Շաբաթ, թւականիս յուլիսի 27-ին, հայոց ազգային «Արաքս» դպրոց այցելեցին Հայաստանի Հանրապետութիւնից ժամանած, պարսկերէն թեքումով դպրոցների տնօրէններ եւ պարսկերէն լեզու դասաւանդող՝ ուսուցիչներ:
Նրանց ուղեկցում էր Իսլամական մշակոյթի եւ կապերի կազմակերպութեան պատասխանատուն։
Դպրոցում նրանց դիմաւորեցին արժանապատիւ Տ. Արիստակէս քհնյ. Շամիրեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետուհի Արմինէ Սէթխանեանը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը եւ խորհրդի անդամ՝ Ալենուշ Շահնազարեանը, «Արաքս» դպրոց տեսչուհի՝ Անի Մանուկեանը, դպրոցի 70 ամեակի յանձնախմբի նախագահ՝ Իռէն Աբնուսեանը, դպրոցի պաշտօնէութիւնն, ուսուցչական կազմը, ծնողական խորհրդի անդամները եւ աշակերտները:
Տէրունական աղօթքով, ԻԻՀ օրհներգով եւ դպրոցի աւանդական օրհներգով հիւրերի ընդունելութիւնը տեղի ունեցաւ դպրոցի հանդիսութիւնների դահլիճում:
Ողջոյնի եւ բարի գալստեան խօսքով հանդէս եկան «Արաքս» դպրոց տեսչուհին եւ Թեմական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչները եւ տեղեկութիւններ ներկայացրեցին Թեհրանի հայկական ուսումնական հաստատութիունների՝ մանկապարտէզների, դպրոցների, կրթութեան, աշակերտութեան եւ հայեցի դաստիարակութեան վերաբերեալ:
Ցուցադրւեց «Արաքս» դպրոցի մասին գեղեցիկ տեսաֆիլմ, որտեղ ներկայացւեց դպրոցում կատարւած աշխատանքներն, յաջողութիւններն ու ձերքբերումները: Ասմունքի եւ երգի կատարումներով հանդէս եկան դպրոցի աշակերտուհիները:
Հիւրասիրութեան ընթացքում հիւրերը ներկայացրեցին իրենց, եւ յատկապէս հայաստանեան, այն ուսումնական հաստատութիւններն, որոնց ներկայացնում էին:
Շնորհակալական խօսքով արտայայտւեց տեսչուհիներից մէկը, եւ ուսուցիչներից մէկն էլ հանդէս եկաւ երգի գեղեցիկ կատարումով:
Ողջունի եւ իր շնորհակալական խօսքը փոխանցեց Իսլամական մշակոյթի եւ կապերի կազմակերպութեան պատասխանատուն։
Եզրափակիչ խօսքը վերապահւած էր արժանապատիւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանին, որը բերել էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնանքի խօսքը՝ ուղղւած հիւրերին եւ ներկայ բոլոր անձանց: Արժանապատիւ քահանահայրը ողջունեց հիւրերի ներկայութիւնը դպրոցում, որի գնահատմամբ այս այցելութիւնը արդիւնաւէտ է ճանաչողութեան եւ փորձի փոխանակման տեսանկիւնից:
Այնուհտեւ դպրոցի տեսչուհու ուղղորդմամբ հիւրերը շրջեցին դպրոցի տարբեր դասարաններում, շփւելով աշակերտների հետ, եղան նաեւ դպրոցի գրադարանում, համակարգչային դասարանում, նկարչութեան, աշխատանքի ուսուցման, դասարաններում, տարալուծարանում եւ ...
Հիւրերը մեծ ոգեւորութեամբ դիտեցին դպրոցի70-ամեակի յանձնախմբի կողմից կազմակերպած ցուցահանդէսը, որտեղ ներկայացւած էր «Արաքս» դպրոցի 70 տարիների անցած ուղին:
Հայերէն դասաւանդող ուսուցիչները ծանօթացրեցին եւ ներկայացրեցին հայերէն առարկաների դասագրքերը:
Այսպիսով հիւրերը հաճելի տպաւորութիւններով եւ բարձր տրամադրութեամբ հեռացան դպրոցից, իրենց հետ տանելով «Արաքս»-ի մասին պատմող գիրքը, դպրոցի 70-ամեակի յուշանւէրը եւ իհարկէ անմոռաց յուշերի պատառիկներ:
Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Հանրային կապ