ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՕՐՒԱՅ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

Հոկտեմբերի 28-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում, մեծ շուքով նշւեց Սուրբ թարգմանիչ վարդապետների կամ Հայ մշակոյթի տօնը, մեծարանքի եւ գնահատանքի արժանացան 2021-2022 ուսումնական տարեշրջանում հանգստի կոչւած վաստակաշատ ուսուցիչները:

Միջոցառմանը ներկայ էին, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ՝ Արհիապատիւ Տ. Սարգիս Եպս. Դաւիթեանը, Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վերպ. Միշել Աղամալեանը, Իսլամական խորհրդարանում՝ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտ. Նորայր Արամեանը, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի անդամներ, ազգային մարմինների, միութիւնների ներկայացուցիչներ, հայոց դպրոցների փոխտեսուչներ, ուսուցիչներ եւ կրթական ոլորտի գործիչներ:

Միջոցառումը սկսւեց Տէրունական աղօթքով՝ միջոցառման հաղորդավարները անդրադառալով օրւայ խորհրդին շնորհաւորեցին Սրբոց Թարգմանչաց տօնը եւ հակիրճ ակնարկով ներկայացրեցին Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Մեսրոպ Մաշտոց վարդապետի, Ս. Թարգմանիչների կատարած անգնահատելի աշխատանքը՝ որի շնորհիւ 5-րդ դարը դարձաւ հայոց պատմութեան լուսաւորութեան Ոսկեդարը: Հայ ժողովուրդը արդարօրէն սրբացրեց Սահակ Պարթեւին ու Մեսրոպ Մաշտոցին՝ իր երախտագիտութեան գերագոյն լուսապսակին արժանացնելով, իրարից անբաժան ռահւիրաներին:

Կրթական խորհրդի անունից խորհրդի խօսքը փոխանցեց ԿԽ ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը: Նա շնորհաւորեց նոր ուսումնական տարւայ, գիտելիքի, գրի, թարգմանչաց եւ դպրութեան օրւայ առթիւ, յաջողութիւն մաղթեց ազգային կրթութեան եւ հայեցի դաստիարակութեան հայրենանւէր գործում իրենց ներդրումն ունեցող անձանց:

Նա իր յետագայ խօսքում շեշտը դրեց երեք կարեւորագոյն հարցերի վրայ:
• Ինչպէ՞ս պահպանել հայկական ինքնութիւնը ահռելի ինֆորմացիայի դարաշրջանում:
• ժամանակակից աշխարհին բնորոշ գլոբալացման պայմաններում աւանդական, ազգային մշակոյթի պահպանման անհրաժեշտութանը:
• Հայոց պատմութան ուսուցման անհրաժեշտութանը:

Նա անդրադառնալով վերը նշւած հարցերին ասաց, որ նոր տեխնոլոգիաների դարում՝ համացանցի ահռելի ինֆորմացիայի շրջապտոյտում, օրըստօրէ կանգնում ենք նոր մարտահրաւէրների առջեւ, որոնք մեզանից պահանջում են արագ եւ արդիւնաւէտ որոշումներ կայացնելու անհրաժեշտութիւն: Հայկական ինքնութիւնն ու դիմագիծը պահպանելու համար, մեր ուսուցիչները պէտք է կարողանան ցուցաբերել անասելի ճկունութիւն, կամք եւ համբերատարութիւն, ճիշտ մօտեցումներով, դասաւանդման նորարարական մեթոդներ կիրառելով, դասերն աւելի հաճելի եւ գրաւիչ դարձնելով, նրբօրէն աշակերտներին ներքաշել դէպի ազգայինը, դէպի աւանդականը եւ որն էլ կը հանգեցնի մեր երեխաների հայկական դաստիարակութեան, կրթութեան եւ ազգային գիտակցութեան բարձրացմանը:Ազգային արժէքների, ինքնութեան եւ մշակոյթի պահպանման հարցում կրկին ապաւինելով մեր դպրոցներին, արհեստավարժ մանկավարժներին, որոնք զարգացնելով կրթական ոլորտը՝ փորձելով մի կողմ դնել աւանդական կարծրացած դասաւանդման ձեւերը, նորարարութիւններ մտցնելով, կը կարողանան բարձրացնել մեր ազգային եւ կրօնական ոգին, հնարաւորինս հեռու վանելով գլոբալացումից մեզ սպառնացող վտանգները:

Անդրադարձաւ նաեւ Հայաստանում տիրող իրավիճակին ասաց, որ մեր երեխաներին հայեցի դաստիարակելու եւ հայրենիքին տէր լինելու համար անհրաժեշտ է լաւ ծանօթացնենք հայոց պատմութեանը, նրա անցած դժւարին, բայց եւ փառաւոր ու հերոսական ճանապարհին։ Խօսքի աւարտին նա շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն անձանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել կրթական ոլորտում, կանգնած լինելով Կրթական խորհրդի կողքին:

Ծրագրի գեղարւեստական բաժինն ամբողջութեամբ գործադրւեց դպրոցական աշակերտների միջոցով, որոնք ընտրւել էին Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի կողմից: Ասմունքներով հանդէս եկան՝ «Յովհաննէս Թովմասեան» միջն. դպրոցի աշակերտուհիների՝ Նինա Շահիջանեանը, Մելանի Մկրտչեանը եւ Լիանա Միրաւագեանը, «Շանթ» եւ «Նայիրի» տարրական դպրոցների աշակերտներ՝ Մոնթէ Զոհրաբեանը եւ Դաւիթ Շահնազարեանը, ջութակի կատարումով հանդէս եկաւ «Մարիամեան» դպրոցի աշակերտ Դանիէլ Քեշիշ Դանիէլեանը: Երգի կատարումով հանդէս եկան «Յովհաննէս Թովմասեան» եւ «Արաքս» դպրոցների աշակերտներ՝ Նազէ Օրուջեանը եւ Փօլեթ Սարուխանեանը, իսկ դաշնամուրի կատարումով հանդէս եկաւ «Արաքս» դպրոցի աշակերտուհի Լուսիա Մուրադեանը:

Կարճ տեսաֆիլմով ներկաների դատին յանձնւեց խորհրդի կատարած մէկամեայ ընդհանուր աշխատանքները:

Հանգստի կոչւած ուսուցիչներից իրենց երախտագիտական խօսքով հանդէս եկան «Շանթ» եւ «Նայիրի» դպրոցների փոխտեսչուհիներ՝ տկն. Սիլւանա Աւասափեանը եւ տկն. Հարնուշ Սարգսեանը:

Վաստակաշատ փոխտեսչուհիներից՝ Հայոց ազգային «Շանթ» դպրոցի փոխտեսչուհի՝ Սիլւանա Աւասափեանը նախ ողջունեց, ապա շնորհաւորելով՝ իր սրտի խօսքը յղեց ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց Թեմական եւ Կրթական խորհուրդներին. «Անձամբ շնորհակալութիւն եմ յայտնում Յարգելի Թեմական եւ Կրթական խորհուրդներին այն բոլոր հնարաւորութիւնների համար,որոնք տւել են այս տարիների ընթացքում, զարկ տալով մեր գիտելիքները, կրթելու եւ դաստիարակելու մեր սիրելի աշակերտներին։ Սփիւռքեան պայմաններում հայ ուսուցչի առաքելութիւնն առաւել նւիրական է սերունդներ դաստիարակելու առումով, վերազինւելով գիտութեամբ եւ հայ նոր սերնդին ներշնչելով այնպիսի ոգի, հաւատ ու կամք, որպէսզի ապագայում շարունակելով մեր նախնիների ուղին, մեր արդար իրաւունքների պաշտպանը հանդիսանան եւ հայի ինքնութիւնն ու արժէքները անաղարտ պահեն։ Այսօր ոչ միայն ես այլ գործընկերներս հպարտ ենք, որ ամբողջ սրտով ծառայել ենք գիտութեան ու մշակոյթի մեծ ընտանիքին եւ փորձառութեան տոպրակով մտնում ենք մի նոր շրջան»։ Իսկ անդրադառնալով դպրոցի սիրելի աշակերտներին ասաց. «Ամէն տարի, շաբաթւայ ամէն օր՝ ուսումնական տարեշրջանի սկզբից մինչեւ տարւայ աւարտը, մեր առաւօտը սկսում էինք աշակերտներին ողջունելով եւ լսելով նրանց սիրուն ձայնը, որն ասում էին. «Բարեւ օրիորդ... », եւ սա ամենալաւ ու սրտառուչ երգն էր, որը երբեք չենք մոռանայ,ու հէնց այս երգը, նրանց ժպիտներն ու ողջոյնները մեզ խրախուսեցին շարունակել աշխատանքը։Ես համբուրում եմ նրանց ձեռքերը եւ ուր էլ որ քայլեմ, հանդիպելու եմ մէկ կամ մի քանի անուշահոտ ծաղկի, որ իրենց ողջոյններով ու յարգանքով փոխանցելու են` ուժ եւ սէր»։

«Նայիրի» դպրոցի վաստակաւոր փոխտեսչուհի՝ Հրանուշ Սարգսեանն էլ շնորհաւորանքի եւ գեղեցիկ խօսքերով սկսեց իր ելոյթը.«Շնորհաւորում եմ սուրբ Թարգմանչաց տօնը եւ մաղթում եմ յաւերժ լինի մեր ազգն ու մեր մշակոյթը: Մենք Ս. Մաշտոցի լուսաւորած ճանապարհում ստեղծել ենք մեր դպրոցները եւ եղել ենք ուսուցիչ, հետեւելով նրա սուրբ ու նւիրական ճանապարհին: Այդ ճանապարհում ապրել ենք մեր աշակերտների հետ, սերմանելով սէր դէպի մեր ոսկեղնիկ լեզուն, մեր հրաշավառ գիրն ու գրականութիւնը: Սերունդների դաստիարակելու եւ դէպի լուսաւոր ապագայ ճանապարհելու ծանր բեռը մեր ուսերին վերցնելով քայլել ենք դարեր ու դեռ պիտի շարունակենք: Սփիւռքում ապրող հայ ուսուցիչը ունի առաւել ծանր աշխատանք, որովհետեւ նա ջանում է լեզւի եւ գրականութեան կողքին իր աշակերտին տայ ազգային եւ հայեցի հոգի, որպէսզի այդ հոգով զինւած պայքարի ամէն կողմից փչող աւերիչ հողմերի դէմ ու պահի իր ինքնութիւնն ու նկարագիրը: Այս բեմից ուզում եմ կոչ անել իմ սիրելի գործակիցներին.
Ձեր աշխատանքը վեհ է ու նւիրական ու ոչինչ չի կարող փոխարինել Ձեր արածին: Եղէք առողջ ու լցւած ազգի սիրով: Զինւէք համբերութեամբ, դա է Ձեր աշխատանքի գաղտնիքը: Խոնարհւում եմ Ձեր առջեւ, երկնքի բոլոր աստղերը եւ երկրի բոլոր ծաղիկները Ձեզ նւէր»:

Մեր համայնքում տարիներ է արդէն, որ իւրաքանչիւր հոկտեմբեր ամսին կազմակերպւած եւ Մշակոյթի տօնին նւիրւած ձեռնարկին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդի ստորագրութեամբ՝ Կրթական խորհրդի կողմից գնահատագրեր են տրւում ուսումնական անցեալ տարեշրջանում հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցչուհիներին եւ պաշտօնեաներին:

Թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների եւ Իսլամական խորհրդարանում՝ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի ձեռամբ գնահատագրերը յանձնւեցին անցեալ ուսումնական տարեշրջանում հանգստի կոչւած եւ իրենց աշխատանքը դադարեցրած 8 ուսուցչուհիների եւ փոխտեսչուհիների:

Սիլւանա Աւասափեան
Ժենիա Սուքիասեան
Անուշա Աւանէսեան
Հրանուշ Սարգսեան
Շարիս Մելքոմ Աբգար
Թինա Կարապետեն
Արմենուհի Սինանեան
Թինա Վարդանեան

Oրւայ պատգամը յղեց Սրբազան Հայրը: Նա սրտանց ողջունելով ներկաներին գոհութիւն յայտնեց Աստծուն, որ այս տարի եւս Աստւած առիթ շնորհոց միասին լինելու մշակոյթի ամենանշանակալից ամսւայ առիթով:

«Մշակոյթը ժողովրդի հոգու եւ մտքի ժայթքումն է, պորթկումն է , այդ պորթկումը արտայայտւում է, լեզւով, գրականութեամբ, մանրանկարչութեամբ, ճարտարապետութեամբ, երաժշտութեամբ, բոլոր այն իրականութեամբ, որոնք բխում են մտքից եւ հոգուց: Ու այս բոլորին,կամ ամէն մէկի նկատմամբ ունեցած մեր վերաբերմումունքով մենք մեր սէրը, մեր յանձնառութիւնը, մեր կապւածութիւնը ամբողջացնում ենք»:

Սրբազան Հայրը անդրադառնալով Մշակոյթի օրւայ առիթով տեղի ունեցող բազմաթիւ տօնակատարութիւններին ասաց.-«Տօնակատարութիւն նշանակում է նաեւ հաղորդակցութիւն, հաղորդութիւն: Հաղորդակցութիւն նշւած խորհրդի հետ, իսկ հաղորդութիւն նշանակում է ըմբողշնել, նշանակում է այն ունենալ իր մտքում, հոգում եւ սրտում ու դրանով ապրել եւ աշխատել: Ունենք արդեօ՞ք այս բոլորը, եթէ ունենք ապրենք, եթէ չունենք ապա հազար հատ էլ այսպիսի տօնակատարութիւններ էլ անենք ապա անօգուտ է»: Նա իր խրատական ուղերձն է յղում բոլորին, որ տօնակատարութիւններից բացի անպայմանօրէն պէտք է ապրել այդ տօնի խորհրդով:

Անդրադարնալով նաեւ հաղորդավարի այն խօսքին, թէ այսօր Հայրենիքը վտանգի մէջ է, Սրբազանն ասաց, որ միայն Հայրենիքը վտանգի մէջ չէ, որ մենք՝ ազգովի տխուր վիճակի մէջ ենք, յաւելեց, որ Հայրենիքը իր պատութեան ընթացքում շատ դժւարութիւններ է տեսել, բայց նաեւ տեսել է փայլուն, ծաղկուն օրեր, հպարտալից թւականներ, տարեթւեր, եւ մենք էլ հայրենիքի օրինակին հետեւելով պէտք է փորձենք մեր կեանքը տխրութիւնից հեռացնել ապրենք աւելի խորհրդաւոր եւ իմաստալից ձեւով:

Սրբազան Հայրը եզրափակիչ խօսքում իր գնահատանքը յայտնեց Կրթական խորհրդին, Մշակութային յանձնախմբին եւ այն անձանց, որոնք ներդրում են ունեցել միջոցառման կայացման գործում: «Թող Աստւած օրհնի եւ առաջնորդի մեզ իր կամքի համաձայն, եթէ Աստծոյ կամքով շարժւենք, ես կը հաւատամ, որ այդ ժամանակ մեր գնացքը դէպի ապագայ, կլինի հաստատակամ, կը լինի նպատակային եւ մենք մի օր անպայմանաօրէն կը հասնենք մեր նպատակների իրագործմանը»:

Ձեռնարկն աւարտւեց Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբի «Իմ ուսուցիչ» երգի տեսաֆիլմով, որի խմբավարն է՝ տկն. Արփի Սիմրոջեանը: Ուրախութեամբ յայտնում ենք, որ երկարատեւ դադարից յետոյ, երգչախումբը սկսել է իր աշխատանքը՝ համալրւած նոր անդամներով:

Միջոցառման հաղորդավարներն էին՝ Թրէյսի Նաւասարդեանը եւ Մարթին Աղանեանցը:

Մեր շնորհակալութիւններն ենք յայտնում Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամներին՝ Անահիտ Գրիգորեանին, Բեսի Յովհաննիսեանին, Արմինէ Ազոյեանին, Արմինէ Գրիգորեանին, Հայ Ուսումնասիրաց «Չհարմահալ» միութեան կենտրոնական վարչութեանը եւ այն բոլոր անհատներին, որոնք իրենց աջակցութիւնն են ցուցաբերել հայոց դպրոցի նւիրեալների համար կազմակերպւած Հայ մշակոյթի օրւայ ձեռնարկին:

Ձեռնարկն աւարտւեց ընդունելութեամբ:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ