Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



 ԱՆՀԱՒԱՏ ՄԻ՛ ԵՂԻՐ, ԱՅԼ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.

Յիսուսի յանդիմանախառն այս խօսքերը ուղղւած էին Թովմաս Առաքեալին, որ առաքեալների հետ չէր, երբ նա իր հրաշափառ յարութիւնից յետոյ, առաջին անգամ, երեւաց նրանց։ Առաքեալները գոհունակութեամբ Թովմասին ասացին.«Մենք տեսանք Տիրոջը»։ Թովմասն ասաց.«Մինչեւ որ հետքերը չտեսնեմ նրա ձեռքերի մէջ եւ մատներս չդնեմ գամերի տեղն ու ձեռքս չդիպցնեմ նրա կողին չեմ հաւատայ»(Յհ. 20։25)։ Այս դէպքից ութ օր յետոյ երբ առաքեալները նորից հաւաքւել էին ներսում եւ այս անգամ Թովմասն էլ նրանց հետ, յանկարծ հակառակ դռների փակ լինելուն, Յիսուսն եկաւ եւ կանգնելով նրանց միջեւ ողջունեց բոլորին, ու Թովմասը տեսնելով ասաց նրան.-

«Բե՛ր քո մատը, դի՛ր այստեղ եւ տես իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը եւ դիպցրո՛ւ իմ կողին. անհաւատ մի՛ եղիր, այլ հաւատացեալ»(20։27)։

Թովմաս հիասքանչ բացականչեց.

-«Տէ՛ր իմ եւ Աստւած իմ»։
Յիսուսն ասաց նրան.

-«Դու հաւատացիր, որովհետեւ ինձ տեսար, չէ՞, երանի նրանց, ովքեր հաւատում են առանց ինձ տեսնելու»(20։28-29)։

Այո, ՛՛Երանի նրանց ովքեր հաւատում են առանց ինձ տեսնելու՛՛ խօսքը դարերով յարուցեալ Փրկչի հետեւորդների զօրութեան, ներշնչման աղբիւր է եղել, առաւել եղել է նաեւ վահան ու զրահանդերձ պաշտպանութեան ընդդէմ Սատանայի արձակած նետերի։

Յիսուս որպէսզի իր առաքեալների եւ անմիջական հետեւորդների մտքից միանգամայն դուրս վանէր ամէն ձեւի կասկած, յարութիւնից յետոյ, քառասնօրեայ իր երկրի վրայ մնալու ժամերին երեւաց իր աշակերտներին, Մարիամ Մագդաղենացուն, ձկնորսութեան ելած իր եօթ աշակերտներին եւ անշուշտ յարութեան երեկոյին դէպի Եմմաւուս գնացող երկու աշակերտներին եւ ապա Պետրոսին եւ այնուհետ աւելի քան հինգ հարիւր հաւատացեալներին։

Ս. Հոգւոյ գալուստից յետոյ առաքեալներն ու նրանց հետեւորդները պայծառակերպւած, այլակերպւեցին եւ դարձան մէկ մէկ առիւծ, անվեհեր ու քաջասիրտ մշակ ու Աստծու սերմի անխոնջ սերմնացան, որ իր լայնածիր ձեռքերով ցանեց սերմը Աւետարանի։ Հերոսական դիմադրականութեամբ, դժւարութիւնների, տանջանքների ու հալածանքների միջից վճռակամօրէն յաղթական դուրս գալու հաստատակամ քրիստոնեան Յարութեան հաւատքով օծուն իր կեանքը պատարագեց ի խնդիր Մեծ Պատարագեալին։
Որքա՜ն խոր եւ իմաստալից է հայ շարականագիր վարդապետի խօսքը.

՛՛ Այսօր խաւարն անգիտութեան
Հալածւեց եռեակ լոյսով,
Եւ քեզ ծագեց գիտութեան լոյս
Մեռելներից յարութիւն առած Քրիստոս՛՛.

Քրիստոս աշխարհ եկաւ, որպէս լոյս, լուսաւորելու ադամական մեղքի պատճառով խաւարացած մարդկութիւնը եւ նրան ուղիղ կերպով իրական կեանքի առաջնորդելու։
Քրիստոսի ծնողները հաւատարիմ եբրայական օրէնքի երբ նրանց ծիսական մաքրութեան ժամանակը լրացաւ, նրան տարան Երուսաղէմ, Տաճարին ընծայելու։ Նոյն միջոցին Սիմէոն ծերունին Ս. Հոգւոյ առաջնորդութեամբ գնաց Տաճար. Սիմէոնը երբ մանուկ Յիսուսին տեսաւ իր գիրկն առաւ նրան եւ փառաբանեց Աստծուն ասելով.-

՛՛ Այժմ, ով Տէր, համաձայն քո խոստման
թող որ քո ծառան մեռնի խաղաղութեամբ,
քանզի աչքերս տեսան Փրկչին,
որ ուղարկեցիր դու բոլոր ժողովուրդներին,
որպէս Լոյս՝ լուսաւորելու հեթանոսներին (Ղկ. 2։29-32)։

Քրիստոս որպէս լոյս աշխարհ եկաւ փարատելու աշխարհի խաւարը եւ մարդկութիւնը առ Աստւած առաջնորդելու։ Յովհաննէս Աւետարանիչը վկայում է. «Բանն էր ճշմարիտ լոյսը, որ աշխարհ գալով լուսաւորում էր ամբողջ մարդկութիւնը»(Յհ.1։9)։ Հրապարակային իր քարոզախօսութեան եւ կատարած բժշկութիւնների ընթացքին միշտ յիշեցնում էր իր ունկնդիրներին.«Ես եմ աշխարհի լոյսը։ Ով որ ինձ հաւատայ խաւարի մէջ չի քայլի, այլ կունենայ այն լոյսը որ առաջնորդում է դէպի կեանք» (Յհ. 8։12)։

Քրիստոսի հրաշափառ յարութիւնը ՛՛անգիտութեան խաւարը եռեակ լոյսով հալածեց եւ գիտութեան լոյսով աշխարհը ողողեց՛՛։ Քրիստոս իր հրաշափառ յարութեամբ վերահաստատեց իր խօսքերի եւ կատարած գործերի, հրաշքների ճշմարտացիութիւնը եւ իբրեւ այդպիսին Քրիստոսի պայծառացեալ յարութիւնը հաստատապէս մնում է որպէս պատմութեան մեծագոյն հրաշք, հրաշքների մեծագոյնը, որով Աստւած ուզեց աշխարհը փրկել եւ այն առաջնորդել յաւիտենականութեան։

Քրիստոսի հրաշափառ յարութեան խորհուրդը խորհուրդն է բարու յաղթանակի չարի վրայ, լոյսի՝ խաւարի վրայ, ճշմարտութեան՝ սուտի ու կեղծիքի վրայ, սիրոյ՝ ատելութեան վրայ եւ զոհողութեան ու նւիրումի՝ անտարբերութեան վրայ, այլ խօսքով յաղթանակն է կեանքի մահւան վրայ։ Քրիստոս ինք իր հետեւորդներին իր մասին ասել էր.«Ես եմ յարութիւնը եւ կեանքը։ Ով որ հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի կ՛ապրի»(Յհ. 11։25)։ Մի այլ առիթով եւս խօսելով իր աշակերտների հետ ասաց.«Ես եմ ճանապարհը, ճշմարտութիւնն ու կեանքը։ Ինձմով միայն կարելի է գնալ իմ Հօր մօտ»(Յհ. 14։6)։

Քրիստոսի հրաշափառ յարութիւնը ապրւող իրականութիւն է, որի կառչած հաւատացեալ քրիստոնեան առաւել ինքնավստահութեամբ եւ խոր հաւատքով ինքն իր մէջ ծնունդ է տալիս սիրոյ, նւիրումի, շողարձակ հաւատքի, անվրէպ յոյսի, որոնցով հաւատացեալը ունենում է նոր կեանք Քրիստոսի հրաշափառ յարութեան խորհուրդով օծուն։

Յարութեան խորհուրդը անկասկած մեկնակէտն է նոր կեանքի, քրիստոսաբոյր կեանքի, որի ակունքը Ս. Աւետարանումն է։ Քրիստոսի առաքեալները Աստւածատուր այս Աւետարանի բոյրով իրենց կեանքը քաղցրացրեցին ու վերածեցին մշտահոս աղբիւրի։

Հայ ժողովուրդը, որ առաջին ժողովուրդներից է եղել քրիստոնէութիւնը ընդունող, իր վերջին երկհազարամեայ կեանքը Քրիստոսի յարութեան խորհուրդով իմաստաւորեց։ Հայ գիւղացին, քաղաքացին իր շրջապատի բնութիւնը դիտելով, գարնան ծաղկունքի հետ սկսած, նորոգւած ու հաճոյալից իր երեւոյթով, մարդը ակամայ մղում է նոյնանալու բնութեան հետ, իր կարգին իր վերանորոգութեամբ փառաբանելու իր Փրկչի յարութիւնը եւ այս բոլորը որովհետեւ հայը հաւատաց Յիսուսի յարութեան։

Այսօրւայ համաշխարհայնացած, քորոնավիրուսով տիրապետւած, ատելութեան, թշնամանքի նենգ զգացումներով վարակւած աշխարհը որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի յարութեան խորհուրդով վերանորոգւելու եւ Քրիստոսի անմահաբոյր գերեզմանից ճառագայթող լոյսով լուսաւորւելու, իրենից հեռու վանելով ամէն տեսակ չարախինդ զգացում, մտածում։ Մարդ էակը, քրիստոնեայ հաւատացեալը Քրիստոսի կենդանի ու յարատեւ ներկայութեամբ միայն պիտի կարողանայ իր նմանի աչքերի եւ դէմքի մէջ մի կողմից յարուցեալ Տէրը տեսնելու եւ միւս կողմից էլ ինքն իրեն տեսնելու եւ ըստ այնմ յարաբերւելու նրա հետ։

2020 տարին մեզի համար անկիւնադարձային եւ անդառնալի կորուստներով յատկանշւող մի հանգրւան եղաւ։ Արցախեան վերջին պատերազմն ու հայրենի մեր տարածքների բռնագրաւումը, Հայաստանում եւ սփիւռքում տեղի ունեցող եղբայրատեաց, թունալից արտայայտութիւններն ու յայտարարութիւնները եւ միւս կողմից էլ մեր հայրենիքի գլխավերեւ Դամոկլեան սրի նման կախւած Ազերիա-թրքական եւ ահաբեկչական միջազգային շարժումների վտանգը հարկ է, որ մեզ մղեն աչալուրջ, ողջախոհ եւ իմաստուն քայլեր առնելու եւ աւետարանական սիրով, հանդուրժողական եւ փոխադարձ յարգանքի մթնոլորտում երկխօսութեամբ մեր հարցերը լուծելու։

Հայրենիքը հզօրանում է, զարգանում ու յառաջադիմում է իր յանձնառու զաւակների համատեղ աշխատանքով ու համագործակցութեամբ։ Տօնական այս օրերը գեղեցիկ առիթ են մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որտեղ որ են, մի պահ կանգ առնելու մեր պատմութեան այս շատ վտանգաւոր ու անորոշ խաչմերուկում, կարդալու մեր պատմութիւնը տեսնելու համար թէ ինչպէս ամէն անգամ երբ միակամ ու միասիրտ ենք եղել, եղել ենք յաղթական, իսկ երբ անմիաբան ենք եղել շատ բան ենք կորցրել։ Ժամն է զգաստութեան։ Ժամն է սերտելու մեր պատմութիւնը, որ անմահանուն Թումանեանի բառերով ՛՛լուսաւոր ճանապարհ է, որ մեզ առաջնորդելու է՛՛ դէպի իրական յաղթանակ։

Վերանորոգւած հաւատքով, յարութեան խորհուրդով զօրացած ու եղբայրութեամբ ի մի եկած եւ բռունցքւած միմեանց շնորհաւորենք եւ ուխտենք հաւատարիմ մնալ մեր հաւատքին, մեր հոգեւոր եւ ազգային արժէքներին, մեր պահանջատիրական պայքարին մեր այսօրւայ հայրենիքին եւ վաղւայ ամբողջական հայրենիքին։

Աղօթենք մեր ժողովուրդի եւ մեր եկեղեցու նւիրապետական Աթոռներին եւ նրա գահակալներին, Հայաստանի, Արցախի եւ ողջ հայութեան համար։ Աղօթենք Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ նրա հոգեւոր առաջնորդին, Հանրապետութեան նախագահին եւ պետական աւագանուն եւ ողջ ժողովրդին եւ, մի անգամ եւս, աղօթենք յանուն խաղաղութեան, արդարութեան եւ անիրաււած ժողովուրդների իրաւունքների ձեռքբերման։

Սրտանց մի անգամ եւս շնորհաւորում եմ մեր ժողովրդի բոլոր զաւակներին եւ բոլորին մաղթում՝ յարութեան խորհուրդով օծուն առողջ, արեւշատ եւ երջանիկ կեանք։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի. Ամէն։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Ս. Զատիկ 2021
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ