ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՒ ԴՌՆԲԱՑԷՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Մեծ Պահքի ժամանակաշրջանը Գալստեան կիրակի օրւայ խորհրդով հասնում է իր աւարտին: Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում է Օծեալ Փրկչին երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն է հանդիսանում իր մարդեղութեան գլխաւոր նպատակի՝ մարդկային ցեղի փրկագործութեանը:

Հայ եկեղեցում Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ յիշատակւում է իբրեւ «ԾԱՂԿԱԶԱՐԴ»:

Ուստի կիրակի թւականիս ապրիլի 10-ի առաւօտեան մեծ հանդիսութեամբ եւ հաւատացեալ ժողովրդի բուռն մասնակցութեամբ, Թեհրանի բոլոր եկեղեցիներում նշւեց Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակը՝ Ծաղկազարդ տօնը:

Ս. Սարգիս եկեղեցում Ս. պատարագ մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին ասաց.- «Այսօր ողջ քրիստոնեայ աշխարհը տօնում է Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ. մի դրւագ, որ ինչպէս Աւետարանը կը պատմէ մեզի Քրիստոսի կեանքի ամենէն յատկանշական եւ իմաստալից պահերից մէկն է»: Նա յաւելեց, որ Ծաղկազարդի խորհուրդը շատ իմաստալից է եւ միեւնոյն ժամանակ մեզ բոլորին առաջնորդում է մտածելու Քրիստոսի առաքելութեան մասին. Քրիստոս աշխարհ եկաւ որպէսզի մարդկութեանը, որը հեռացած էր Աստծուց կրկին անգամ Աստծուն վերադարձնել եւ ահա Երուսաղէմ իր յաղթական մուտքով հրաւիրում էր ժողովրդին, որպէսզի իրենք Քրիստոսին ընդունէին, որպէս իրենց տէրը եւ փրկիչը:

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին, իր հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղեց մանուկներին եւ նրանց ծնողներին, քաջալերեց եւ իր ուրախութիւնը յայտնեց նրանց մասնակցութեանը համար եւ յայտնեց.- «Ծաղկազարդեան այս տօնը մեզ համար առիթ է մտածելու մեր անմեղ մանուկների դաստիարակութեան մասին. մեզ յուշում է, որ մենք պարտականութիւն ունենք մեր նոր սերունդի նկատմամբ, պարտականութիւն ունենք նրանց առաջնորդելու առ Աստւած, որպէսզի հետագային լիակատար անդամները դառնան Քրիստոսի եկեղեցու եւ դառնան տիպար մայրերը եւ հայրերը մեր ժողովրդի»:

Պատարագի աւարտին երգեցիկ խմբի, մանուկների ու հաւատացեալների ընկերակցութեամբ՝ թափօրով Առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդւեց եւ Առաջնորդարանի շրջափակում, մանուկներին բաժանեց Եկեղեցու խորհրդի կողմից պատրաստւած նւէրները:

Նոյն օրը յետմիջօրէի ժամը 6:00-ին, տեղի ունեցաւ Աւագ Շաբաթը նախորդող արարողութիւնը՝ «ԴՌՆԲԱՑԷՔ»-ը: Քառասնօրեայ պահեցողութեան ընթացքում Հայոց եկեղեցիների խորանի փակ մնացած վարագոյրը յընթացս հոգեպարար արարողութեան, հանդիսաւորապէս բացւեց՝ Երկնքի արքայութեան դռները խորհրդանշելով, որը բացւելու է ապաշխարութեամբ եւ սրբւելով, ինչը նպատակ եւ իմաստն է Մեծ պահոց ժամանակաշրջանի:

Սրբազան Հայրը ժամերգութեան աւարտին, իր քարոզի ընթացքին ընդգծեց, որ այս արարողութիւնը մեզ յուշում է վերջին դատաստանի պահը, յուշում է մեզ, որ մենք մեր կեանքի ընթացքում միշտ ենթակայ ենք մեղքի, ուստի մղում է, որ խոստովանութեամբ դիմենք Աստծուն, որպէսզի մեզ արժանացնէ իր սիրոյն եւ մեղքերի թողութեան եւ դրանով մենք կարողանանք մաքուր հոգով եւ սրտով դիմաւորել իր Հրաշափառ Յարութեանը:

Վերջում Սրբազան Հայրը յիշեցրեց, որ Դռնբացէքի այս արարողութիւնը միայն հայ եկեղեցու յատուկ արարողութիւնն է:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ