2025 թւականի մայիսի 1-ին եւ 2-ին «Թունեան-Թովմասեան» եւ «Ն. Գիւլբենգեան» դպրոցներում տեղի ունեցաւ Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի կազմակերպած աշակերտական երկօրեայ մարզական փառատօնը, որը նւիրւած էր Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչմանը:
Փառատօնի բացմանը ներկայ էին Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի Կենտրոնական յանձնախմբի անդամներ, Կրթական խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, ԿԽ անդամներ՝ Սաքօ Ազիզեանը եւ Մարիա Ղազարեանը, փոխտեսուչներ, ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ:
Կրթական խորհրդի խօսքը փոխանցեց խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը: Նա իր խօսքում անդրադարձաւ խորհրդի կատարած այն աշխատանքներին եւ միջոցառումներին որոնք նւիրւել են Հայոց ցեղասպանութեան յիշատակմանը: Նաեւ մատնանշեց, որ Մարզական յանձնախումբը երկար դադարից յետոյ հետաքրքիր առաջարկով հանդէս եկաւ՝ կազմակերպել մարզական փառատօն, որտեղ առիթ կընձեռնւի եւս մէկ անգամ բարձրաձայնելու Հայոց ցեղասպանութեան մասին:
Նա աւելացրեց նաեւ, որ երկօրեայ փառատօնը նպատակ ունէր ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ աշակերտները ուրախ եւ աշխուժ մթնոլորտում կատարեն մարզական շարժումներ՝ հեռու մրցակցային հոգեբանական ճնշումներից:
Նաեւ յոյս յայտնեց, որ նմանատիպ միջոցառումնները հետագայում կը կրեն շարունակական բնոյթ:
Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանն էլ իր հերթին ողջունեց ներկաներին եւ Մարզական յանձնախմբի աշխատանքը, շեշտելով, որ մարզանքի եւ Ցեղասպանութեան թեմաների համադրումը իսկապէս կարող է տալ հետաքրքիր ու խորքային արդիւնք։ Մարզանքի թեմայով մօտեցումը կարող է շատ աւելի մատչելի ու հասանելի լինել աշակերտների համար, քանի որ այն կապւում է նրանց հետաքրքրութիւնների հետ։
Մարզական յանձնախմբի խօսքն ընթերեց Նարինէ Ղարիբեանը: Նա իր խօքում նշեց. «Մեծ եղեռնին նւիրւած այսպիսի մարզական ծրագրերի անկացումը, ոչ միայն առիթ է կրկին անգամ յիշելու եւ տէր կանգնելու մեր պահանջատիրութեանը, այլ նաեւ նպաստում է աշակերտների մարզական խմբակներում ընդգրկւելուն եւ նրանց առողջ ապրելակերպի արմատաւորմանը, անդրադարձաւ Օսմանեան կայսրութիւնում դարասկզբին ցեղասպանութեանը զոհ գնացած մարզիկներին, որոնց մէջ կային նաեւ օլիմպիական խաղերի մեդալակիրներ»:
Փառատօնի օրակարգում մարզաձեւերից ընդգրկւած էին տարբեր մարմնամարզական վարժութիւններ:
Մարզումներն անցկացւեցին տասնմէկ խմբերի հետ, որոնցում ընդգրկւել էին Թեհրանի հայկական դպրոցների տարրական եւ միջնակարգ օղակներից շուրջ երեք հարիւր աշակերտներ:
Աշակերտութեան միջոցով ցուցադրւեց ցեղասպանութեան տարբերանշանը լոգոն եւ երգեցին «Սարդրապատ» երգը, որը մեր ազգային հերոսամարտի, հպարտութեան եւ ազգապահպանման խորհրդանիշներից մէկն է։
Մայիսի 2-ին «Ն. Գիւլբենգեան» դպրոցում մեծ ոգեւորութեամբ անցկացւեց շախմատի եւ սեղանի թենիսի խաղեր:
Փառատօնի աւարտին նախատեսւել էր համեստ հիւրասիրութիւն:
Կրթական խորհուրդը շնորհակալութիւն է յայտնում «Թունեան-Թովմասեան» եւ «Ն. Գիւլբենգեան» դպրոցների տնօրինութեանը, ծնողական խորհրդի անդամներին, փոխտեսուչներին, ուսուցիչներին, բժիշկ՝ Հրաչ Խաչատրեանին, բուժքոյր՝ Ժասմէն Իսկանդարեանին, մասնակից աշակերտներին, ծնողներին եւ օժանդակ անձանց:
Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ