ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊՐԻԼ 24-Ի ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՒ ՄԱՅԻՍ 28-Ի ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԵՏ

 

Երկուշաբթի թւականիս մայիսի 23-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Հ.Մ. «Սիփան» միութեան յարկի ներքոյ հանդիպում ունեցաւ Ապրիլ 24-ի 107-րդ տարելիցի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 104-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախմբի հետ:

Հանդիպման սկզբում կատարւեց Ապրիլ 24-ի 107-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերի եւ յանձնախմբի գործունէութեան գնահատումը, որը մասամբ ազդւած է եղել համաճարակի անորոշ կարգավիճակից, սակայն այնուամենայնիւ նախաձեռնած ծրագրերն իրականացել են լաւագոյն կերպով, որի համար պրն. Նորայր Արամեանը շնորհակալական խօսք ուղղեց յանձնախմբի անդամներին նաեւ գնահատեց Միութիւնների աշխատանքները:

Անդրադառնալով Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման 104-ամեակի տօնակատարութեան ձեռնարկներին, Կենտրոնական յանձնախմբի նախագահ պրն. Ալֆրէդ Քեշիշեանի կողմից ներկայացւեց Միութիւնների հետ համատեղ համագործակցութեամբ նախաձեռնած ձեռնարկներն ու տօնակատարութիւններն, ըստ հետեւեալի՝

  • Ուրբաթ թւականիս մայիսի 27-ին, ժամը 11:00-ից 23:00-ը միասնական ձեռնարկ «Արարատ» մարզաւանում, մասնակցութեամբ՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ.Ուս. «Չհարմահալ», Հ.Մ. «Սարդարապատ» եւ Իրանահայ Արհեստաւորների ու Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնների.
  • Շաբաթ թւականիս մայիսի 28-ին, ժամը 19:30-ին, տօնակատարութիւն եւ գեղարւեստական ձեռնարկ Հ.Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում, մասնակցութեամբ՝ Հ.Մ. «Սիփան», «Հայ կին» միութեան կից «Արմենուհի», «Փերիոյ» Կրթասիրաց, Ս. Թարգմանչաց եկեղեցու եկեղեցասէր կանանց միութիւնների եւ Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի.
  • Երկուշաբթի թւականիս մայիսի 30-ին, ժամը 19:30-ին տօնակատարութիւն եւ գեղարւեստական ձեռնարկ, Սրբ. Վարդանանց եկեղեցու սրահում, նախաձեռնութեամբ՝ Հ.Մ. «Սարդարապատ» եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնների ու Սրբ. Վարդանանց եկեղեցու խորհրդի.
  • Երեքշաբթի թւականիս մայիսի 31-ին, ժամը 19:30-ին տօնակատարութիւն եւ գեղարւեստական ձեռնարկ, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, մասնակցութեամբ՝ Հ.Մ. «Նայրիի», «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութիւնների ու Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի.

Վերոնշեալ բոլոր ձեռնարկներին մասնակից է լինելու Հայաստանից հրաւիրւած երգչուհի՝ Եւա Եկանեանը:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը ընդգծեց Միութիւնների եւ նաեւ Եկեղեցական խորհուրդների համատեղ ու միասնական աշխատանքների կարեւորութիւնն եւ յաջողութիւն մաղթեց նրանց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ