Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅՈՒՇԵՐԵԿՈՅ ՆՒԻՐՒԱԾ ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Շուրջ մէկ տարի առաջ 2021 թւականի մայիսի 5-ին, իր մահկանացուն կնքեց Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանը: Այդ առիթով մահւան տարելիցի կապակցութեամբ յունիսի 17-ի երեկոյեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, որտեղ աւելի քան 26 տարիներ ծառայել էր Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը, կազմակերպւել էր յուշերեկոյ: Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ կազմակերպւած յուշերեկոն, համատեղ նախաձեռնութիւնն էր՝ Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհուրդի, Հ.Մ. «Սիփան» միութեան, «Րաֆֆի» մարզամշակութային համալիրի, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան, «Հայ կին» միութեան կից «Արմենուհի» միութեան, Թ.Հ.Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնի, Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր կանանց միութեան, եւ մասնակցութեամբ Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիների երգեցիկ խմբերի, ղեկավարութեամբ՝ Սեւադա Աղասարեանի:

Միջոցառումը մեկնարկեց դպրաց դասի միջոցով իրականացրած Տէրունական աղօթքով: Բացման խօսքով եւ ապա ասմունքային հոգեպարար կատարումներով հանդէս եկաւ Արփի Ալլահվերդեանը: Իր խօսքի ընթացքում նա ընդգըծեց. «Այսօր բոլորս միասին համախմբւել ենք այստեղ՝ Ս. Թարգմանչաց եկեղեցու յարկի տակ, ոգեկոչելու մեր սիրելի եւ թանկագին Տ. Կոմիտասի արդար յիշատակը: Նա բառի բուն իմաստով բարի հովիւ էր եւ նւիրւածութեամբ առաջնորդում էր իր հօտը:

Համաճարակի հետեւանքով գոյացած սահմանփակումների բերումով, ի Տէր հանգուցեալ քահանայ հօր թաղման կարգը տեղի ունեցաւ իր մահւան օրը, Նոր Բուրաստան գերեզմանատանը քանահայից պանթէոնում, մասնակցութեամբ թեմիս քանահայից դասի: Ապա մայիսի 9-ի առաւօտեան Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում, կորոնայի համաճարակից գոյացած սահմանափակումների բերումով, դռնփակ կարգով կատարւեց հոգելոյս Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգեհանգստեան արարողութիւնը: Հինգշաբթի, 2021 թ. յունիսի 10-ի առաւօտեան, Հայոց Նոր Բուրաստանի գերեզմանատան քահանայից պանթէոնում, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ երէցկին՝ Տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի անդամների ու մի խումբ հաւատացեալների, տեղի ունեցաւ հոգելոյս Տ. Կոմիտաս քահանայի 40-օրեակի արարողութիւնը: Կիրակի, յունիսի 13-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն»:

Բացման խօսքից յետոյ համատեղ դպրաց դասը հնչեցրեց շարականներ, որից յետոյ ցուցադրւեց Տ. Կոմիտասի կենսագրական տւեալները ներկայացնող համապարփակ տեսաֆիլմ, որը պատրաստել էր Գէորգ Յարութիւնեանը: Միջոցառմանը Արփի Ալլահվերդեանը ներկայացրեց հոգելոյս քանահայ հօր կենսագրական տւեալները: Յուշերեկոյին երգերի կատարմամբ հանդէս եկան Զօրիկ Ֆարհադեանը եւ Տ. Սարգիս Խոսրովեանը:

Օրւայ բանախօսն էր հրաւիրւել Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ եւ ժամանակին ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանը: Նա իր խօսքի ընթացքում ասաց. «Ճակատագիրը շատ անողոք գտնւեց հոգելոյս Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանի նկատմամբ: Ինչպէս իր բնաւորութեամբ իրեն տրւած յանձնարարութիւններն էր կատարում արագ, առանց տատանման, իր հիւանդութիւնն էլ իր հետ այդպէս վարւեց, արագ եւ սրընթաց: Շուրջ մէկ ամիս համաճարակի դէմ պայքարեց եւ ի վերջոյ յաւիտենապէս փակեց իր աչքերը 2021 թւականի մայիսի 5-ին: Անցաւ մէկ տարի եւ մէկ ամիս, դեռ իր շրջապատը սպասում է նրան, որ մուտք գործի եկեղեցի»: Բանախօսը ներկայացնելով Տ. Կոմիտասի կենսագրական տւեալները անդրադարձաւ նրա կրօնական, հասարակական ու համայնքային բեղմնաւոր գործունէութեանը եւ նշեց. «Իր դաստիարակութեան պտուղներից է իր զաւակներից մէկը Սեբաստիան, ում իր շնչի տակ մեծացնելով եւ այնուհետեւ քաջալերելով իր տղային ուղարկեց նոյն հնոցը, որ ինքն էր դաստիարակւել՝ Անթիլիասի Դպրեվանքը, որտեղ Սեբաստիան ձեռնադրւել է կուսակրօն քահանայ վերանւանւել Վահրիճ աբեղայ, այնուհետեւ վարդապետ եւ հոգեւոր հովիւ եւ այսօր ծառայում է Վենեզուէլլայի հայոց թեմում: Տէր Կոմիտասը ձեռնադրւել է Ս. Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի օրը, այն օրը, որը մեր մշակոյթի, ուսուցիչների տօնն է, վստահ դա էր խորհուրդը, որ ապագայում նա եղաւ հոգատար քահանայ եւ սրտցաւ ուսուցիչ: Հէնց առաջին օրւանից Տէր Հօր միջոցով կատարւած եկեղեցական արարողութիւնները, պատարագ, հոգեհանգիստ, մկրտութիւն, ամուսնութիւն եւ եկեղեցական այլ արարողութիւնները եւ իր քարոզները գրաւեց բոլորի ուշադրութիւնը, ի մասնաւորի՝ Սասուն քաղաքամասի հաւատացեալ ժողովրդին: Երանաշնորհ Տէր Կոմիտասը յաջողեց իրեն վստահւած հօտը առաջնորդել դէպի Յիսուս Քրիստոս, որը հէնց իր իսկական առաքելութիւնն էր»: Անդրադառնալով նրա ազգային ոգուն, բանախօսը նշեց. «Տէր Կոմիտասը իր երիտասարդական տարիքից դաստիարակւում է ազգային ոգիով, իր համար Հայաստան հայրենիքը սուրբ էր եւ հայ ժողովրդի փրկութիւնը տեսնում էր Հայաստանով»: Բանախօսը նշեց. «Յաճախ ազգային առաջնորդարանի սենեակումս նստած լսում էի նրա շրթերից հնչող ազգային երգերի բառերը եւ գեղեցիկ եղանակները, երգում էր «Մեր Հայրենիք»-ը, «Գետաշէն»-ը, «Կիլիկիա»-ն, Պետրոս Սերեմճեանի, Բաբգէն Սիւնիի, Հրայր Դժոխքի երգերը, ճանաչում էր բոլոր յեղափոխականների կենսագրականը, ի մասնաւորի նրանց նահատակութեան մանրամասնութիւնը: Եւ հէնց այս առումով միշտ հանդէս էր գալիս ազգային գաղափարախօսութեամբ եւ դա լինում էր իր համար ուղեցոյց յարաբերւելու Իրանի տարբեր մակարդակի անձանց եւ պաշտօնեաների հետ ազգային եւ համայնքային շահը վեր դասելով: Տէր Հայրը իր գիտելիքներով եւ տեղեկութեամբ թէ՛ Հայոց Եկեղեցու վարդապետութիւնից, եւ թէ՛ Թեհրանի ու Իրանի հայութեան պատմութեանը իրազեկ լինելով եւ տիրապետելով պարսկերէն լեզւին գրաւում էր ոչհայ այցելու պետական պաշտօնեաների, թղթակիցների եւ այլնի ուշադրութիւնը»: Բանախօսի ելոյթին յաջորդեց հոգելոյս Տէր Հօր որդի, Սեբաստիայի տեսաֆիլմով յղած ուղերձը, ով դաստիարակւելով Անթիլիասի դպրեվանքում ձեռնադրւել է կուսակրօն քահանայ եւ վերանւանւել Վահրիճ աբեղայ, այնուհետեւ վարդապետ եւ այսօր, որպէս հոգեւոր հովիւ ծառայում է Վենեզուէլլայի հայոց թեմում:

Միջոցառումը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտ. Նորայր Արամեանը եւ խորհրդի անդամներ, ազգային մարմինների ու միութիւնների, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, քահանայից դասը, հոգելոյս Տէր Հօր այրին եւ մեծ թւով հայրենակիցներ:

Հոգեպարար միջոցառումը աւարտւեց Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եզրափակիչ խօսքով: Թեմակալ առաջնորդը իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ յուշերեկոն իւրայատուկ էր, որովհետեւ հանգուցեալ Տ. Կոմիտասը ինքը իւրայատուկ անձնաւորութիւն էր եւ մի քանի կէտերով վերակենդանացրեց Տէր Հօր յիշատակը: Թեմակալ առաջնորդը կարեւորութեամբ անդրադարձաւ Տ. Կոմիտասի ուսման նկատմամբ հետեւողական մօտեցմանը եւ ընդգծեց, որ նա հաւատացած էր, որ եթէ ծառայութիւնը գիտութեամբ պատւանդանւած չլինի, այդ ծառայութիւնը կատարեալ չի լինելու: Սրբազան Հայրը կարեւորեց նրա լաւածանօթ լինելը իր ծուխի ընտանիքների նկատմամբ, որը էլ աւելի էր կատարելագործում նրա ծառայութիւնը, որի շնորհիւ նա մինչ օրս սիրւած է համայնքում: Սրբազան Հայրը իր ելոյթի ընթացքում նշեց, որ նա իր բազմակողմանի գիտութեամբ իր շրջապատի հետ հաղորդակցւելիս շատ յաջող էր դրսեւորում եւ խորապէս հաւատացած էր աստւածային երեք հիմնական առաքելութիւններին հաւատք, յոյս եւ սէր եւ Աստծոյ կողմից իրեն տրւած շնորհքները լաւագոյն կերպով նւիրում էր իր շրջապատին եւ ժողովրդին եւ կատարելապէս իրականացնում էր իր պարտականութիւնները ու անգնահատելի սիրով էր լցւած Ս. Թարգմանչաց եկեղեցու նկատմամբ եւ չէր խնայում իր ջանքը եկեղեցու բարեզարդման հարցով:

Թեմակալ առաջնորդի ելոյթից յետոյ դպրաց դասը հնչեցրեց «Կիլկիա»-ն, իսկ վերջում եկեղեցու բակում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Լուրը՝ «Ալիք»-ից

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ