ԻՍԼ. ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԻ 44-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՍՆԱՒՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՒԻՐՒԱԾ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի ծրագրերի շարանում, հինգշաբթի, փետրւարի 9-ին, Թեհրանի պահակազօրի «Մոհամմադ Ռասուլօլլահ» զօրամիաւորի նախաձեռնութեամբ՝ կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքների, պատերազմի տարիներում տուժածների ու ազատորդիների պատւին:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան պահակազօրի ներկայացուցիչները, իսկ Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ յեղափոխութեան յաղթանակի տարիներին եւ դրանից յետոյ, պարտադրեալ պատերազմի տարիներին կրօնական փոքրամասնութիւնների, եւ ի մասնաւորի՝ իրանահայ համայնքի անմնացորդ դերակատարութեան մասին, կարեւորելով համայն իրանցիների միասնականութիւնը:

Միջոցառմանը երգչախմբային կատարումներով ելոյթ ունեցաւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ համալսարանականների ընդհ. միութեան «Տաւիղ» համատեղ երգչախմբերը՝ Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ:

Ծրագրի ընթացքում իւրաքանչիւր կրօնական ու էթնիկ փոքրամասնութիւնից մի ներկայացուցիչ պատմում էր իր յուշերը պարտադրեալ պատերազմի կամ յեղափոխութեան յաղթանակի մասին, իրանահայ համայնքից արտայայտւեց պատերազմից տուժած եւ ժամանակին գերեվարւած Այւազ Խուդավերդեանը, իսկ նահատակների ընտանիքներից, որպէս ներկայացուցիչ գնահատւեց նահատակ Վարդան Աղախանեանի մայրը:

Միջոցառմանը իրանահայ համայնքից ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «ԱԼԻՔ» օրաթերթի, ազգային իշխանութեան, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ նահատակների ու անձնուրացների ընտանիքներ:

Գնահատագրերը յանձնւում էին նահանգապետի, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների եւ պահակազօրի ներկայացուցիչների ձեռամբ:

Լուրը՝ «Ալիք»-ից