ՆՇՒԵՑ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԸ

Տ. Սեպուհ արք. Սարգսեան.
«Իմ կեանքի նպատակակէտն է ծառայել իմ ազգին, ծառայել իր արդար Դատին եւ իրաւունքներին»

Թւականիս՝ ուրբաթ, նոյ. 4-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յոբելեանական կազմակերպիչ յանձնախմբի:

Միջոցառման նպատակն էր՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի նշումը:

Բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը իրականացրեց Յոբելեանական երգչախումբը դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեան, դաշնակահար՝ Ալւին Աւանէսեան: Օրւայ հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանը ողջունելով ներկաներին, հրաւիրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Յոբելեանական յանձնախմբի նախագահ՝ Սերոժ Օհանեանին բացման խօսքը փոխանցելու: Նա իր խօսքը սկսեց հետեւեալ նախաբանով, մէջբերում կատարելով Յովհաննէս Առաքեալի առաջին ընդհանրական նամակի գլուխ 3 համար 18-ը, որտեղ ասւած է. «Որդիակնե՛ր, մեր սէրը թող չլինի միայն խօսքով ու լեզւով, այլ լինի գործով արտայայտւած ճշմարիտ սէր»: Նա իր խօսքը այսպէս շարունակեց. «Գերաշնորհ Սրբազան Հօր գործունէութեան տարիների եկեղեցական-ազգային ծառայութիւնը ինքնըստինքեան ապացոյցն է Սրբազան Հօր մարդկային, իմաստուն, զոհաբերող ընթացքին եւ սկսեալ իր քահանայութեան ձեռնադրութեան օրւանից մինչ օրս, որը բոլորեց 54 արդիւնաշատ տարիներ, որպէս Հայոց Առաքելական Եկեղեցւոյ պատասխանատու եւ խոհուն առաջնորդ, հետամուտ է եղել եւ իր գործունէութիւնն է ծաւալել ներհամայնքային, միջեկեղեցական եւ միջկրօնական ասպարէզներում»: Նա ընդգծեց. «Ներհամայնքային առումով ծաւալուն աշխատանք է կատարել քրիստոնէական ներշնչման, կրօնագիտական, հրատարակչական, հայրենասիրական եւ բարեսիրական ուսուցման ասպարէզներում»: Կազմակերպիչ յանձնախմբի նախագահը իր խօսքը այս տողերով եզրափակեց. «Ծառայելը եւ ծառայութիւնը եղաւ Գերաշնորհ Սեպուհ Սրբազան Հօր նշանաբանը, որը արմատացել է Սրբազան Հօր մէջ այն հնոցում, որտեղ դաստիարակւել են հարիւրաւոր եկեղեցական եւ ժողովրդանւէր միաբաններ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանում»:

Միջոցառումը շարունակւեց յոբելեանական երգչախմբի կատարումներով, որը հնչեցրեց ազգային, հոգեւոր եւ ժողովրդական երգեր: Իսկ առանձին ելոյթներով հանդէս եկան մենակատարներ՝ Կարինէ Մուրադեանը եւ Օֆիկ Մատթէոսեանը:

Օրւայ բանախօս էր հրաւիրւել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով անդրադարձաւ՝ Սրբազան Հօր կենսագրական տւեալներին, եւ տարբեր մասշտաբներում ծաւալած իր ազգային-հոգեւոր գործունէութեանը: Բանախօսը իր ելոյթը հետեւեալ տողերով սկսեց. «Ցանկացած համայնքի հոգեւոր ու ազգային դաստիարակութեան գործում առանցքային դերակատարութիւն ունեն հոգեւոր առաջնորդները: Աստծոյ իրական ծառան միշտ արթուն է ու զգօն եւ Բարձրեալի կողմից իրեն տրւած պարտականութիւնը կատարում է ամենայն պատասխանատւութեամբ ու բծախնդրութեամբ: Աստծոյ ծառան ապաւինելով իր Տիրոջը յաղթահարում է բոլոր խոչընդոտները ու շարունակում իր ընտրած ուղին, որի համար նա պարտաւոր է զոհաբերել իր անձը յանուն իր ժողովրդի»: Բանախօս Արա Շահվերդեանը անդրադառնալով Սրբազան Հօր հոգեւոր կեանքի աշխատանքային կարեւոր իւրայատկութիւններին, ընդգծեց. «1978 թ. մարտին, հոգելոյս Գարեգին Բ կաթողիկոսը Սեպուհ Սրբազանին նշանակում է Հայաստանեայց Եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցների վարիչ-տնօրէն: Իւրայատուկ դէպք, որը մինչ այժմ նոյնը չի կրկնւել: Սեպուհ Սրբազանը լինելով Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան, գնում է Հայաստան ծառայելու, այս անգամ Էջմիածնի կաթողիկոսութիւն, եւ ամենակարեւորը պէտք է շեշտեմ, որ այդ տարիներին Հայաստանում տիրում էր ամենադժւար ժամանակահատւածը՝ նւազագոյնը Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ: 1985 թ. Վեհափառ Հայրապետը, որպէս գնահատութիւն Սեպուհ Սրբազանի կրթական ու կազմակերպչական աշխատանքներին նրան շնորհում է ծայրագոյն վարդապետի աստիճան: 1990-1992 թթ. արդիւնաւէտ գործունէութիւն է ծաւալել Ս. Էջմիածնում կազմակերպելով քրիստոնէական դաստիարակութեան եւ Կիրակնօրեայ դպրոցների աշխատանքները»: Նա այսպէս շարունակեց իր ելոյթը. «1992-ից 1998 թթ. որպէս Դամասկոսի կաթողիկոսական փոխանորդ մեծագոյն ջանքերով կաթողիկոսարանին է վերադարձնում այն կալւածները, որոնք անօրինական կերպով բռնագրաււել էին Կիլիկիոյ կաթողիկոսութիւնից: 1997 թ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառի ձեռամբ ձեռնադրւում է եպիսկոպոս: 1998 թ. նշանակւում է Քուվէյթի եւ Պարսից ծոցի ափամերձ երկրների կաթողիկոսական փոխանորդ, ապա հազիւ մէկ տարի անց 1999 թ. ընտրւում է, որպէս Թեհրանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ եւ ապա 2000 թւականին առաջնորդ, իսկ Արքութեան տիտղոս է ստացել մայիսի 2003-ին»: Բանախօսը մէջբերում կատարելով Սրբազան Հօր արտայայտութիւններից, այսպէս ասաց. «Տէր Սեպուհ արք. Սարգսեանը ինքն իր մասին այսպէս է ասում. «Աստծուն փառք եմ տալիս, որ ինձ արժանացրեց իմ ժողովրդի ծառայութեամբ իմ կեանքը լիցքաւորելու»: Անդրադառնալով Սրբազան Հօր ներհամայնքային գործունէութեանը, նա նշեց. «Յաճախակի այցելութիւններ թեմի բոլոր եկեղեցիներ ու նաեւ շրջանների եկեղեցիներ: Տարեկան այցելութիւններ բոլոր դպրոցներ: Նոր տարւայ առիթով այցելութիւններ կարիքաւոր ընտանիքներին, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում վիրաւորւածների ու նահատակների ընտանիքներին: Ամենամեայ աւանդական հանդիպումներ՝ նորապսակ զոյգերի հետ: Մասնակցել Միջին Արեւելքի եկեղեցիների ժողովներին, Իսլամ-Քրիստոնեայ երկխօսութեան յանձնախմբի ժողովների՝ որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ: Մասնակցել միջազգային խորհրդաժողովների եւ Միջկրօնական միջազգային համագումարների Լիբանան, Հայաստան, Սիրիա, Յունաստան, Մոսկւա, Փարիզ, Ժնեւ, Կատար, Եգիպտոս, Յորդանան, Կիպրոս եւ այլուր, միայն Սրբազան Հօր աշխատանքների մի մասն է կազմում: Հարկ է նշեմ, որ տեղական մակարդակով՝ Իսլամական մշակոյթի եւ Միջազգային հաղորդակցութեան կենտրոնի եւ պետական շրջանակների հետ Սրբազան Հայրը մշակել ու շարունակում է մշակել բարեկամական լաւ յարաբերութիւններ»: Սրբազան Հօր հրատարակչական աշխատանքների մասին անդրադառնալով, օրւայ բանախօսը նշեց. «Սրբազան Հայրը առաջնորդութեան պատասխանատւութիւնն ստանձնելուց ի վեր հրատարակել է աւելի քան 50 գրքեր՝ հոգեւոր, գրական, եկեղեցագիտական, յուշագրական, դասագիրք, կրօնագիտական, աստւածաբանական բովանդակութեամբ եւ այլն: Սեպուհ Սրբազանը իր տնօրէնութեան տարիներին հրատարակչական լայն գործունէութիւնից բացի, նաեւ հեղինակն է բազմաթիւ յօդւածների՝ արաբերէն, անգլերէն ու նաեւ հայերէն լեզուներով, որոնք տպագրւել են արաբական, հայկական, իրանական եւ այլ մամուլում»:

Յայտագրի գեղարւեստական բաժինը յագեցած էր ասմունքային կատարումով, որտեղ ելոյթով հանդէս եկաւ Արփի Ալլահվերդեանը ասմունքելով Միսաք Մեծարենցի «Արդի մարդուն Հայր Մերը»:

Թեհրանի հայոց թեմի հոգեւոր առաջնորդի յոբելեանական միջոցառմանը անշուշտ իր խօսքը ունէր Թ. Հ. թեմի Կրօնական խորհուրդը: Խորհուրդի խօսքը ընթերցեց Կրօնական խորհրդի ատենապետ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը: Իր խօսքի ընթացքում Տէր հայրը ընդգծեց. «Յոբելեանների նշումը, թէեւ իր արտաքին տեսքով, ժողովրդական հաւատքով, գեղեցիկ ընկերական մի սովորութիւն է դարձել, սակայն դրանից վերեւ եւ աւելին, դա իր մէջ կրում է դաստիարակչական բնոյթ... Մարդու կեանքը հարստանում է, տեսնելով մեծարեալ անձի, այս դէպքում մեր թեմի սիրեցեալ առաջնորդ Սրբազան Հօր տարած կրօնական ու ազգային նւիրեալ աշխատանքները»: Խօսքի այլ բաժնում Տ. Մաշտոց քհնյ. անդրադառնալով Սրբազան Հօր հզօր անհատականութեանը, այսպէս ասաց. «Դժւարութիւններ ամէն տեղ լինում են, սակայն Դուք, բարեբախտաբար, ընկրկւող եւ ընկճւող անձնաւորութիւն չէք: Ընդհակառակը դժւարութիւնները Ձեր մէջ առաւել ճիգով ու թափով, խանդով ու եռանդով գործելու կամքն ու վճռականութիւնը ուժեղացնում են: Դուք հաւատացող էք գործին, շարունակելու այն՝ Աստծու օրհնութեամբ եւ շնորհքով, ինչպէս նաեւ մեր ժողովրդի զօրակցութեամբ»:

Յոբելեանական հանդիսութիւնը հարստացած էր ուղերձներով: Օրւայ հաղորդավար՝ Արտոյտ Զոհրաբեանը հանդիսութեան ընթացքում մերթ ընդ մերթ ընթերցեց՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդների, Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Արաբական Միացեալ Էմիրութիւնների առաջնորդ՝ Տ. Մեսրոպ եպս. Սարգսեանի, «Ալիք» օրաթերթի խմբագրութեան, վարչութեան եւ ողջ անձնակազմի ուղերձները: Յատկանշական է, որ բոլոր այլ ուղերձները տպագրւած էին առանձին:

Միջոցառմանը պատկերասփռւեց՝ Թեհրանի հայոց թեմում Սրբազան Հօր իրականացրած բազմաոլորտ աշխատանքային ուղին ներկայացնող տեսաֆիլմ, որը պատրաստել էր Կարէն Մնացականեանը: Իսկ ինչ յոբելեանական հանդիսութիւն առանց յուշանւէրի, յայտագրի այդ բաժնում օրւայ հաղորդավարի միջոցով հրաւիրւեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, Սրբազան Հօրը յանձնելու ազգային իշխանութեան յուշանւէրը, որը եպիսկոպոսական հանդերձանք էր եւ պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով իր յուշանւէրը փոխանցեց յոբելեարին: Հանդիսութեանը իրենց ներկայութեամբ պատւել էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հայրեր՝ Վերպ. Սերգէյ Շահվերդեանը եւ Միշէլ Աղամալեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային-կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Թովմաս Թովմասեանը, Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտ. Վիգէն Բաղումեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, Քահանայից դասը, առաքինազարդ քոյրեր, Հաշւեքննիչ մարմնի, ազգային իշխանութեան, մարմինների, կառոյցների, մարզա-մշակութային միութիւնների ու Եկեղեցական խորհուրդների, կրթական հաստատութիւնների ներկայացուցիչներ, ազգային, հասարակական ու մշակութային դէմքեր եւ մեծ թւով հայրենակիցներ:

Յոբելեանական հանդիսութիւնը եզրափակւեց յոբելեար՝ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ելոյթով: Սրբազան Հայրը իր խորը գնահատանքը յայտնեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովին, Կրօնական ու Թեմական խորհուրդներին եւ Հաշւեքննիչ մարմնին, որոնք նախանձախնդրօրէն կազմակերպել էին ձեռնարկը: Թեմակալ առաջնորդը նաեւ իր գնահատանքը յայտնեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբին եւ Թեհրանի բոլոր եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներին, եւ ընդհանրապէս միութիւններին ու յատկապէս Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեանը, նման ծրագիր կազմակերպելու համար, եւ ընդգծեց. «Յայտագրին հետեւելիս Աստծուն փառք էի տալիս, որ տակաւին Թեհրանը եւ իրանահայութիւնը ուժեղ է, ամուր է, գրասէր է ու մշակութասէր եւ կարողանում է նման ձեռնարկներով այս սրահը կրկին անգամ վերակենդանացնել, որը հպարտութեամբ է լցնում բոլորիս սրտերը եւ ապացուցում, որ համայնքը թէեւ թւով նոսրացած է, սակայն իր կարողականութեամբ եւ իր հզօրութեամբ տակաւին կանգուն է եւ կը շարունակի կանգուն մնալ»: Սրբազան Հայրը իր ելոյթի ընթացքում նշեց. «Ես, որպէս եկեղեցու սպասաւոր իմ փառքը, պատիւը եւ կեանքիս իմաստը միայն ու միայն տեսել եմ ծառայութեան մէջ: Ծառայութիւն այն վայրկեանից, երբ մեր ծնողների, հաւատացեալների ներկայութեամբ ծունկի եկած Անթիլիասի մայր տաճարի խորանի վրայ ուխտեցի ծառայել Աստծուն եւ մեր ժողովրդին: Ծառայութիւնը ամենանւիրական եւ թանկագին իրողութիւնն է»: Թեմակալ առաջնորդը նշեց. «Իմ կեանքի նպատակակէտն է ծառայել իմ ազգին, ծառայել իր արդար Դատին եւ իրաւունքներին եւ այդ իսկ պատճառով մասնակցածս բոլոր համագումարներում իր օրակարգում եղել է Հայաստանը, մեր իրաւազրկւած ժողովրդի իրաւունքները եւ Արցախը, որպէս անքակտելի իրաւունքը մեր պատմութեան ու մեր ժողովրդի կեանքի: Ժողովուրդները գոյատեւում են իրենց պատմական Հայրենիքով եւ Հայրենիքի հզօրութեամբ, սակայն այս օրերին ապրում ենք ծանր պահեր մեզ վիճակւած ծանր կացութեան բերումով»: Տ. Սեպուհ արք. Սարգսեանը անդրադառնալով հայ ժողովրդի վերիվայրումներով լի պատմութեանը եւ ներկայի ոչ բարւոք իրավիճակին, ընդգծեց. «Ես հաւատում եմ, որ այս բոլորը ժամանակաւոր են, երբ ժողովուրդը տէր կանգնի իր իրաւունքներին եւ իր պատմական արժէքներին: Երբ ժողովուրդը կարողանայ իր պատմութեան խորքը թափանցել եւ կարողանայ միեւնոյն ժամանակ տէր կանգնել իր իրաւունքներին, մենք չենք կարող մոռանալ մեր պատմական Հայրենիքը, որքան էլ որ գտնւեն տկարամիտներ: Կարեւորը այն է, որ մենք չտկարանանք մեր պահանջատիրական պայքարի մէջ, մենք պահանջատէր ժողովուրդ ենք եւ ոչ ոք չի կարող կասեցնել մեր պահանջատիրական երթը, որը մեր նշանաբանն է: Անկարելի բան չկայ: Մենք մեր արիւնը կը տանք, բայց մեր հողից մէկ թիզ թշնամուն չենք տայ»: Սրբազան Հայրը կոչ ուղղեց ժողովրդին տէր կանգնել իր իրաւունքներին, իր ազգային աւանդոյթներին ու արժէքներին, որպէսզի ոչ ոք չկարողանայ նրան հեռացնել իր էութիւնից:

Վերջում հաղորդավարը ընթերցեց յոբելեանական հանդիսութեանը իրենց նիւթա-բարոյական աջակցութիւնը դրսեւորած բարերարների անւանացանկը եւ յանձնախմբի անունից գնահատեց՝ Աւետեան ընտանիքին, «Արամ» սուրճի տնօրէն՝ Էդւին Միրզայեանին, Կրօնական խորհրդին, «Արմէն» եւ «Միքայէլեան» մսամթերքների գործարաններին, Լինդա Ղարախանեանին, Բենօ եւ Անայիս Պետրոսեաններին, «Շոա Գաշթ» աւիաընկերութեանը եւ Անդրէ ու Ռաշէլ Գրիգորեաններին, Եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներին, Անետ եւ Իւետ Բալոշեաններին, Էդւին եւ Անի Սարգսեաններին, նաեւ օրւայ միջոցառման գեղարւեստական յայտագիրը իրականացնողներին եւ Հ.Մ.Ա.Կ-ին:

Յոբելեանական հանդիսութեան պաշտօնական բաժնի աւարտին ներկաները հիւրընկալւեցին «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում:

Լուրը՝ «Ալիք»-ից