Մարդասիրական աշխատանք՝ Զատկական տօնների առիթով

Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը թւականիս փետրւարի 18-ին և մարտի 12-ին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնում կորոնավիրուսի համաճարակից տուժած, նաև նիւթական անբարենպաստ պայմաններում ապրող հայ ընտանիքներին տրամադրել է պարէնային փաթեթներ։

Այդ օրերի ընթացքում ԿՕՄ-ի աշխատանքին ներկայ է եղել նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ և մարմնի հետ կապ՝ պրն. Արամ Նովշադեանը։
Նշելի է, որ համաճարակային այս մէկ տարւայ ընթացքում կանոնաւոր կերպով պարէն են ստացել ԿՕՄ-ի ցանկում ներառւած կարիքաւորները, կորոնավիրուսից տուժած և գործազուրկ դիմողները, ինչու չէ նաև հայ կանանց բարեգործական միութեան կողմից ներկայացւած ցանկերում ներառեալները։ Մէկ տարւայ ընթացքում 8 պահ 1100 հոգի ստացել են իրենց հասանելիք պարէնները։

Յատկանշական է այս աշխատանքներին 2 անգամ իր մասնակցութիւն է բերել Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւոր՝ պրն. Արա Շավերդեանը, եւ տարբեր առիթներով պարէնանիւթ յատկացնելով սատարել է ԿՕՄ-ի աշխատանքներին։ Այս մարդասիրական աշխատանքում անմասն չի եղել նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ճրտպ. Նորայր Արամեանը, ով իր շինիչ առաջարկներով և ուղղութիւններով հնարաւորինս օգնել է աշխատանքների սահունացմանը։

Յիշարժան է ամանորեան պարէնի բաժանման աշխատանքը, որի ընթացքին ներկայ էին պարոնայք Արա Շավերդեանը, Նորայր Արամեանը, Արամ նովշադեանն ու Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի խօսնակ՝ պրն. Ռաբբիին, ովքեր այցելելով «Սահակեան» բարեսիրական կենտրոն մօտիկից հետամուտ եղան շէնքի նորոգման և պարէնների բաժանման գործընթացին ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ