ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՇԱԲԱԹՒԱՅ ԱՌԻԹՈՎ՝ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԵՍԱԿՑԵԼ Է ԻՐԱՆԱՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Մշակոյթի նախարարը Իրանի 8-ամեայ պատերազմի յիշատակման շաբաթւայ առիթով այցելել է իրանահայ նահատակ Զօրիկ Մուրադեանի եւ Վարդան Աղախանեանի տուն:

Մշակոյթի եւ իսլ. առաջնորդութեան նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի համաձայն՝ նախարար Մոհամմադ Մահդի Էսմայիլին փոխնախարար Եասեր Ահմադւանդի ուղեկցութեամբ հինգշաբթի երեկոյեան (սեպտ 29-ին) այցելելով նահատակ Վարդան Աղախանեանի եւ նահատակ Զօրիկ Մուրադեանի ընտանիքներին, Իրան-Իրաք պատերազմի հերոսների ընտանիքներին համարել է Իսլ. յեղափոխութեան արժէքաւոր ժառանգութիւն եւ նշել.- «Անկասկած, մեր նահատակներն իրենց հերոսութեամբ ամրապնդեցին Իսլ. յեղափոխութեան հիմքերը, իսկ մենք մեր պարտքն ենք զգում շարունակելու երկիրը պաշտպանելու նրանց ուղին»։ Նա մատնանշելով, որ պաշտպանութեան ութ տարիների ընթացքում միաստւածական կրօնների հետեւորդների նահատակների թիւն զգալի էր, յաւելել է.- «Պաշտպանութեան 8-ամեայ շրջանը երկրի պատմութեան ոսկէ այն էջն է, որտեղ իրանական տարբեր ազգութիւններ եւ համայնքներն անկախ կրօնական ու դաւանական տարբերութիւններից յանուն հայրենիքի պաշտպանութեան ուս-ուսի կռւեցին եւ նահատակներ նւիրեցին երկիրը պաշտպանելու եւ հարազատ Իրանի հողից ոչ մի թիզ չպակասի»։

Նահատակ Զօրիկ Մուրադեանը յայտնի է, որպէս 8-ամեայ պատերազմի առաջին քրիստոնեայ նահատակը, ով հերոսացաւ 1980 թւականի հոկտ. 14-ին Փիրանշահր շրջանի ճակատներում:

Նահատակ Վարդան Աղախանեանը 8-ամեայ պաշտպանութեան իրանահայ այլ հերոսներից է, ով նահատակւեց Մաջնուն կղզիների գործողութիւններում՝ 1985 թւականի դեկտեմբերի 9-ին։

Յաւելենք, որ այցերի ընթացքում նախարարին ընկերակցում էր Զէյթուն քաղաքամասի տեղական կառավարման խորհրդի հայազգի անդամ Յովիկ Մինասեանը:

Լուրը՝ «Ալիք»-ից