Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Թւականիս Ապրիլի 24-ին, շաբաթ առաւօտեան, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերի ղօղանջի ներքոյ նախագահութեամբ թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝Գերշ․Տ․Սեպուհ․Ս․Արք․Սարգսեանի մեկնարկւեց Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւնը, որը այս տարի քորոնաժահրի համավարակից գոյացած սահամանափակումների բերումով կատարւեց Ազգային,Հոգեւոր, մշակութային ու մարզական ու հասարակական միութիւնների եւ կառոյցների մէկական ներկայացուցիչների մասնակցութեամբ, Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում:

Արարողութեանը ներկայ էին՝ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Իրանում Հայաստանի դեսպանատան անձնակազմը, Կաթոլիկ համայնքի Առաջնորդ՝ Արք․ Սարգիս Դաւթեան Գերապայծառը եւ Հայ Աւետարանական համայնքի Հոգեւոր Հովիւ, Վերապատւելի Սերգէյ Շահվերդեանը եւ քահանայից դասն ու Թեհրանի Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների ներկայացուցիչները, ՀՅԴ Բիւրոյի ներկայցուցիչ՝ պրն. Վիգէն Բաղումեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանն եւ սահմանափակ թւով Ազգ. մարմինների, կառոյցների եւ միութիւնների ներկայացուցիչների եւ Թ.Հ.Թ. Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը ոգեկոչող Կենտրոնական յանձնախմբի անդամներ ։

Ծրագրի սկզբում, նախագահութեամբ Առաջնորդ Սրբազան Հօր, տեղի ունեցաւ «Բարեխօսական» աղօթք։ Նշելի է, Հայոց Ցեղասպանութեան 100 ամեակից սկսեալ, հայոց եկեղեցու երկու նւիրապետական աթոռների սրբադասման յանձնախմբի որոշմամաբ եւ երկու հայրապետների տնօրինումով ու Եպիսկոպոսական ժողովի որոշումով սրբադասւեցին 1915 թւականին ցեղասպան թուրքի ձեռքով վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց զոհւած հայորդիները։

Յաւարտ բարեխօսական աղօթքի Առաջնորդ Սրբազան Հայրը անդրադառնալով օրւայ խորհրդին ակնարկեց, որ այսօր աշխարհով մէկ հայ ժողովուրդը մէկ մարդու նման, հաւաքւած է խոնարհւելու աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակի առաջ, նրանց՝ որոնք իրենց սեփական ու հայրենի հողի վրայ զոհւեցին․ երեւոյթ որ դեռ շարունակւում է, բայց այս անգամ հայրենի հողի մի այլ հատւածում՝ Արցախում։

Նա խօսքը շարունակելով հաստատեց այն իրողութիւնը, որ այն ինչ որ թուրք ոստիկանութեանը յաջողւեց հայոց ցեղասպանութեան օրերին, եղաւ հայ դաւադիր անձնաւորութիւնների օժանդակութեամբ,- դաւադիրներ որոնց չար նշանակ եղող Վեստ Սարգիսներն եւ Պետրոս գետադարձները Անի Մայր քաղաքի բալանիները թշնամուն յանձնեցին։ Ապա յաւելեց, թէ եւ հայ ժողովուրդը ունեցել է պարտութիւններ, բայց միեւնոյն ժամանակ ունեցել է յաղթանակներ։ Նա ասաց․ «Մեր ժողովուրդը շնորհիւ իր քրիստոնէական հաւատքին, ապրելու, տոկալու, գոյատեւելու իր բնածին բնազդին կարողացաւ յաղթել ցեղասպան թուրքին, եւ կերտեց ազատ ու անկախ Հայաստանը Սարդարաբադի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի գոյամարտերի շնորհիւ։

Սրբազան Հայրը ապա անդրադառնալով իր խօսքի միւս բաժնին հաստատեց այն իրողութիւնը, որ հայ ժողովուրդը, որպէս պետականօրէն քրիստոնէութիւնը ընդունած ազգ, ամբողջ աշխարհին վկայեց, որ ինքն որպէս Քրիստոսին հաւատացող ժողովուրդ, այդ հաւատքի մէջ տեսաւ իր ազգային ինքնորոյնութեան ու գոյատեւման ամենակերեւորագոյն ազդակը։ Հաւատք՝ որին կառչելով հայ ժողովուրդը պահեց ու պահպանում է իր ազգային ինքնուրոյնութիւնն, լեզուն ու մշակոյթ՝ մի խօսքով հոգեւոր եւ ազգային արժէքները։ Նա յաւելեց՝ թէ եւ հայ ժողովուրդը թշնամու պարտադրանքով մահւան ձորի միջով անցաւ, բայց այդ ուղղիները կեանքի արահետների վերածեց։

Ապա եզրակացնելով իր խօսքը, Պօղոս առաքեալի Եբրայեցիներին գրւած նամակի բառերով, կոչ արեց հաւատացեալ ժողովրդին, գիտակցօրէն եւ կատարեալ արթնութեամբ պիտի զգուշանայ առիւծի նման մռնչող դարանական թշնամուց, որը ամէն վայրկեան ցանկանում է առանց հայի եւ աւերւած տեսնել մեր հայրենիքը։ Նա կարեւորեց այն իրողութիւնը, որ թուրքը բնաւ չի փոխել իր ինքնութիւնն ու ծրագիրը, որ է հայոց բնաջնջումն ու Հայաստանի կործանումը, որի իրագործման համար, Արցախեան վերջին պատերազմին իր միւս եղբօր՝ Ադրբէյջանի հետ, ի գործ դնելով իր ամբողջ ռազմական հնարաւորութիւնները նահատակեց հազարաւոր անմեղ հայորդիների ու զրկեց հայուն իր սեփական հողի վրայ ապրելու իրաւունքից, բայց այսուամենայնիւ որքան ժամանակ, որ հայ ժողովորդը գիտակցում է իր հայրենիքից զրկւած լինելու իրողութիւնը, կը վերականգնի իր ամբողջական հայրենիքն ու կը տիրանայ իր իրաւունքներին։

Ծրագրի այլ բաժնում օրւայ առիթով ելոյթ ունեցան Իրանի իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենադպիր՝ պրն. Վահէ Թարոյեանը։Ապա ընթերցւեց յանձնախմբի ուղերձը:

Յայտագրի աւարտին Սրբազան Հայրը, իր եզրափակիչ խօսքում, իր խօսքը ուղղելով ներկաներին, այսօրը աղօթքի ու երախտագիտութեան պահ յայտարարելով, կոչ արեց ամբողջ հայութեան, որպէս ուխտաւոր ժողովուրրդ հաւատարիմ մնալ իր պատմութեան, իր լեզւին, մշակոյթին, իր հայրենիքին։

Նա յաւելեց, որ այսօր պահն է մեր երախտագիտութիւնը յայտնել այն երկրներին, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանութիւնը եւ նպաստում են դրա իրագործման, քանի որ նրանք մեր իրաւունքների վարականգնումն որպէս ճշմարտութիւն ճանաչելով արժանի են մեծագայն յարգանքի։

Երախտագիտութիւն նրանց նկատմամբ, որոնք ցեղասպանութեան տարիներին, շրջան է շրջան պտտելով ապաստան տւեցին որբացած հայորդիներին։ Երախտագիտութիւն օտարերկրեայ քաղաքական գործիչներին, նրանց թւում Սամսոնի Իրանի հիւպատոսին, որը իր հնարքներով փրկեց մի հայի, որ յետագային պիտի ծառայեր Անկախ Հայաստանում որպէս նախարար: Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքը ասաց՝ որ այսօր բոլորս պիտի ուխտենք տէր կանգնելով մեր հայրենիքին, ազատագրենք մեր հայրենիքի բռնագրաւած հայրենիքի տարածքները, այլ խօսքով որպէս պահանջատէր շարունակելու ենք պահանջատիրական մեր պայքարը մինչ իրականացումը մեր իղձերին ու երազանքին։

Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ ծաղկեմատոյցի արարողութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ