Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, կիրակի՝ 29 դեկտեմբեր 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Թեհրանի քաղաքապետի խորհրդական եւ կրօնական աշխատանքների կենտրոնի պատասխանատու (مشاور شهردار تهران و رئیس مرکز فعالیت های دینی) Հոջաթ. Ալիրէզա Շիրզադը, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ Սէյեդ Մորթէզա Ռոհանին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:
Ազգ. Առաջնորդարանի դահլիճում պատւիրակութեանը դիմաւորեցին Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:
Հանդիպման սկզբին, Հայր Սուրբը Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ողջոյնի խօսքերը փոխանցելով, շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան ու շնորհաւորանքների համար: Նա իր արտայայտութիւններում կարեւորութեամբ ընդգծեց, որ Իրանի Իսլ. Հ. ներկայացուցիչները վերջին օրերին կրկին ապացուցեցին, որ յատուկ ուշադրութիւն եւ սէր ունեն Իրանի քրիստոնեայ քաղաքացիների հանդէպ: Նա յաւելեց, որ Իրանի հայ համայնքը՝ պարսիկ հայրենակիցների հետ եղբայրական եւ բարեկամական կապն ընդմիշտ պահպանել եւ երկրի բարգաւաճման ու զարգացման համար՝ տարբեր բնագաւառներում մեծ ներդրում եւ գործօն դերակատարութիւն է ունեցել:
Հանդիպման ընթացքում երախտագիտութեամբ անդրադարձ կատարւեց Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ալիռեզա Զաքանիի կողմից հայ համայնքի հանդէպ ցուցաբերւած ուշադրութեանը եւ հայահոծ տարբեր քաղաքամասերում իրականացւած աշխատանքներին:
Հոջաթ. Ալիրէզա Շիրզադը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքի խօսքեր փոխանցելով, շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար: Նա իր արտայայտութիւնների ընթացքում խօսեց Իրանում քրիստոնեայ-իսլամ համակեցութեան մասին եւ արժեւորեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած, գերեւարւած եւ վիրաւորւած հայ նահատակներին եւ նրանց ընտանիքներին:
Քաղաքապետ՝ Սէյեդ Մորթէզա Ռոհանին նաեւ իր հերթին շնորհաւորանքի խօսքն ուղղեց իրանահայութեան եւ յատկապէս թեհրանահայ համայնքին եւ պատրաստակամութիւն յայտնեց համագործակցութիւնները շարունակելու համար:
Սոյն հանդիպման ներկայ էր նաեւ նահատակ Անուշաւան Այւազեանի կին՝ տկն. Նինա Յարութիւնեանը, ով գնահատւեց եւ նրան յուշանւէր յանձնւեց ՝ առ ի երախտագիտութիւն:
Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը:
Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ