ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի, թւականիս օգոստոսի 28-ին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Շւեցարիայից ժամանած կրօնագիտական զբօսաշրջիկութեամբ զբաղւող դասախօսների եւ ուսանող-ուհիների խումբը, ովքեր մասնակից եղան եւ անգլերէն թարգմանւած պատարագամատոյցի օգնութեամբ հետեւեցին կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագին:

Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը քրիստոնէական ջերմ սիրով, Սուրբ եկեղեցու յարկի տակ ողջունեց ներկաներին եւ անդրադառնալով օրւայ Աւետարանական հատւածի Մարկոս չորրորդ գլխին, ուր պատմում է փոթորիկի խաղաղացման դէպքը՝ եկեղեցին եւ հաւատացեալ մարդը կեանքի ալիքների մէջ տարուբերւող նաւակին նմանեցնելով յորդորեց, որ մարդը, որպէս Քրիստոսին իր մէջ կրող էակ իրաւունք չունի կասկածել եւ թուլանանալ։

Ապա Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ջերմ ընդունելութիւն եւ զրոյց, որի ընթացքում ուսանողներն ու դասխօսները հայոց եկեղեցու աստւածաբանութեան, քրիստոնեայ-իսլամ կրօնների երկխօսութեան, ծիսական կեանքի, աւանդութիւնների ու իրանահայութեան կենցաղի մասին հարցեր հնչեցրին, որոնց հակիրճ ու լուսաբանիչ պատասխաններով գոհացրեց Արբազան Հայրը։

Սրբազան Հայրը նաեւ խօսեց ընդհանրապէս հայ եկեղեցու պատմութեան եւ մասնաւորապէս Իրանում հայ համայնքի մասին, մատնանշելով, որ հայ գաղութն Իրանում շատ հին պատմութիւն ունի եւ մեծապէս սատարել է Իրանեան հայրենիքի մշակութային, ճարտարապետական եւ արւեստի կեանքի բարգաւաճմանը:

Սրբազան Հայրը նաեւ առիթը պատեհ համարելով դատապարտեց Ադրբէյջանի կողմից Հայսաստանի եւ Արցախի հանդէպ կատարած ոտնձգութիւնը, խօսեց 44-օրեայ պատերազմում նահատակւած զինւորների, մեր հայրենի հողերի բռնագրաւման ու նաեւ հայոց ցեղասպանութեան մասին։ Սրբազան Հայրը մի այլ բաժնում անդրադարձ ունեցաւ սարկաւագուհիների գործունէութեանը՝ հայ եկեղեցում եւ առիթից օգտւելով ներկաներին ներկայացրեց բարեշնորհ սարկաւագուհի Անի Քրիստի Մանւէլեանին, ով արդէն հինգ տարիներից ի վեր ծառայում է մեր գաղութում:

Հանդիպումից յետոյ խումբը այցելեց Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմավառութեան եւ անձնական աղօթք կատարելու համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ