ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԷՆԻ ԵՒ ՂՈՄԻ ՃԵՄԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԿՐՕՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Երեքշաբթի, թւականիս յունւարի 4-ին, Իսլամական ուսումնասիրութիւնների միջազգային ինստիտուտի տնօրէն՝ Հոջաթ. Դկտր. Մոհամմադ Ալի Շոմալին եւ Ղոմի ճեմարանների միջազգային յարաբերութեան եւ կրօնների գրասենեակի տնօրէն Մոհամմադ Սադեղ Ամին Դինը Ամանորեան եւ Սուրբ ծննդեան տօների առիթով եւ Ղոմի իսլամական ճեմարանների տնօրէն Այաթօլլահ Էրաֆիի շնորհաւորական ուղերձը փոխանցելու նպատակով, այցելեցին Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Հանդիպման ընթացքին ներկաները ակնարկեցին երկու կենտրոնների միջեւ տեղի ունեցած համագործակցութիւնների պատմականին, ապա տեղի ունեցաւ խորհրդակցութիւն յարաբերութիւնների ընդլայման վերաբերեալ:

Միեւնոյն ժամանակ, նոյն կազմակերպութեան միջազգային ոլորտում աշխատող իսլամ հոգեւորականները այցելեցին Սուրբ Սարգիս Մայր եկեղեցի, ուր Ազգ. Առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Տ. Գրիգորիս Քահանայ Ներսէսեանը ողջունելով հիւրերին բացատրութիւններ տւեց եկեղեցու ճարտարապետութեան խորհրդաբանութեան, եօթ խորհուրդների, հայ եկեղեցու բնոյթի եւ պաշտամունքի ու ծիսական կեանքի մասին եւ ապա անդադարձաւ Հայոց Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Աստւածաբանութեանը:

Ապա Առաջնորդ Սրբազան Հայրը յարգարժան հիւրերի ընկերակցութեամբ միացան եկեղեցում ներկայ հիւրերին: Սրբազան Հայրը ողջունելով նրանց, իր խօսքերում անդադարձաւ քրիստոնէութեան եւ իսլամութեան մէջ աղօթքի տեսակներին ու նմանութիւններին, ապա կարեւորելով բարեխօսական աղօթքը, երկու կրօնների հաւատացեալներին յորդորեց աղօթել միմեանց համար: Հոջաթ. Շոմալին եւս իր հերթին ասաց, որ քրիստոնեաները ըստ իսլամական համոզմունքների, մուսուլմանների բարեկամներ եւ դաշնակիցներն են համարւում եւ դրա կենդանի փաստը Իրանի պատմութեան ընթացքում Իսլամ Քրիստոնեայ համայնքների սերտ յարաբերութիւնն է։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ