Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցին նւիրւած աշակերտական ցուցահանդէս

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչմանը նւիրւած, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ հինգշաբթի, ապրիլի 10-ին տեղի ունեցաւ տարրական օղակի հայոց դպրոցների աշակերտ-աշակերտուհիների ձեռքի աշխատանքների միասնական երկօրեայ ցուցահանդէսը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում:

Ցուցահանդէս որտեղ տեղադրւած աշխատանքները ապացուցում էին հայ նոր սերնդի անկոտռուն կամքը, իր ժողովրդի արդար դատը եւ տեսլականը իրականացնելու առումով: Աշխատանքների մէջ կարելի էր տեսնել Արցախի շղթայւած մամիկ-պապիկին, մինչեւ նրանց վերստին շղթայազերծումը:

Տէրունական աղօթքով մեկնարկած ցուցահանդէսի բացման խօսքով Դաստիարակչական յանձնախմբի անունից հանդէս եկաւ Ադրինէ Դաւթեանը: Իր ելոյթի ընթացքում նա անդրադառնալով ցուցահանդէսի կազմակերպման նպատակների մասին ընդգծեց. «Հայոց Ցեղասպանութիւնը մի անմոռանալի եւ անժխտելի իրողութիւն է, որը դրոշմւած է մեր բոլորի սրտերում եւ մենք ենք ժառանգորդները մեր միլիոնաւոր Սրբադասւած Նահատակների՝ որոնց յիշատակը պիտի վառ պահենք ու պահպանենք:

Այս ցուցահանդէսը պատկերում է մեր ժողովրդի ցաւն ու պայքարը եւ տոկունութիւնը յանուն վերածննդի, նաեւ բարձր մշակոյթը, որը ոչ մի պայմաններում չի կորցրել ու չի կորցնելու իր ինքնութիւնը»:

Իր ելոյթի այլ բաժնում նա այսպէս ասաց. «Իւրաքանչիւր դպրոցի փոխանցւել է իւրայատուկ նիւթ, որպէսզի մեր աշակերտները ծանօթանան մեր պատմութեանը, Ցեղասպանութիւնից յետոյ վերականգնւած ժողովրդի պայքարին եւ տոգորւեն հայրենիք-սփիւռք-Արցախ միասնական հայկական աշխարհի գաղափարով:

Ցուցահանդէսին ձեզ կը ներկայացնենք հետեւեալ նիւթերը.
1- Հայ ժողովրդի ծառը՝ «Ն. Գիւլբենգեան» տղայոց դպրոց
2- Այն քաղաքների ու վայրերի քարտէզը, որտեղ իրականացել է Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի բռնագաղթը, նաեւ դէպքերից տեղեկութիւններ՝ «Մարիամ» հաստատութիւն աղջկանց
3- Հայոց Ցեղասպանութեան ժամանակ կատարւած ինքնապաշտպանութիւններ՝ «Մարիամ» հաստատութիւն տղայոց
4- Ծիծեռնակաբերդի զանազան բաժինները բացատրութեամբ՝ «Արաքս» աղջկանց դպրոց
5- Միացեալ Հայաստանի քարտէզը եւ քաղաքներից տեղեկութիւններ՝ «Արարատ» աղջկանց դպրոց
6- Հայոց Ցեղասպանութիւնը ոգեկոչող յուշարձանները՝ «Նայիրի» տղայոց դպրոց
7- Հայոց Ցեղասպաութիւնն ընդունած երկրների պատկերը՝ «Թունեան» աղջկանց դպրոց
8- Արցախի ազատագրական պայքարը եւ յուշակոթողները՝ «Շանթ» տղայոց դպրոց»:

Ապա հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Թ.Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը: Իր ելոյթում նա ընդգծեց. «Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահաատակների յիշատակը նշում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր հայրենիքը գտնւում է գոյաբանական նոր սպառնալիքների եւ անվտանգային լրջագոյն հիմնախնդիրների դէմ-յանդիման:
Հայրենի Արցախը հայաթափւեց եւ ներկայիս մտահոգիչ ու ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում:
Հայաստանի ամէն մի կտոր հողը պաշտպանելու եւ մեր իրաւունքները վերականգնելու համար ստիպւած ենք չյուսահատւել եւ միասնական ուժերով անկոտրուն պայքար մղել վերականգնելու պատմական արդարութիւնը»:
Նա նշեց. «Բնական է, որ պայքարի դրօշը կրողը եւ շարունակողը պիտի լինի մեր երիտասարդ եւ պատանի սերունդը եւ որպէսզի դրօշակիրը ընտրի եւ քայլի պայքարի անշեղ ճանապարհով, պէտք է օժտւած լինի՝
– Ժամանակակից գիտելիքներով,
– Լինի լաւատեղեակ իր ժողովրդի պատմութեանը եւ Մշակութային ժառանգութեանը:
Այս ամէնից ելնելով անհրաժեշտ է դաստիարակել վերը նշւած արժանիքներով օժտւած երիտասարդ-պատանիներ, սակայն ներկայ համաշխարհայինացման հզօր հոսանքի անկայունութեամբ եւ սփիւռքեան պայմաններում դա բաւականին դժւար եւ սպառիչ աշխատանք է, որը պահանջում է ամենօրեայ աշխատանք, ուժերի լարում եւ շատ խիստ նիւթական միջոցների եւ հնարաւորութիւնների յատկացում»:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը: Իր ելոյթի ընթացքում հայր սուրբը անդրադառնալով ցուցահանդէսի կայացմանը ընդգծեց. «Մենք այսօր այստեղ չենք հաւաքւած, որպէսզի միայն ականատեսը ըլլանք աշակերտական պարզ ցուցահանդէսի: Այսօր այստեղ չենք հաւաքւած, որպէսզի միայն ականատեսը ըլլանք Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած ցուցահանդէսի, ոչ ալ հաւաքւած ենք միայն արւեստի բնոյթի հետ կապ ունեցող ցուցահանդէս մը տեսնենք: Այլ մենք այստեղ գտնւող իւրաքանչիւր գործին եւ իւրաքանչիւր աշխատանքին մէջ կը տեսնենք մեր աշակերտներուն հոգին եւ ներաշխարհը: Այն հոգին, որ լեցուն է հայութեամբ, այն հոգին որ լեցուն է հայոց պատմութեամբ, այն հոգին, որ լեցուն է հայկական արժէքներով, լեցուն է աւանդութիւններով, ակունքով եւ արմատով, այն հոգին որ լեցուն է հայրենասիրութեամբ ու ազգասիրութեամբ: Այս բոլորը մենք պարք ենք մեր ծնողներուն, տեսուչներուն, ուսուցիչներուն, կրթական յանձնախումբին որոնք թէ՛ տուներուն, եւ թէ՛ դպրոցներուն մէջ մեր աշակերտներին կը փոխանցեն հայեցի եւ ազգային դաստիարակութիւն եւ պէտք է խորնարհւիլ անոնց առջեւ»:
Հայր Սուրբը իր ելոյթի ընթացքում խորապէս գնահատելով կազմակերպւած ցուցահանդէսը, ընդգծեց քանի դեռ ունենք նման գիտակից սերունդ ու այս սերունդին դաստիարակողներ, չի ուրացւելու անցեալը, այլ միշտ յիշելու ենք անցեալը եւ շարունակելու ենք մեր պահանջատիրութիւնը, պիտի հետապնդենք մեր Դատը եւ պիտի կերտնենք լուսաւոր ապագայ: Հայր Սուրբը նշեց. «Ես վստահեմ որ այս պահուն Հայոց Ցեղասպանութեանը զոհ գացած մեր աւելի քան մէկուկէս միլիոն նահատակ սուրբերը երկինքէն գոհունակութեամբ կընայեն մեզի, կօրհնեն մեզի, կաղօթեն իւրաքանչիւրիս համար եւ կըբարեխօսեն Աստծու մօտ: Մեր Հայոց Հայրապետը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ինքը եւս գոհունակութեամբ կը հետեւի Թեհրանի հայոց թեմի մեր բոլոր աշխատանքներին եւ ուրախ էր վեհափառը երբ իրեն փոխանցեցի, որ ցուցահանդէս ենք ունենալու, թէ՛ Ձեր հռչակագրին անսալով, եւ թէ՛ մեր պատմութեան գիտակցութեամբ, եւ վեհափառ հայրապետը ուրախ էր, որ մենք իբրեւ թեհրանահայութիւն, բոլորս ունինք այդ գիտակացութիւնը եւ տէր ու պաշտպան ենք մեր պատմութեանը եւ աւանդութիւններուն»:

Բացման հանդիսութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը եւ ատենադպիրներ՝ Արփի Ալավերդեանը եւ Արտոյտ Զոհրաբեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թ.Հ.Թ. Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը ոգեկոչող Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Քլարա Աղախանեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի ներքին տնօրէն Արգիշտի Թովմասեանը, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամներ, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, դպրոցների տեսուչ-տեսչուհիներ, փոխտեսուչ-փոխտեսչուհիներ, ուսուցիչ-ուսուցչուհիներ, ծնողական խորհրդի անդամներ, աշակերտ-աշակերտուհիներ եւ ծնողներ:

Ցուցահանդէսի աշխատանքները ներկայացնում էին հայ ժողովրդի վերիվայրումներով լի անցեալը եւ հանդիսատեսի մօտ արթնացնում պահանջատիրութեան ու պայքարի ոգին, որին աւելի շունչ էր փոխանցում դահլիճում սփռւող ազգային-յեղափոխական երգերի ու երաժշտութիւնների շարանը:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ