Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ՊԱՏԳԱՄ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ, Ամէն.
Նոր տարւայ առաջին այս ժամերին հոգեկան բաւարարութեամբ եւ առ Աստւած բարձրացած գոհաբանական աղօթքով ողջունում եմ ձեզ եւ սրտանց ու անկեղծագոյն զգացումներով շնորհաւորում բոլորդ մաղթելով, որ սկսւող 2022 նոր տարին բոլորիս համար լինի աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի մի տարի. Տարի՛, որին իւրաքանչիւր օրն ու ժամը իր խորհուրդով մարդ արարածը անկանխատեսելի երեւոյթների, դէպքերի առաջ է կանգնեցնում:

Ժամացոյցի սլաքը անդադար ու ճշգրտութեամբ մեզ յուշում է գալուստը նոր տարւան եւ նրան յաջորդող տօնը Աստւածայայտնութեան: Ժամանակը իր անակնկալ եւ աննախատեսելի դարձւածքներով մեզ ստիպում է արթուն մնալ եւ ժամանակի սահանքի դիմաց մնալ կայտառ ու առոյգ, այլեւ նոր տարւայ խորհուրդով կերպարանափոխւած ապրել կեանքը հաւատարիմ մեր կոչումին:

Սկսւող նոր տարին ինչ անակնկալներ վերապահած է մեզի, չենք գիտեր: Աշխարհը իր ընդերքում եւ իր մէջ ի՞նչ գաղտնի ուժեր եւ խորհուրդներ վերապահած ունի մեզ համար, դարձեալ չգիտենք. մենք մէկ բան պէտք է հաստատ գիտենանք, «Նոյնիսկ եթէ երկինքն ու երկիրը անհետանան, իմ խօսքերը չեն անհետանայ»:

Այո՛, Քրիստոսի խօսքերը յաւիտենական են ու նորոգիչ զօրութիւն ունեն: Ներսէս Շնորհալի հայրապետը գրում է. «Ով հնութիւններ նորոգող (Քրիստոս) ինձ էլ նորոգիր նոր զարդերով»: Պօղոս առաքեալ գրում է Եփեսոսի իր եկեղեցու անդամներին.«Ուստի մոռացէ՛ք ձեր հին ինքնութիւնը, այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականւած էր խաբուսիկ ցանկութիւններով, վերանորոգւեցէք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը եղէք նոր մարդ՝ ստեղծւած Աստծու պատկերի համաձայն եւ ճշմարիտ կեանքն ապրեցէ՛ք արդարութեամբ ու սրբութեամբ»: Առաքեալ գրեթէ նոյն իմաստով կոչ է անում Կողոսացիներին թելադրելով որ մոռանան իրենց հին կեանքն ու նախկին գործերը եւ լինեն նոր մարդ՝ նորոգւելով ըստ իրենց Արարչի պատկերին (Կղ. 39-40):

Նոր տարին մեզ վերանորոգութեան մարտահրաւէրի առաջ է դնում, իմանալով որ մարտահրաւէրները կեանքում մեզ զօրացնում են վեր բերելով մեր մէջ թագուն կարողականութիւնն ու զօրութիւնը:

Արդարեւ տօնական այս օրերը իմաստաւորւում են այն չափով որ չափով որ մենք ընդառաջ ենք գնում նրանց: Այս օրերին մեր ժողովուրդը ապրում է իր պատմութեան ամենից ճակատագրական եւ վճռորոշ ժամանակահատւածը: Արցախեան 44-օրեայ պատերազմի հետեւանքով մեր երկիրն ու ժողովուրդը կորցրին իրենց զօրութիւնն ու թշնամու դէմ դուրս գալու իր կարողականութիւնը: Արցախի տխուր ու անմխիթար վիճակը, Հայաստանի ինքնիշխան տարածքները գրաււած դառն իրողութիւնը, Ադրբէջանի նախագահի ամենօրեայ սպառնալիքները, որոնք սկսել են աքլորի առաւօտեան կանչի նման հնչել մեր ականջներին խանգարելով խաղաղ բնակչութեան հանգիստն ու ստեղծագործական կեանքը:

Ամանորեան եւ Քրիստոսի հրաշափառ ծննդեան խորհուրդով օծուն այս օրերին լինենք արթուն եւ զգօն, ուշադիր լիենք, որ յանկարծ զանց չանենք այն պատեհութիւնները, որ ժամանակը մեր առջեւ կը դնէ, որպէսզի չզղջանք ու չափսոսանք դրանց համար, օգտագործենք ժամանակը եւ այն բարիով գունաւորենք ի խնդիր անժամանակ ժամանակին:

Լցւենք սիրով ու խաղաղութեամբ, որովհետեւ առաքեալի բառերով «Սէր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարոյ: Սէր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում… Սէր ունեցողը միշտ զիջում է, միշտ հաւատում, միշտ լոյս է տածում, միշտ համբերում». հետեւաբար նոր տարւայ խորհուրդով հարկ է նորոգւել, որպէսզի դառնանք լիովին նորոգւած նոր արարած: Արդարեւ սիրով ու խաղաղութեամբ լի սրտով միմեանց շնորհաւորենք ասելով՝ Շնորհաւոր Ամանոր եւ գալիք Ս. Ծնունդ. Ամէն.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
1 Յունւար 2022

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ