Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲՈՑ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ, ՅԻՇԱՏԱԿ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ԵՒ ՄՏԱՆԵԼՈՅՆ Ի ՎԻՐԱՊ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Շաբաթ, 5 ապրիլ 2025 թւականին, Սրբոյ Հօրն մերոյ Գրիգոր Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապ տօնն էր: Այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայոց եկեղեցին յիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակին նախորդող շաբաթ օրը: Այդ իսկ առիթով, նոյն օրը Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր Ս. Պատարագ, որին պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Հայր Սուրբն իր քարոզի սկզբին, ակնարկ նետելով Մովսէս Խորենացի շարականագիր հայրապետի «Խոստովանող եւ ճշմարիտ վկայ ու բազմաչարչար նահատակ Տէր Գրիգորիոս, քո մարմնի վրայ կրեցիր պակասը Տիրոջ չարչարանքների, որով ցնծում է եկեղեցին Աստծու փառքի համար» շարականի բաժնին յայտնեց.-«Մովսէս Խորենացի շարականագիր հայրապետը այս կարճ սակայն խորիմաստ բառերով է նկարագրում Ս. Գրիգոր Լուսաւորչի խոստովանութիւնը, Քրիստոսի մասին կատարած վկայութիւնը, նրա կրած անտանելի, բազմաթիւ ու բազմազան չարչարանքները եւ Խոր Վիրապ մուտքը»:

Հայր Սուրբը նշեց.-«Ս. Գրիգոր Լուսաւորիչը մեր ժողովրդի պատմութեան որոշադրիչ ու կերտիչ դէմքերից է, որի միջոցով Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը ապրեցին իրենց պատմութեան մեծագոյն եւ հիմնական կերպարանափոխումը: Ս. Գրիգոր Լուսաւորչի միջոցով Հայաստանը դարձաւ Քրիստոնէութիւնը ընդունող առաջին պետութիւնը: Ս. Գրիգոր Լուսաւորչի միջոցով Հայաստանն ու Հայը քրիստոնէացան, Քրիստոսի բնակավայր դարձան, Քրիստոսի մասին քարոզող, վկայող եւ խոստովանող դարձան: Ս. Գրիգոր Լուսաւորչի միջոցով հայ ու քրիստոնեայ բառերը դարձան հոմանիշ եւ նոյնիմաստ բառեր. կարելի չէ հայ բառը անջատել քրիստոնեայ բառից եւ ոչ էլ քրիստոնեայ բառն անջատել հայ բառից: Այդ իսկ պատճառով, մեր պատմիչներից Եղիշէ պատմիչը ասում է.- «Քրիստոնէական հաւատքը դարձաւ հայ ժողովրդի մորթի կամ կաշիի գոյնը»»: Նա շարունակեց.-«Հայ եկեղեցու մաղթանքների, աղօթքների, շարականների եւ պատմութեան գրքերի մէջ Ս. Գրիգոր Լուսաւորիչը կոչւել է «Լուսեղէն սիւն», «Մեծ խոստովանողն Քրիստոսի», «Հայոց աշխարհի երկրորդ լուսաւորիչ», «Ճշմարիտ վկայ», «Ընտիր անօթ Քրիստոսի», «Բազմաչարչար Հայրապետ», «Բազմաչարչար նահատակ», «Հաւատքի ախոյեան» եւ տակաւին անունների շարքը երկրարում է: Սակայն այս անուններից ամենագլխաւորը, ամենահիմնականը եւ ամենակարեւորը «Հաւատքի հայր» եւ «Հայ Առաքելական Ս. եկեղեցու հայր» կոչումներն են»:

Հայր Սուրբը նշեց.-«Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի Խոր Վիրապ մուտքի տօնը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան վշտակիր հայրապետին՝ Երանաշնորհ ու երջանկայիշատակ Տ. Տ. Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսի տնօրինումով, հռչակւել է իբրեւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դարաւոր աթոռի, միաբանութեան ու ժողովրդի ուխտի օր»: Այսօր նաեւ Թեհրանի Հայոց Թեմի եւ թեհրանահայութեան ուխտի օրն է, որովհետեւ մենք իբրեւ Կիլիկեան թեմ, միշտ հետեւում ենք Անթիլիասին: Ուխտի օրւայ առիթով, իբրեւ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու եւ Կիլիկեան աթոռի զաւակներ, վերանորոգենք մեր ուխտը, խոստանալով հաւատարիմ մնալ մեր արմատներին, Ս. Գրիգոր Լուսաւորչի թողած կտակին, Քրիստոնէական մեր կրօնին, մեր ազգային ինքնութեան, աւանդութիւններին, սովորութիւններին ու բարքերին»:

Հայր Սուրբն իր քարոզի աւարտին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, շնորհաւորեց եւ շնորհակալութիւն ու երախտագիտութիւն յայտնեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու երեք հոգեւոր հովիւներին՝ Արժ. Տ. Գուրգէն Քհնյ. Ներսիսեանին, Արժ. Տ. Մեսրոպ Քհնյ. Ռաթէւոսեանին, Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսիսեանին, Ս. Խորանին սպասարկող Սարկաւագներին, կիսասարկաւագներին, դպիրներին, երգեցիկ խմբին եւ եկեղեցական խորհուրդին եւ մանաւանդ Զէյթուն քաղաքամասին սիրելի եւ հաւատացեալ ժողովրդին, որոնք իրենց հաւատով, գործով ու սիրով միշտ պայծառ պահեցին ու տակաւին պահում են Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:

Յետ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Կրօնական արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Հայրիկ Աղանեանը եւ պրն. Արթին Շահբազեանը, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Յաւարտ կրօնական արարողութեան եկեղեցու սրահում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ