ԱՍՏՒԱԾԱՇՆՉԱԿԱՆ ՍԵՐՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Թեհրանի Հայոց Թեմում շարունակւում են Աստւածաշնչական սերտողութեան դասընթացները՝

1) Դեկտեմբերի 19-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը, շարունակեց սուրբգրային սերտողութիւնը։ Օրւայ նիւթն էր «Հարիւրապետին ծառային բժշկութիւնը» (Մատթ. 8:5-13), որի մասին խօսելիս՝ Հայր Սուրբը կատարեց շատ կարեւոր նշումներ, որոնցից յիշում ենք հետեւեալները.-
ա) Նա որ աղաչեց Յիսուսին՝ հռոմէացի Հարիւրապետ էր։ Մարդիկ ինչ դիրքի վրայ էլ լինեն, երբ Տիրոջ առաջ են կանգնում՝ պէտք է աղաչանքով մօտենան նրան։
բ) Հարիւրապետը զինւորական մարդ եւ հեթանոս լինելով հանդերձ՝ հաւատացեալ էր։ Յիսուս բոլոր դասակարգերից եւ բոլոր կրօններից էլ հետեւորդներ պիտի ունենայ։
գ) Մարդիկ միշտ իրենց անձերի, զաւակների կամ բարեկամների բժշկութեան համար գալիս էին Յիսուսի, բայց հարիւրապետը իր ծառայի՛ բժշկութեան համար Յիսուսի մօտ եկաւ եւ աղաչեց նրան։ Հարիւրապետից սովորենք Յիսուսի դիմել եւ աղաչել, ոչ միայն մեր անձերի, զաւակների ու սիրելիների համար, այլեւ՝ ծառայ եւ գործաւոր եղող մարդկանց համար։
դ) Հարիւրապետը տեսաւ իր ծառայի տառապանքը եւ այն ներկայացրեց Յիսուսի։ Մենք եւս, միայն մեր ու մեր սիրելիների տառապանքը չտեսնենք, այլեւ՝ ուրիշների տառապանքը, մանաւանդ աշխատող դասակարգի մարդկանց տառապանքը, եւ նրանք ներկայացնենք Յիսուսի։
ե) «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան» (Մատթէոս 8.7)։ Երբ Յիսուս գայ՝ մեր կեանքերում բժշկութիւն կը լինի։ Հրաւիրե՞լ ենք Յիսուսը, որ գայ ու բնակի մեր սրտերի մէջ ու բժշկի դրանք։ Երբ Յիսուս գայ՝ կոտրած հոգիները կը բուժւեն, քէնցած սրտերը կը հաշտւեն, խզւած յարաբերութիւնները կը վերսկսեն, ատելութիւնը կը վերացւի եւ նրա փոխարից սէրը կը թագաւորի։
զ) «Տէ´ր, ես արժանի չեմ քեզ իմ յարկի տակ ընդունելու» (Մտ. 8.8)։ Նայեցէք հարիւրապետի խոնարհութեանը։ Չի ասում, թէ իր ծառան արժանի չէ, այլ ասում է, թէ ի՛նք արժանի չէ։ Նա խոստովանում է իր անարժանաւորութիւնը։ Երբ Տիրոջ առաջ ենք կանգնում՝ պէտք է խոստովանենք մեր անարժանաւորութիւնն ու ոչնչութիւնը։
է) Նա փոխանակ նախ յիշի, թէ իր ձեռքի տակ մարդիկ ունի, որոնք իր իշխանութեան ենթակայ են, նախ յիշում է, թէ ինք ուրիշի իշխանութեան ենթակայ է։ Երբ մտածում ենք մեր իշխանութեան ենթակայ մարդկանց մասին, պէտք չէ մոռանանք, որ մենք էլ Աստծու իշխանութեան ենթակայ ենք։

2) Դեկտեմբերի 20-ին, Սրբ. Թարգմանչաց եկեղեցում կատարւեց սերտողութիւն «Քանանացի կնոջ հաւատքը» (Մատթ. 15:21-28) հատւածի։ Կատարւած կարեւոր բազմաթիւ նշումներից յիշում ենք հետեւեալները.-
ա) Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը Յիսուսի գալուն նպատակը մի ուրիշ բան չէր եթէ ոչ հանդիպել այս Քանանացի կնոջ, գնահատել նրա հաւատքը եւ բժշկել նրա աղջիկը։ Միշտ Յիսուս ի՛նք էր, որ գնում էր կորած մարդկանց յետեւից եւ փրկում նրանց. «Մարդու Որդին եկաւ կորածը փնտրելու եւ փրկելու» (Ղուկաս 19:10)։ Եթէ ինք չփրկի մեզ՝ մենք չենք կարող փրկւել։
բ) Մայրը տեսնելով, որ իր աղջիկը սաստիկ կերպով տանջւում էր չար ոգիների կողմից՝ ինք էլ էր տանջւում։ Այսօր որքա՜ն զաւակներ կան, որոնք Սատանայի իշխանութեան ներքոյ են գտնւում, որոնց ծնողները սակայն անտարբեր են նրանց փրկութեան հանդէպ։
գ) Կինը իր աղջկայ փրկութեան մասին չհարցրեց, կամ նրա մեղքերի համար թողութիւն չխնդրեց, այլ միայն բժշկութիւն խնդրեց նրա համար։ Այսօր որքա՜ն մարդիկ կան, որոնք Տիրոջ դիմում են մի պարգեւ կամ մի օգնութիւն ձեռք ձգելու համար, եւ ո՛չ թէ որովհետեւ սիրում են Տիրոջը եւ ուզում են ժամանակ անցկացնել նրա հետ։
դ) Կինը առաջին անգամ հանդիպեց Յիսուսի եւ իր խնդրանքը ներկայացրեց նրան երբ նա գտնւում էր մի տան մէջ (Մարկոս 7:24-26)։ Այն ատեն Յիսուս առանց մի պատասխան տալու, թողնեց տունը ու դուրս ելաւ։ Կինը գնաց նրա յետեւից։ Երբ առաջին անգամ պատասխան չստացաւ՝ չյուսահատւեց։ Նա յարատեւող հոգի՛ ունէր։ Այստեղ երկրորդ անգամն է, որ Յիսուս չի պատասխանում իր խնդրանքին (Մատթէոս 15:23)։ Ի՞նչ ենք անում մենք երբ աղօթում ենք եւ շուտով պատասխան չենք ստանում։ Յուսահատւում եւ էլ չե՞նք աղօթում։ Աստըւած ուզում է յարատեւութեան հոգի՛ տեսնել մեր մօտ։ Յոյս ունեցող մարդը շարունակում է աղօթել նոյնիսկ երբ պատասխան չի ստանում։ Յոյս ունեցող մարդը յարատեւում է բախել երկնքի դուռը նոյնիսկ երբ թւում է, թէ բացող չկայ։
ե) «Ճիշտ չէ մանուկների ձեռքից հացն առնել եւ շներին գցել» (Մատթէոս 15:26)։ Յիսուս հրեաներին «մանուկներ» է կոչում, որովհետեւ նրանք մանուկներ էին, այլ խօսքով՝ տհասներ իրենց հաւատքում։ Հացը որի մասին է խօսում Յիսուս փըրկութեան պարգեւն է։ Յիսուս իր փրկութեան պարգեւը հա՛ց է կոչում, ցոյց տալու համար, որ նա իր պարգեւած փրկութեամբ կարող է կշտացնել անօթի հոգիները եւ լցնել դատարկ սիրտերը։
զ) Կինը փրկութեան այդ հացին համար չէր եկել, այլ պարզապէս բժշկութիւն ձեռք ձգելու համար։ Սա պատճառներից մին է, թէ ինչո՛ւ համար Յիսուս «շուն» բառը գործածում է։ Շունը երբ սոված է լինում՝ մօտենում է իր տիրոջ։ Իսկ մենք ի՞նչ բանի համար ենք աղօթում։ Լոկ նիւթական հացի՞ համար։ Ճիշտ չէ Աննիւթական Հացի առաջ կանգնել եւ միայն նիւթական հացի համար խնդրանք մատուցանել։
է) «Սեղան» բառը պէտք է մտածել տայ մեզ, թէ նրանք, որոնք Քրիստոսի դիմում են՝ կշտանում են Քրիստոսով։ Քրիստոս ինք է երկնքից իջած կեանքի Հացը (Յովհաննէս 6:35,48)։

3) Դեկտեմբերի 21-ին, Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց սերտողութիւնը «Բարի Սամարացու առակը» (Ղուկաս 10:30-37) հատւածի։ Հայր Սուրբը ասաց. «Առակում յիշւած մարդը ներկայացնում է ամբողջ մարդկութիւնը։ Երուսաղէմը խորհրդանշում է Աստծու ներկայութիւնը, իսկ Երիքովը՝ աշխարհի մեղքը։ Հեռանալ Երուսաղէմից եւ Երիքով իջնելը նշանակում է՝ հեռանալ Աստծուց եւ ընկնել մեղքի տիրապետութեան ներքոյ։ Աւազակները՝ Սատանան եւ նրա չար ոգիներն են։ Նրանց ձեռքը ընկնելը՝ նշանակում է նրանց իշխանութեան ներքոյ ընկնել։ «Կողոպտել եւ մերկացնել» բառերը պարզում են, թէ չար ոգիները կողոպտում ու մերկացնում են Աստծուց հեռացող մարդուն իր բոլոր առաքինութիւններից, մեղքի նետով վիրաւորում նրա հոգին ու կիսամեռ դարձնում։ Տէրը խօսում է վիրաւորին չօգնող մի քահանայի ու Ղեւտացիի մասին պարզելու համար, թէ քահանաները, քարոզիչներն ու հոգեւոր հովիւները չեն կարող փրկել մարդկանց. նրանք միայն միջոցներ են՝ մարդկանց փրկութեան առաջնորդող։ Առակում յիշւած Սամարացին «որ այդ տեղով էր անցնում», եւ որ տեսաւ վիրաւորին, եւ գթաց ու օգնեց նրան՝ Քրիստոս է։ Քրիստոս անցնում է բոլոր այն տեղերից՝ ուր մեղքով վիրաւորւած մարդիկ կան, տեսնում նրանց ու նրանց վէրքը եւ գթում ու օգնում նրանց։ «Տեսաւ», «գթաց» եւ «օգնեց» բառերը պարզում են, թէ Քրիստոս ունի տեսնող աչք, գթացող սիրտ եւ օգնող ձեռք։ Ձէթը խորհրդանշում է Սուրբ Հոգու Շնորհքը, իսկ գինին՝ Յիսուսի արիւնը: Յիսուս նախ իր ձէթն է տալիս, այսինքն՝ նախ իր Շնորհքն է յայտնում, եւ անկից յետոյ իր գինին է պարգեւում, այսինքն՝ իր արիւնով իրագործւած փրկութիւնը։ «Յաջորդ օրը, երբ մեկնելու էր պանդոկից, երկու դահեկան տւեց պանդոկի տիրոջը, եւ ասաց.- Խնամի՛ր նրան եւ ինչ ծախս որ անես նրա վրայ, միւս անգամ գալուս կը վճարեմ» (Ղուկաս 10:35)։ «Երբ մեկնելու էր պանդոկից» բառերը յուշում են մեզ Քրիստոսի մարմնաւոր բաժանումը եկեղեցուց։ Պանդոկի տէրը առաքեալներն ու նրանց յաջորդներն են, իսկ երկու արծաթ դահեկանները՝ Հին եւ Նոր Կտակարանները։ «Խնամի՛ր նրան»: Հովիւներ կոչւել են Աստծու խօսքով խնամել հաւատացեալներին։ «Ծախս անել»-ը՝ զոհողութիւն անել է նշանակում: Հոգեւոր հովիւը կոչւել է ամէն զոհողութիւն յանձն առնել իր հօտի փրկութեան համար: «Միւս անգամ գալուս կը վճարեմ»։ Տէրը խոստանում է իր երկրորդ գալուստին վարձատրել իր հօտին հոգ տանող հովիւներին։ Ինչո՞ւ համար Յիսուս «պանդոկ» բառն է գործածում եկեղեցու համար. ա) Պանդոկին մէջ միշտ արթուն մարդ է լինում. եկեղեցին պէտք է միշտ արթուն լինի եւ հսկի իր հօտի փրկութեան համար։ բ) Պանդոկին մէջ միշտ կերակուր է լինում. եկեղեցին պէտք է միշտ հոգեւոր սնունդ ջամբի իր հաւատացեալներին։ գ) Պանդոկ գնում են նրանք, որոնք տւեալ երկրում տուն չունեն. Յիսուս յիշեցնում է մեզ, թէ մենք այս երկրում պանդուխտ ենք, մնայուն տուն չունենք, եւ ուստի՝ մեր ուշադրութիւնը պէտք է կենտրոնացնենք երկնքի վրայ»։

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն Աստւածաշնչի սերտողութեան դասընթացներին, որոնք պիտի օգնեն մեզ լայն գիտութիւն ամբարելու Աստւածաշնչի եւ մեր եկեղեցու հաւատքին մասին եւ միաժամանակ օգնեն, որ աճենք մեր հաւատքի կեանքում։
Աստւածաշնչական սերտողութեան դասընթացները տեղի են ունենում հետեւեալ ժամանակացոյցով՝
- Երկուշաբթի, երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի:
- Երեքշաբթի երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցի:
- Չորեքշաբթի, առաւօտեան ժամը 10:00-ից 11:00-ը, Ս. Սարգիս եկեղեցի:

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ