Չորեքշաբթի, թւականիս մարտի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Մարմնամտային երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանին, փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանին եւ նկարչութեան ուսուցչուհի Հերմինէ Ղարաբէգլուին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու կենտրոնի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդէսի կազմակերպման եւ Սրբազան Հօրն հրաւիրելու բացման ծրագրին, որը տեղի կունենայ թւականիս մայիսի 11-ին, «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում:
Հանդիպումն առիթ եղաւ խօսելու «Ակունք» կենտրոնի ընդհանուր աշխատանքների վերաբերեալ:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց եւ գոհունակութեամբ անդրադարձաւ Կենտրոնի աշխատակազմի մարդասիրական ու դժւարին աշխատանքին, ինչը նպաստում է այն կարեւոր հանգամանքին, որ Կենտրոնի սաները իրենց կարողութեան սահմաններում առաջադիմելու հնարաւորութիւն ունենան:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ