Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՀՍԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ամէն տարի Առաջաւորաց Պահքին յաջորդող շաբաթ օրը յիշատակւում է Ս. Սարգիս Զօրավարի տօնը։ Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին եւ պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։

Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ, Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ուրբաթ թւականիս փետրւարի 14-ի երեկոյեան ժամը 6։00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, որի աւարտին տեղի ունեցաւ «Աղի եւ Աղեբլիթի օրհնութիւն», իսկ շաբաթ, փետրւարի 15-ին, տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում, որտեղ պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը։

Հայ Սուրբն իր քարոզի սկզբում անդրադարձ ունեցաւ Եփեսացիներին ուղղած Պօղոս առաքեալի նամակի 6-րդ գլխին, որտեղ հաւատացեալներին յորդորում է զօրանալ Տիրոջով, նրա սպառազինութիւնը հագնել եւ քաջութեամբ տանել հոգու պատերազմը ընդդէմ չարին: Իսկ վերջում ասում է.- «Առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու հոգու սուսերը, որ է Աստծու խօսքը» (Եփ 6. 16-17):

Հայր Սուրբը նշեց.-«Պատահական չէ, որ մեր եկեղեցու հայրերը Ս. Սարգսի տօնի օրը աստւածաշնչական այս հատւածն են նշել, որովհետեւ Ս. Սարգիսը այն սուրբն է, ով իր կեանքը ապրեց առաքեալի այս խօսքերով: Նա զօրացաւ Տիրոջով, Աստծու սպառազինութիւնը իր վրայ առաւ եւ իր հաւատի վահանով ու հոգու սուսերով պատերազմեց չարի եւ նրա գործակիցների դէմ: Ս. Սարգիսն Աստծու նկատմամբ ունեցած իր զօրաւոր, անսասան եւ հաստատ հաւատով, զարդարեց, գեղեցկացրեց եւ լուսաւորեց իր կեանքը: Նա իր զօրաւոր հաւատով կարողացաւ շատերին դարձի բերել: Նրա միջոցով կարողացաւ Աստծու խօսքը քարոզել, եկեղեցիներ կառուցել եւ բարեգործութիւններ կատարել»: Նա շարունակեց.-«Այսօր Ս. Սարգիսը իր տօնի ընդմէջէն գալիս է մեզանից իւրաքանչիւրին ասելու.- «Աստծու հանդէպ զօրաւոր հաւատ ունեցէ՛ք: Հաւատացէք նրա ամենակարողութեան, ամենակալութեան, ամենատեսութեան, ամենասրբութեան եւ ամենազօրութեան: Ձեր կեանքը ապրէք Աստծո՛ւ սիրով, Տիրո՛ջ յուսալով եւ նրան հաւատալով: Վստահէք Աստծու օգնութեան, հաւատարմութեան, մեծութեան եւ միջամտութեան: Ձեր մէջից կասկածը եւ թերահաւատութիւնը դուրս գցէք եւ նրա փոխարէն հագէք Տիրոջ սպառազինութիւնը, փրկութեան սաղաւարտը, հոգու սուսերը եւ հաւատի վահանը»»:

Հայր Սուրբն իր քարոզի աւարտին, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, շնորհակալութիւն եւ գնահատանք յայտնեց եկեղեցու բարերարներին, Սարգսեան գերդաստանի արժանաւոր զաւակներին, որոնք 52 տարիներ առաջ Աստծու կողմից իրենց տրւած նիւթական եւ հոգեւոր ժառանգութիւնը ընծայաբերեցին, որպէսզի մեր ազգը ունենայ այսպիսի փառահեղ եւ շքեղ եկեղեցի: Շնորհակալութիւն ու երախտագիտութիւն յայտնեց Ս. Սարգիս եկեղեցու երկարամեայ հոգեւոր հովիւին՝ Տէր Վարազդատին, որ այժմ Տիրոջ ձեռներին մէջ խաղաղութեամբ ննջում է: Շնորհակալութիւն ու երախտագիտութիւն յայտնեց եկեղեցու ներկայ հոգեւոր հովիւներին՝ Տէր Սահակին եւ Տէր Արիստակէսին, Ս. Խորանին սպասարկող նախկին թէ ներկայ սարկաւագներին, կիսասարկաւագներին եւ դպիրներին, անցեալի թէ ներկայի դպրաց երգեցիկ դասերին եւ եկեղեցական խորհուրդներին, որոնք իրենց հաւատով, գործով ու սիրով միշտ պայծառ պահեցին ու տակաւին պահում են Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին:

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերարների ու յարակից հանգուցեալ բարեկամների համար եւ հարիսայի օրհնութիւն, որից յետոյ օրհնւած հարիսան ի խնդիր հիւանդութիւնների բժշկութեան եւ մեղքրի թողութեան եւ օրհնութեան բաժանւեց ուխտաւոր հաւատացեալներին։

Արարողութեանը ներկայ էին Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրնյք. Հայրիկ Աղանեանը եւ Մհեր Օհանեանը, ազգ. մարմինների եւ եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, քահանայից դասը եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Կրօնական արարողութեան աւարտին Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր ընդունելութիւն ազգային առաջնորդարանի դահլիճում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ