ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵՑ՝ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

Նկատի ունենալով այժմէական մարտահրաւէրները եւ համայնքիս հայկական դպրոցների աշակերտութեան թւային պատկերը, այսօր առաւել քան երբեւէ անհրաժեշտ է դառնում դպրոցների վերադասաւորման եւ օպտիմալ օգտագործման համար ծրագրեր մշակելու եւ իրագործելու հրամայականը:

Առ այդ երկուշաբթի՝ թւականիս փետրւարի 22-ին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի անդամ եւ Կրթական խորհրդի հետ կապ՝ պրն. Աշոտ Սինանին խորհրդակցական հանդիպում ունեցան Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի եւ միւս անդամների, «Արաքս» դպրոցի տեսչուհու նաեւ «Թունեան» տարր. եւ «Նայիրի» տարր. դպրոցների փոխտեսչուհիների հետ:

Հանդիպման հիմնական օրակարգում քննարկւեց տարրական օղակները երկսեռ դարձնելու կապակցութեամբ առկայ դժւարութիւնները, նկատառումները եւ միաժամանակ երկսեռ դպրոցներ ունենալու դրական ազդեցութիւնները:

Հարկ է նշել, որ թւականիս յունւարի 19-ին, Իրանի դպրոցների նորոգման ծրագրաւորման կազմակերպութեան ու Դպրոցաշէն բարերարների համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումը առիթ ընձեռնեց շօշափելու մի շարք խնդիրներ առնչւած հայկական դպրոցների թւային պատկերին, որի արդիւնքում առաջարկւեց եւ նամակ յղւեց Ուսումնադաստիարակչութեան նախարարին, հայկական դպրոցների տարրական օղակը երկսեռ դարձնելու հնարաւորութեան եւ թոյլտւութեան կապակցութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ