ԿԱՏԱՐՒԵՑ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ՏԷՐ ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔԱՀԱՆԱՅԻ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Սուրբ Յարութեան տօնից հազիւ 32 օր անցած, ցաւօք կորոնաժահրի պատճառով, թւականիս մայիսի 5-ի առաւօտեան Թեհրանի Բարեխնամ վշտակիր Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը եւ ամբողջ ժողովականութիւնը, քահանայից դասն ու հաւատացեալ ժողովուրդը, գուժեց Տիրոջ անդաստանում աշխատող բարի մշակ Արժ․ Տ․ Կոմիտաս Քահանայ Ղարախանեանի մահը։

Աւա՛ղ, կորոնաժահրից գոյացած սահմանափակումների բերումով, ի Տէր հանգուցեալ քահանայ հօր թաղման կարգը յապաւումներով տեղի ունեցաւ նոյն օրը, Նոր Բուրաստան գերեզմանատանը քահանայից պանթէոնում, մասնակցութեամբ թեմիս քահանայից դասի, առանց հարազատների ու հաւատաւոր ժողովրդի ներկայութեան։

Արարողութեան ընթացքին, քահանայ հայրերը հերթաբար «Քահանայից թաղման կարգից» յաւուր պատշաճի աղօթքների մատուցմամբ եւ շարականների երգեցողութեամբ, իրենց աւագ հոգեւոր եղբօ’ր յուղարկաւորեցին յաւիտեաններից առաջ Տիրոջ կողմից պատրաստւած յաւիտենական բնակարան, նրան մաղթելով հրեշտակների եւ Սրբերի դասակցութիւնը։
«Յաւիտենական յիշատակն արդարոց, օրհնութեամբ եղիցի»:


Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ