը, որը կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջունեց ներկաներին:
Միջոցառման գեղարւեստական բաժնում, ասմունքային կատարումներով հանդէս եկաւ Հ. Մ. «Սիփան» միութեան մանկապատանեկան գրական խումբը, գեղարւեստական ղեկավար՝ Արփի Ալլահվերդեան: Ջութակի կատարումով հանդէս եկաւ Լարա Նազարեանը, իսկ սաղմոս ասացին՝ Արփա Աղաջանեանը եւ Էլիանոր Մարգարեանը: Ծրագրի յաջորդ բաժնում «Նարեկ» մանկական համոյթը հանդէս եկաւ երգերի կատարմամբ: Համոյթի ղեկավարն է՝ Գիտա Եասերեանը:
Վերջում հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը գնահատելով ներկաների խուռներամ մասնակցութիւնը գրքի ցուցահանդէսի բացման հանդիսութեանը այսպէս արտայայտւեց՝ «Գիրքը իր էութեան մէջ, արտացոլանքն է մարդու հոգեկան աշխարհի: Այսօր մեր ժողովրդի կեանքում հայ գիրքը մեր պատիւն է եւ մեր փառքը»: Թեմակալ առաջնորդը աւելացրեց՝ «Հայ գիրքը մեր պատմութիւնն է եւ եթէ ուզում ենք մեր պատմութիւնը իր ամբողջութեան մէջ ու իր էութեան մէջ իւրացնել ու դրանով առաջնորդւել, պէտք է մօտենալ հայ գրքին»: Վերջում սրբազան հայրը ասաց. «Քրիստոնէական յանձնախմբի կողմից կազմակերպւած այս ցուցահանդէսը մեր չնչին պարտքն է մեր թարգմանիչ վարդապետներին եւ բոլոր այն երախտարժան անձնաւորութիւններին, որոնք իրենց կեանքը հայ գրքով իմաստաւորեցին: Հետեւաբար ես կոչ եմ անում ձեզ եւ մեր ժողովրդին, որ իր կեանքը չխզի հայ գրքի հետ եւ այդպիսով աւելի հայանայ, աւելի քրիստոնեայ դառնայ, աւելի ամուր ու զօրեղ դառնայ ու պահանջատէրը եւ իրաւատէրը դառնայ իր ժողովրդի արժէքներին եւ պատմութեանը»:
Նշենք, որ օրւայ միջոցառմանը ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հայրերը, Թ.Հ.Թ Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի և Կրթական խորհրդի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները:
Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ հոկտեմբերի 14-ը: