ԻՐԱՆՈՒՄ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Երկուշաբթի թւականիս մայիսի 30-ին, Ի. Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 33-րդ տարելիցի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչները, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հանգուցեալի դամբարանում:

Այդ առիթով Թեհրանի հայոց թեմից, իրենց մասնակցութիւնն էին բերել Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Արմէն Նազարեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը եւ Եկեղեցական խորհուրդներից, Ազգային մարմիններից, եւ նաեւ հայ նահատակների ընտանիքներց եւ անձնուրացներից ներկայացուցիչներ: Ծրագրի ընթացքում Կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, առանձին հանդիպում ունենալով Սէյէդ Հասան Խոմէյնիի հետ իրենց համայնքի անունից խօսք փոխանցեցին:

Թեմիս Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի անունից, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը խօսքը փոխանցեց ըստ հետեւեալի՝

Այս տարի լրանում է Իրանի իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 33-րդ տարելիցը:

Իմամ Խոմէյնին, որպէս խոնարհ հոգեւորական, խոհեմ եւ իր հաստատակամ բնաւորութեամբ՝ Իրանի ազնւական ժողովրդի սրտերը նւաճած, եւ որպէս աչալուրջ կրօնական առաջնորդ, բողոքելով Ժամանակի քաղաքական ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի արժանապատւութիւնն ու իրաւունքները ոտնահարած կապիտուլացիայի օրէնքի դէմ, արդար պայքարն սկսեց իր յայտնի «Ով Իրան, ես սգում եմ քեզ» ելույթով։ Կոչն ընդունւեց Իրանի արդար ժողովրդի կողմից եւ սկսեց Իսլամական յեղափոխական շարժումը, որը փորձեցին ճնշել, սակայն ոչ ուժը, ոչ բանտարկութիւնը եւ ոչ աքսորը չկարողացան յաղթահարել այն եւ ազնւական ժողովրդի օգնութեամբ խարխլւեց հին ռեժիմի թոյլ հիմքերը։

Իմամը յաղթեց, քանի որ նրա շարժման հիմքը ժողովուրդն էր: Նա յաղթահարեց ժամանակի ռեժիմը եւ այն տիրող գաղափարախօսութիւնը, քանի որ Նրա գաղափարախօսութիւնն ու աշխարհայացքը հիմնւած էին կրօնական ճշմարտութիւնների եւ անհերքելի մարդկային ու բարոյական արժէքների վրայ։

Այսօր լուսահոգի Իմամի ուղին է շարունակում Այաթոլլահ Խամենէին, ով իմաստուն, խիզախ ու յեղափոխական առաջնորդ է, որն իր իմաստնութեամբ ու անվերապահ յանձնառութեամբ առաջնորդում է Իրանի ժողովրդին ու հայրենիքը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ