Հինգշաբթի 2 մայիս 2024 թւականին, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան վարչութեան հովանաւորութեամբ կայացաւ «Ո՛չ մշակութային ջարդին» խորագրով շարանից երրորդ տարւայ նկարչութեան ցուցահանդէսը, Մանրանկարչութիւն-Կենաց ծառ թեմայով նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին։
Բացումը կատարւեց Տէրունական աղօթքով, ապա «Ն. Գիւլբենգեան» դպրոցի փոխտեսչուհի Լեռնիկ Նազարեանցը ողջունելով ներկաներին բացատրեց այս աշխատանքի անցած ուղին եւ նպատակը, շեշտելով. «Հարկաւոր է նոր սերնդին զինել գիտելիքներով ճիշտ ու ճշմարիտ աղբիւրներից, մեր պարտքն է որ անկոտրում կամքով եւ աննահանջ պայքարով պահպանել, ճանաչեցնել, խօսել եւ տարածել մեր նախնիների դարաւոր մշակութային արժէքները եւ պահպանման եզրեր գտնելով այն պաշտպանելու մշակութային ջարդից, նաեւ նոր սերունդի մէջ արթնացնել ու հասունացնել պահանջատիրական կամքի ցանկութիւնը»:
Օրւայ թեմայի մասին բացատրութիւն տւեց դպրոցի նկարչութեան ուսուցչուհի Ալենուշ Թորիկեանը, որը բաւական հետաքրքիր գիտելիքներ փոխանցեց ներկաներին Մանրանկարչութեան-Կենաց ծառի մասին ծագումը կարեւորութիւնը քրիստոնեայ եւ հայ մշակոյթում:
Գեղարւեստական բաժնում ՀԲԸՄ սկաուտները եւ «Մ. Մանուկեան» դպրոցի աշակերտուհիները դաշնամուրի կատարումներով, ասմունքներով եւ երգով հանդէս եկան, որից յետոյ մասնակից աշակերտները գնահատւեցին։
Տ. Առաքէլ աբեղայ Գատեհճեանը բարձր գնահատեց կատարւած աշխատանքը եւ թեմի բարեխնամ առաջնորդի պատգամը փոխանցեց ներկաներին։
Միջոցառման ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչը Հայրիկ Աղանեանը, ՀԲԸՄ-ն վարչութեան նախագահ Նժդեհ Մութաֆեանը, փոխնախագահ Վահէ Միրզաբէգեանը, վարչականներ եւ անդամներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած 109-րդ տարելիցը նշող Կենտրոնական յանձնախմբի նախագահ Արա Գալստեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, ազգային, կրօնական մարմինների, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչներ եւ արւեստագէտներ։
Լուրը՝ «Ալիք»-ից