ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Նոր տարւայ – Նովռուզի ուրախառիթ եւ օրհնաբեր տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ իմ իրանցի եղբայրներին, քոյրերին եւ բոլոր նրանց ովքեր Նովռուզը տօնում են իբրեւ նոր տարի։

Տօնը, տօները առիթ են ոչ միայն միմեանց շնորհաւորելու, այլ նաեւ մտածելու տօնի իմաստի, նշանակութեան եւ տօնից մեզ փոխանցւող խորհրդի մասին։

Նորն ու նորոգութիւնը, նորութիւնը երեւոյթներ են, որ մեզ ակամայ մղում են մտածելու մեր կեանքի մասին։ Դիտենք բնութիւնը եւ նրանից սովորենք. գարնան այս օրերին բնութիւնը ինքնիրեն վերանորոգած հիասքանչ գեղեցկութեամբ կայ։ Նոյնն է մարդ արարածի համար։ Մարդ երբ մտածէ ինքն իրեն հոգեպէս, իր ներաշխարհով նորոգելու մասին այն ժամանակ վստահաբար զգալու է գեղեցկութիւնն ու իրական իմաստը կեանքի։

Այս օրերին աշխարհը կարծես առեւանգւած է պսակաձեւ ժահր (քորոնավիրուս) համավարակի կողմից, ողջ մարդկութիւնն ու երկրները աշխատում են ինչ որ ելք գտնել ձերբազատւելու այս անօրէն վարակից։

Նովռուզի այս օրերին մենք բոլորս կոչւած ենք մենք մեզ նորոգելու եւ նորոգութեամբ եղբայրանալու եւ եղբայրաբար իրարու հետ ապրելու։ Դժբախտաբար կան մարդիկ, երկրներ որոնք ապաւինելով իրենց նիւթական, ֆիզիքական ուժին փորձում են աշխարհն ու խաղաղասէր մարդկութիւնը տագնապի ենթարկել։

Նովռուզի տօնի առիթով մեր սրտագին կոչն է մեծապետական երկրների ղեկավարութիւններին վերատեսեն իրենց կեանքն ու գործելակերպը եւ հետամտեն խաղաղութեան եւ բարւօք յարաբերութիւնների վերականգնման տագնապահար այս աշխարհում։ Մենք յատկապէս կոչ ենք անում Ամերիկայի Միացեալ Նահանգների ղեկավարութեան, որ վերջ տան անարդարօրէն Իրանի վրայ դրած իր սահմանափակումներին, պատժամիջոցներին, որոնք վստահաբար միայն չարիք են ծնցնում։ Իրանը պատմութեան ամենավաղ ժամանակաշրջաններից սկսեալ եղել է քաղաքակրթութեան, կրօնների եւ ժողովուրդների խաղաղ կեցութեան երկիր եւ այսօր էլ կայ իբրեւ այդպիսին։

Մի անգամ եւս շնորհաւորում ենք Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէի-ին, Հանրապետութեան նախագահին եւ պետական այրերին եւ ողջ ժողովրդին, բոլորին մաղթելով արեւշատ, առողջ եւ պտղալից կեանք։

Թող Աստւած միշտ օրհնեալ պահի Իրանն ու Իրանի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարութիւնը իր ազնիւ եւ խաղաղասէր ժողովուրդով։

Շնորհաւոր Նովռուզ. իմ շնորհաւորութիւնների մէջ ինձ միանում են մեր ժողովրդի զաւակներն ու մեր պատկան բոլոր մարմինները։

Օրհնութիւն եւ խաղաղութիւն բոլորին։

 ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


Մարտ 2021
Թեհրան